National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.06.2008
Առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով

Հունիսի 10-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատգամավորների քննարկմանը երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացրեց իր հեղինակած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը. «Ձեզ բաժանված է նախագիծը, եւ հեշտ է նկատել, որ փոփոխություններ են արված 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածներում: Մեր գործընկերները ներկայացրել էին մի շարք առաջարկություններ (պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները): Իսկզբանե ասեմ, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկությունները մերժվել են այն պատճառով, որ սկզբունքորեն անհամատեղելի են ներկայացված նախագծի գաղափարի հետ: Սա, իհարկե անակնկալ չէր. իրենք առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել էին, որ իրենց մոտեցումը բոլորովին այլ է, այնպես որ մանրամասն անդրադառնալ այդ առաջարկներին անհրաժեշտություն չկա: Փորձեմ անդրադառնալ այն փոփոխություններին, որոնք  ստացել են հեղինակի դրական կարծիքը: Պարոն Մինասյանն առաջարկում էր «հատուկ միջոցառում» բառերի միջեւ տեղադրել «հրապարակային» բառը, սա հստակություն է մտցնում եւ ավելացված է: Հաջորդը` նա առաջարկում էր նաեւ «նախապես չհայտարարված խաղաղ, հրապարակային միջոցառում» բառակապակցությունից «նախապես չհայտարարված»-ը հանել, որովհետեւ կարող էր անորոշություն առաջանալ: Փորձագետների ու մի շարք գործընկերների հետ քննարկումների արդյունքում ավելի նպատակահարմար համարվեց լիովին հստակություն մտցնել եւ այս արտահայտությունը հնչում է հետեւյալ ձեւով. «մինչ այդ երեւույթը կամ իրադարձությունը չհայտարարված խաղաղ, հրապարակային միջոցառում»: Կարծում եմ` որեւէ անորոշություն այլեւս չի կարող լինել, քանզի ակնհայտ է, որ եթե որեւէ իրադարձության հետ կապված հրավիրվում է ինքնաբուխ հրապարակային միջոցառում, ապա այդ երեւույթը կամ իրադարձությունը պիտի տեղի ունենա, հետո միայն մարդիկ հայտարարություն անեն դրա կապակցությամբ հանրահավաք անելու մասին: «Անհապաղ» բառի հետ կապված եւս որոշ քննարկումներ տեղի ունեցան Ազգային ժողովում: Եթե «անհապաղ» բառը քննարկվում է օրենքի` այն ժամանակահատվածի ենթատեքստում, որը նախատեսվում է իրազեկումով զանգվածային հրապարակային միջոցառում իրականացնելու համար, ապա ակնհայտ է, որ «անհապաղ»-ը 1-4 օրվա ժամանակամիջոցին է վերաբերում:

Հաջորդ փոփոխությունը` հոդված 2-ի 1-ին մասում: Երբ թվարկում էինք, թե ինչպիսի տվյալներ պիտի լինեն, որ լիազոր մարմինը իրավունք ունենա միջոցառումն արգելել, ամենավերջում ունեինք «այլ հանցագործություններ» բառակապակցությունը: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները լրացուցիչ տեղեկացրել էին, որ իրենց կարծիքով «այլ հանցագործություններ» արտահայտությունը կարող է անորոշություն պարունակել, եւ առաջարկել էին, օրինակ` 14-րդ հոդվածում ձեւակերպված նման հանցագործությունների հիման վրա այստեղ հստակեցումներ անել: Դա արված է` այն հանցագործությունները, որ նախկինում չէին թվարկված այստեղ եւ 14-րդ հոդվածում կան, ավելացված են. դրանք անձանց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող կամ պետությանը, համայնքին, ‎ֆիզիկական կամ իրավաբանական անձանց էական գույքային վնաս հասցնող գործողություններն են:

