National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.06.2008
Խորհրդարանական ընդդիմությանը ընթացակարգային իրավունքներ տալը կնպաստի կառավարման արդյունավետությանը

Նիստերն սկսվեցին երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի եւ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց նորընտիր պատգամավորներ Բագրատ Սարգսյանին (ՀՅԴ) եւ Ռուբիկ Հարությունյանին (ԲՀԿ) եւ տեղեկացրեց, որ դադարեցվել են Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները: ԱԺ նախագահի պարզաբանմամբ` իրեն ներկայացվել է փաստաթուղթ, որ Հենրիկ Աբրահամյանը նշանակվել է «Վինկոմ» գործարանի տնօրեն եւ Սահմանադրության խախտում է նրա պատգամավորական գործունեությունը: Պարոն Թորոսյանն անդրադարձավ մամուլում եղած փորձերին` ինչ-որ շղթա կազմելու եւ իր համաձայնությունն էլ արձանագրելու, եւ ասաց. «Ուզում եմ արձանագրել որ ես այդ ամենին որեւէ առնչություն չունեմ. պատգամավորը ներկայացրել է փաստաթուղթ, որ նշանակվել է տնօրեն եւ ԱԺ կանոնակարգը պահանջում է ԱԺ նախագահից նման դեպքերում կազմել արձանագրություն: Հրաժարականի դեպքում 15-օրյա նորմը պատգամավորական լիազորությունների այս ձեւով դադարեցման հետ որեւէ առնչություն չունի: Այս դեպքը Սահմանադրության պահանջի խախտմանն է վերաբերում, որ պատգամավորը այլ գործունեությամբ չպիտի զբաղվի»:

Օրակարգի հաստատումից հետո Ազգային ժողովը քննարկեց ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռուստամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը  ներկայացրեց համահեղինակ Դավիթ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ նախագծի առաջադրումը պայմանավորված է խորհրդարանական ընդդիմության դերի եւ նշանակության բարձրացման,  Ազգային ժողովում օրենսդրական ակտերի քննարկումների ընթացքում բազմակարծության դրսեւորման եւ հարցերի այլընտրանքային լուծումների վերհանման համար լիարժեք պայմանների ապահովման անհրաժեշտությամբ:

Այն իրավունքները, որոնք օրենքի նախագծով առաջարկվում է ընձեռել խորհրդարանական ընդդիմությանը, միտված են ոչ միայն խորհրդարանական ընդդիմության գործունեության ազատության երաշխավորմանը, այլեւ նրա` որպես օրենսդիր մարմնի էական եւ անբաժանելի մասի, պետության կառավարմանը արդյունավետորեն մասնակցելու համար գործուն աշխատանքային պայմանների եւ հնարավորությունների ապահովմանը: Օրենքի նախագիծը մշակելիս հեղինակները հաշվի են առել խորհրդարանական ընդդիմության իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձը եւ գործող ակտերը` առաջին հերթին ԵԽԽՎ «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների ընթացակարգային ուղենիշները» թիվ 1601 (2008) բանաձեւը:

Քանի որ ՀՀ օրենսդրությամբ խորհրդարանական ընդդիմության իրավական կարգավիճակը սահմանված չէ, ուստի օրենքի նախագծով առաջին հերթին տրվում է «ընդդիմադիր խմբակցություն» հասկացության սահմանումը, ըստ որի` խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե մինչեւ նորակազմ կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ: «Խորհրդարանական ընդդիմություն» հասկացությունն ամրագրելիս եւ այնուհետեւ ընդդիմադիր խմբակցության համար  երաշխիքներ սահմանելիս էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող ընտրական համակարգի` քաղաքական ընդդիմությունը եւ նրա կառուցվածքային տարրերը` կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներ, Ազգային ժողովում կարող են հանդես գալ խմբակցությունների միջոցով, ինչպես նաեւ հաշվի է առնվել միջազգային իրավակիրառական պրակտիկայում առկա այն մոտեցումը, ըստ որի` քաղաքական ուժն ընդդիմադիր է համարվում, եթե կառավարության կազմում ընդգրկված չէ:

Օրենքի նախագծով առաջարկվում է կատարել նաեւ հետեւյալ փոփոխությունները`

1) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել խմբակցություններին:  Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը` ըստ օրենքում սահմանված բանաձեւի, որի հիմքում դրված է պրոֆեսոր Վիկտոր դ՝Օնտի  մեթոդը: Այն  օգտագործվում է մի շարք երկրներում, Եվրոպայի Խորհրդի տարբեր մարմիններում քաղաքական խմբերի ներկայացվածությունը որոշելիս: Նկարագրված փոփոխությունը հնարավորություն կտա Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, այդ թվում` ընդդիմությանը, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետով` հստակ կանոններով միմյանց միջեւ բաշխել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները, ինչը փոքրաթիվ ընդդիմադիր խմբակցությունների համար այդ կարեւոր պաշտոններում ներկայացուցիչ ունենալու կայուն երաշխիք է.

