National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.09.2008
Հանդիպում եվրոպացի լրագրողների հետ

Սեպտեմբերի 4-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը հանդիպեց Եվրամիության 15 անդամ երկրների հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Եվրոպական լրագրության կենտրոնը Եվրոպական հանձնաժողովի պատվերով իրականացնում է տեղեկատվական բրիֆինգների շարք ԵՄ լրագրողների համար, որոնց առանձին խմբեր այցելում են ԵՄ հարեւան պետություններ եւ լուսաբանում այդ երկրներում ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, այդ երկրների տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացումները: 

Հանդիպման սկզբում պարոն Ադոնցը ներկայացրեց  Ազգային ժողովի կազմը, կառուցվածքը, իր ղեկավարած հանձնաժողովի  գործունեությունը, այնուհետեւ պատասխանեց եվրոպացի լրագրողների հարցերին:

Սլովենիայի հեռուստատեսությունը ներկայացնող Հելենա Միլինկովիչին հետաքրքրում էր դատական համակարգի  բարեփոխումների ընթացքը Հայաստանում: Պարոն Ադոնցի խոսքով` անցյալ տարի դատական  առաջին սերնդի բարեփոխումները ավարտվել են, որն ապահովում է իրավական համակարգի անկախությունը: Դատական համակարգի բարեփոխումները ԵԽ պարտավորությունների շրջանակում են  եւ Հայաստանը այս ոլորտում ակտիվ համագործակցում է ԵԽ հետ, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի:  Իրագործման փուլում են երկրորդ սերնդի բարեփոխումները, ուր մեծ տեղ ունեն  նաեւ դատական համակարգի բարեփոխումները:  Մեծ աշխատանք  է տարվում օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Պարոն Ադոնցը նշեց, որ եվրաինտեգրումը մեր արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ Հայաստանը շահագրգիռ է ավելի զարգացնել փոխգործակցությունը եվրոպական կառույցների հետ:

Իսպանացի լրագրող Մարիա-Ալբա Ջիլբերտ Գրաուի հարցին, արդյո՞ք խորհրդարանական բոլոր խմբակցություններն են համաձայն, որ Հայաստանը չեզոք դիրք զբաղեցնի Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում,  պարոն Ադոնցը պատասխանեց, որ իր կարծիքով բոլոր խմբակցությունները ընդհանուր առմամբ  համաձայն են  Հայաստանի չեզոք դիրք գրավելուն:

Գերմանացի լրագրող Բարբարա Գրուբերին հետաքրքրում էր, թե ինչ է սպասվում Թուրքիայի նախագահ Գյուլի այցից: Պարոն Ադոնցը ողջունեց Աբդուլա Գյուլի այցը: Առաջին անգամ է, որ Թուրքիայի նախագահը այցելում է Հայաստան: Նա հույս հայտնեց, որ այցը անկեղծ երկխոսության սկիզբ կդնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այն զրոյական օրակարգը, որ գոյություն ունի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, չի համապատասխանում 21-րդ դարի տրամաբանությանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսություն սկսել առանց նախապայմանների: Թուրքիան ուներ  երկու հիմնական նախապայման` ցեղասպանությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը: Նրա կարծիքով եկել է այն պահը, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են երկխոսել առանց երրորդ կողմի միջնորդության:  Այնուամենայնիվ, նշեց պարոն Ադոնցը, յուլի այցը տեղի է ունենալու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, Հայաստան-Թուրքիա փակ սահմանների  եւ  Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական զրոյական հարաբերությունների պայմաններում:

Հարավային Օսեթիայի զարգացումներից հետո Թուրքիան հանդես եկավ «Կովկասյան տուն» նախաձեռնությամբ. այն ենթադրում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը: Հայաստանը աջակցում եւ կողմ է տարածաշրջանային ցանկացած նախաձեռնության, որը  կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը եւ կխթանի փոխգործակցությունը: Պարոն Ադոնցի կարծիքով`  ձեւաչափի վերաբերյալ կլինեն քննարկումներ: Առանց Իրանի մասնակցության դժվար է պատկերացնել  նախաձեռնության արդյունավետությունը:

Չեխ լրագրող Լյուբոս Պալատան հարցրեց` Հայաստանը պատրաստվու՞մ է ճանաչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան հարցին` պարոն Ադոնցը նշեց, որ Հայաստանը նույնիսկ չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, եւ այս պայմաններում Հարավային  Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելը ոչ մի տրամաբանություն չունի:

Հանդիպման ընթացքում հարցեր հնչեցին նաեւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության,   ղարաբաղյան խնդրի կարգավորման  վերաբերյալ: Պարոն Ադոնցի խոսքով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է, բայց Հայաստանի քաղաքական օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չկա: Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին  եւ գտնվում է անվտանգության այդ հարթությունում: Հայաստանը փորձում է համատեղել ակտիվ փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը  անդամակցությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, պարոն Ադոնցը նշեց, որ  ի տարբերություն Հարավային Օսեթիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի`  Ղարաբաղի հիմնախնդիրը ունիկալ է, տարբերվում է  թե իր էությամբ,  թե կարգավորման  տեխնիկայով: Ղարաբաղյան հակամարտությունը փորձ է արվում կարգավորել համագործակցության միջոցով: Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համագործակցում են` օգնելու կարգավորելու հիմնախնդիրը: Սա է էական տարբերությունը այն գործընթացների, որոնք եղել են մյուս հակամարտությունների կարգավորման ժամանակ:  Տեղի է ունենում ինքնորոշման իրավունքի իրագործման դասական տարբերակ: Զարգացումները Հարավային Օսեթիայում  ցույց տվեցին,  որ հակամարտությունների  ռազմական ճանապարհով կարգավորումը անընդունելի է եւ խաղաղ լուծմանը այլընտրանք չկա:


04.09.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 4-ին Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ` տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան կառավարության ներկայացրած երկու օրենսդրական նախաձեռնություններ: Տարածքային կառավարման նախարարությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am