Հաջորդ փոփոխությունը, որ արվել է նախագծում, վերաբերում է 2-րդ հոդվածի վերջին պարբերությանը: Մենք ունեինք «նույն խնդրի առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում» արտահայտությունը, մեր գործընկերներն առաջարկել էին «խնդիր» բառը փոխարինել «երեւույթ» կամ «իրադարձություն» բառակապակցությամբ: Թեեւ գրավոր առաջարկություն չէր ներկայացվել, սակայն ինքս համարում եմ, որ, թեեւ «խնդիր» բառը եւս որեւէ լուրջ հարց չէր առաջացնում (որովհետեւ ակնհայտ է, որ դրան էր վերաբերում), այնուամենայնիվ եթե մեր գործընկերները նկատում են, որ այս ձեւակերպումն ավելի մեծ հստակություն է մտցնում, ես կողմնակից եմ եւ ինքս եմ առաջարկում այս փոփոխությունը կատարել: Հանձնաժողովի նիստի ժամանակ ես ասացի, որ մենք կարճ ժամանակ ենք ունեցել փորձագետների հետ այս ամենը քննարկելու, իրենց նախնական տեսակետը այն էր, որ չարժե այդ փոփոխությունն անել, հետո պարզվեց մի հետաքրքիր հանգամանք. թարգմանության ժամանակ «իրադարձություն» բառի եւ «միջոցառում» բառի համար օգտագործվել էր անգլերեն նույն եզրը, որը սովորական կյանքում որեւէ խնդիր չի առաջացնում, եւ այդ նույն բառը երկու իմաստներն էլ ունի, բայց այս առարկության հետ կապված պարզվեց, որ փորձագետները «իրադարձություն» բառի թարգմանությունը ընկալել էին որպես  «միջոցառում» բառ: Այդ ճշտումն անելուց հետո թյուրիմացությունը շտկվեց եւ իրենք այս փոփոխության հետ կապված նույնպես դրական կարծիք ունեն:

Երրորդ հոդվածում կատարված փոփոխության առաջարկությունը մեր գործընկեր Արծվիկ Մինասյանինն է: Այս նախագծի ընդհանուր ենթատեքստի մեջ չգտնվող հարցադրում է, սակայն ես կողմնակից եմ, որ այս փոփոխությունը եւս արվի` ավելի հստակ ձեւակերպումներ ունենալու նպատակով` այն վերաբերում է 10-րդ հոդվածի 2-րդ մասին, որտեղ ասվում է` առանց իրազեկման ինչ միջոցառումներ կարող են անցկացվել: Ես համաձայն եմ պարոն Մինասյանի հետ, որ պետք է այդ շարքում ընդգրկել նաեւ «այլ միջոցառումներ» բառակապակցությունը, որն այս օրենքի համար եզր է եւ նշանակում է «ծիսակատարություններ... » եւ այլն, եւ նշանակում է, որ այս միջոցառումները եւս առանց իրազեկման են կատարվում: Պարոն Մինասյանն առաջարկել էր մի շարք երեւույթներ եւս ներառել այդ միջոցառումների շարքում (գործադուլ եւ այլն), բայց ես կարծում եմ, որ դրանք մեր օրենքի ենթատեքստում գտնվող միջոցառումներ չեն եւ այդ առումով առաջարկությունը չի ընդունվել:

Վերջին փոփոխությունը` հոդված 5-րդի 2-րդ մասում (դարձյալ պարոն Մինասյանի առաջարկությամբ) հստակություն է մտցվել, որ երբ դադարեցվում է միջոցառումը, ապա պետք է նշել դադարեցման պահանջի իրավական հիմքը: Լիովին համաձայն եմ, եւ այս առաջարկությունը եւս ներառվել է նախագծում:

Այսպիսով` շատ կարճ ամփոփեմ, թե մենք ինչ ենք ունենալու, եթե այս նախագիծը ընդունվի որպես օրենք եւ ինչ ենք ունենալու մարտի 17-ի փոփոխության համեմատությամբ եւ դրանից առաջ եղած վիճակի համեմատ. նախ` չենք ունենալու 9-րդ հոդվածի 6-րդ կետը, որ մտցվել էր մարտի 17-ին եւ առաջ բերել բուռն վեճեր, մենք վերականգնելու ենք ինքնաբուխ զանգվածային միջոցառումները, որոնք առանց իրազեկման են անցկացվելու, բայց ունենալու ենք այդ միջոցառումների կարգավորում, ինչը մի կողմից շատ կարեւոր է մարդկանց ինքնաբուխ միջոցառումների անցկացման իրավունքը վերականգնելու տեսակետից, մյուս կողմից` որ որեւէ շահարկում այս առումով տեղի չունենա: Մենք ունենալու ենք դատական կարգով լիազոր մարմնի որոշումները եւ դրանց հիմք հանդիսացող եզրակացությունը դատարանում բողոքարկելու հնարավորություն, ինչը, կարծում եմ, չափազանց կարեւոր է: Սրանք այն էական փոփոխություններն են, որոնք մենք ունենալու ենք մեր օրենքում` մարտի 17-ի հետ համեմատած եւ ուզում եմ նշել նաեւ վերջին փոփոխությունը, որ պարոն Մինասյանն էր առաջարկել` մենք ունենալու ենք հստակություն, որ եթե դադարեցվելու է զանգվածային, հրապարակային միջոցառումը, ապա դադարեցնող մարմինը պետք է նշի դադարեցման պահանջի իրավական հիմքը: Եթե մենք այս փոփոխությունից հետո ձեւավորվող օրենքը համեմատենք մինչ մարտի 17-ը մեր ունեցած օրենքի հետ, ապա մենք կունենանք հետեւյալ պատկերը. մենք այլեւս ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումների կարգավորում կունենանք, ինչը մի կողմից թույլ է տալու պահպանել այն իրավունքը, որ սահմանված էր մինչեւ մարտի 17-ը, բայց կունենանք նաեւ հստակ կարգավորում, ինչը թույլ կտա, որ այս նորմը օգտագործվի զուտ այդ իրավունքի իրացման տեսակետից եւ ոչ թե նենգափոխվի` այլ խնդիրներ լուծելու համար: Մենք կունենք դատական կարգով միջոցառման իրականացումը արգելող որոշումների եւ դրա հիմքը հանդիսացող եզրակացության բողոքարկման հնարավորություն: Մինչ մարտի 17-ը մենք չէինք արձանագրել եզրակացություն, որի հիման վրա պիտի որոշում ընդունվի, եւ սա երբեմն տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություն էր տալիս, ինչը այս պարագայում պետք է բացառվի: Ես վստահ եմ, որ այս փոփոխությունները ոչ միայն օրենքը կրկին համապատասխանեցնելու են եվրոպական չափանիշներին, այլեւ օրենքը ունենալու է բարելավված դրույթներ նաեւ մինչեւ մարտի 17-ը իր բովանդակության համեմատ: Թեեւ իսկապես ժամանակը շատ կարճ էր, բայց բոլոր փոփոխությունների հետ կապված շարունակակական քննարկումներ են եղել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ եւ քիչ առաջ իրենք ուղարկել են իրենց եզրակացությունը նաեւ այս փոփոխությունների առնչությամբ: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ բոլոր փոփոխությունների առումով ունենք դրական եզրակացություն: Սա է այն պատկերը, որ մենք ունենք այսօր եւ այն պատկերը, որ մենք կունենանք վաղը, եթե կողմ քվեարկենք նախագծին: Ես ավելի քան համոզված եմ, որ այս փոփոխությունները անհրաժեշտ են մեր օրենքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու տեսակետից եւ անհրաժեշտ է օր առաջ անել դա, որպես իսկապես մեր երկրի, մեր հասարակության համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող հավաքների իրավունքի լիարժեք իրականացման իրավական հիմքեր ստեղծվեն մեր երկրում եւ շտկվեն այն դրույթները, որոնք օրենքը խաթարել  էին մարտի 17-ին: Այս ընթացքում եղել են հարցադրումներ օրինագծի երկրորդ ընթերցումն աշնանը իրականացնելու հետ կապված: Առիթ եղել է ասելու, եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել` չկա որեւէ հիմք դրա համար, ճիշտ հակառակը` օր առաջ պետք այս օրենքը մենք քննարկեինք եւ ընդունեինք, եւ ես ուրախ եմ, որ այսօր այդ քննարկումը այս դահլիճում իրականացվում է եւ հուսով եմ, որ վաղն էլ մեր գործընկերները կողմ կքվեարկեն այս նախագծի ընդունմանը»:
  
        
Պարոն Թորոսյանը պատասխանեց նաեւ պատգամավորներին հետաքրքող հարցերին` տալով սպառիչ պարզաբանումներ: 

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նշելով, որ օգտակար լուծում կլիներ Վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելը, որը  մանրամասն կկանոնակարգեր այս տիպի /քաղաքապետի/ որոշումների /լիազոր մարմինների/ բողոքարկման ընթացակարգը:

Օրինագծի վերաբերյալ իրենց բացասական տեսակետները հայտնեցին «Ժառանգություն» խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Նրանց կարծիքով` անհրաժեշտ էր ամբողջովին չեղյալ համարել մարտի 17-ին կատարված փոփոխությունները: Խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին, քանի որ «այն օրենք է, որը հարմարեցվել է արտակարգ դրության տրամաբանությանը եւ այժմ ընդամենը մեղմացվում է»:  

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող պարոն Թորոսյանը ողջունելի համարեց Վարչական դատավարության օրենսգրքում Դավիթ Հարությունյանի մատնանշած փոփոխությունները եւ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, առաջարկեց օրինագիծն  ընդունել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Օրինագծի քննարկմանը զուգահեռ ընթանում էր ՀՀ արդարադատության խորհրդի անդամ իրավաբան-գիտնականի ընտրությունը, որի համար նախորդ օրը առաջադրվել էր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ գաղտնի քվեարկությանը 131 պատգամավորից  մասնակցել է 88-ը, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, դեմ է քվեակել 1 պատգամավոր, 85 պատգամավոր կողմ է քվեարկել Գրիգոր Բադիրյանի թեկնածությանը, եւ նա ընտրվել է:
 Խորհրդարանը քննարկեց նաեւ ՀՀ նախագահի ներկայացրած երկու միջազգային համաձայնագրերը: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում փոփոխություն» վարկային համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Արմեն Մովսիսյանը: 

«ԱՊՀ-ում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական եւ իրավական երաշխիքների մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երկու համաձայնագրերի վերաբերյալ նշվեց, որ չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին, ներկայացվեցին գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները:

Ապա պատգամավորներն անդրադարձան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի ընտրությանը, որի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր  Արթուր Ջավադյանի թեկնածությունը: 

Ելույթ ունենալով` պարոն Ջավադյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնք նախանշել է իրագործել Կենտրոնական բանկն առաջիկայում:  Նրա խոսքով, Կենտրոնական բանկը կարեւորում է հանրապետությունում գնաճի զսպումը, ազգային դրամի ամրապնդումը, հիփոթեքային շուկայի զարգացումը, Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալը, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ստեղծումը, սպառողների շահերի պաշտպանությունը, նրանց ֆինանսական կրթվածության բարձրացումը եւ այլն: 

ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանի թեկնածությունը պաշտպանող ելույթներ ունեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից Արամ Սաֆարյանը եւ ՀՀԿ խմբակցության կողմից` Մկրտիչ Մինասյանը: Նրանք ներկայացրին Արթուր Ջավադյանի մարդկային եւ մասնագիտական դրական հատկանիշներն ու ունակությունները, համոզմունք հայտնեցին, որ նա ի վիճակի կլինի պայքարել սպառնացող գնաճի դեմ: ԿԲ նախագահի թեկնածուի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հունիսի 11-ի նիստում: 

Խորհրդարանն սկսեց եւ հունիսի 11-ին կշարունակի  պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Սամվել Նիկոյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հովհաննես Մարգարյանի, Ա. Շահբազյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության  ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող Վիկտոր Դալլաքյանը տեղեկացրեց, որ սկզբնապես ինքն  առաջարկել է ստեղծել հայտնի ողբերգական դեպքերն ուսումնասիրելու հանձնաժողով, որին միանալու առաջարկ է ներկայացրել կոալիցիան,  եւ արդյունքում ստեղծվել է նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:

Հանձնաժողովի խնդիրը 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրությունն է, մասնավորապես` կիրառված բռնությունների,  ոստիկանության գործողությունների  իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրությունը,  զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը, նման իրադարձությունների կրկնումը բացառող քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը: Հանձնաժողովը կձեւաւորվի հետեւյալ կազմով` երկուական պատգամավոր ԱԺ խմբակցություններից, եւ մեկ` դրանցում չընդգրկված պատգամավորներից:  Ձեւաւորվելուց հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով աշխատանքներին մասնակցելու հրավեր կուղարկի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այն արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը կորոշի հանձնաժողովը:  Հանձնաժողովն իր կազմից կընտրի նախագահ եւ տեղակալ: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 11-ի նիստում:

 Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն` տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


10.06.2008
«Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին»
 «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (RAA) հասարակական կազմակերպության նպատակն է գիտարշավների միջոցով գտնել հայկական ճարտարապետության կոթողները ներկա Հայաստանի սահմաններից դուրս` պատմական Հայաստանի տարածքում` Արեւմտահայաստանում եւ Կիլիկիայում, հարեւան երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում...

10.06.2008
ՀՀ արդարադատության խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի կենսագրությունը
Գրիգոր Բադիրյանը ծնվել է 1976 թ. մարտի 23-ին, Երեւանում:1982-1992 թթ.  սովորել է Երեւանի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում, 1992-1997 թթ.`   ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: 1997-2000 թթ. եղել է ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ: 2000 թ. թեկնած...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am