2) մշտական հանձնաժողովի եզրակացությանը դեմ քվեարկած հանձնաժողովի որոշակի թվով անդամներ իրենց կարծիքը հարակից զեկուցմամբ Ազգային ժողովում ներկայացնելու հնարավորություն են ստանում, որը հատկապես ընդդիմադիր պատգամավորների համար հնարավորություն է ստեղծում իրենց դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնելու համար ունենալ ավելի երկար ժամանակ (հարակից զեկուցման համար հատկացվող ժամանակը` 20 րոպե, իսկ ելույթների համար` 7 րոպե) եւ պատասխանել պատգամավորների հարցերին, որի իրավունքը ելույթ ունեցողը, այդ թվում` խմբակցության եւ պատգամավորական խմբի ներկայացուցիչը ներկայումս չունեն (հարցերին պատասխանելիս զեկուցողը ստանում է իր դիրքորոշումը պարզաբանելու լրացուցիչ հնարավորություն եւ ժամանակ).

3) ընդդիմադիր խմբակցությունը հնարավորություն է ստանում հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի մեկ նիստում քննարկման դնել իր կողմից արտահերթ համարված մեկ հարց: Այս փոփոխությունը ընդդիմադիր խմբակցության համար ստեղծում է լուրջ հնարավորություն Ազգային ժողովի օրակարգում արտահերթ կարգով հարցեր ընդգրկելու եւ  քննարկելու (ներկայումս Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգում արտահերթ կարգով Ազգային ժողովի որոշման նախագիծ ընդգրկելու կամ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի համաձայնությունը, որի ստանալը փոքրաթիվ խմբակցությունների համար գրեթե անհաղթահարելի արգելք է).
 
4) կառավարությանը հարցերով դիմելիս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստանում են առաջնահերթության իրավունք (ներկայումս հարցերը տրվում են Ազգային ժողովի մեկ նիստի ընթացքում` ըստ գրավոր պատասխանների ստացման եւ բանավոր հարցերի հերթագրման հաջորդականության):

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  դրական տեսակետը ներկայացրեց Արտյուշ Շահբազյանը` կարեւորելով օրենսդրական ճանապարհով ընդդիմության դերի ու նշանակության բարձրացումը. դա նույնը չէ, ինչ խորհրդարանական մեծամասնության բարի կամքով ընդդիմությանը տրված իրավունքը, որը ինչ-որ տեղ նաեւ վիրավորական է:

Արտահերթ ելույթում Ազգային ժողովի փոխնախագահ Հրայր Կարապետյանը ողջունելի համարեց, որ իշխող քաղաքական ուժերը ներկայացրել են մի օրինագիծ, որով ընդդիմությանը ասպարեզ է տրվում խորհրդարանական աշխատանքում, որը թեեւ ուշացած է, բայց նոր քաղաքական պայքարի մշակույթի ներմուծում է եւ երկիրը ցնցումների մեջ չդնելու միջոց: Նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին օրինագիծն ընդունել որպես նոր քաղաքական մշակույթի ներդրման առաջին քայլ, որը հետեւողականորեն պետք է զարգացնել:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ խորհրդարանական մեծամասնության այս երկչոտ քայլերը եթե արձագանքը չլինեին ողբերգական դեպքերի եւ կատարվեին մի քանի տարի առաջ, գուցե եւ լիներ աննախադեպ քայլ: Սա չի կարելի մեծամասնության «լավություն» դիտարկել, այլ նախ եւ առաջ Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու միջոց, քանի որ ընթացակարգային իրավունքները ընդդիմությանը տրվում են կառավարման արդյունավետության համար: Եթե այսօր հստակ քայլեր չանենք, ունենալու ենք հատվածային, մասնակի լուծումներ, որոնք չեն համապատասխանելու հասարակության պահանջներին: «Ժառանգությունը» կարծում է, որ պետք է կատարել համակարգային լուծումներ` ընդդիմության վերահսկողական ֆունկցիաները իրացնելու համար:

Եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ այս նախագիծը պայմանավորված չէ նախագահական ընտրություններով եւ մարտի 1-ի իրադարձություններով: Այն չի կարելի նաեւ մեծամասնության կողմից փոքրամասնությանը ընձեռած շնորհ համարել. սա մի գործիք է քաղաքական բանավեճի միջոցով աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար եւ պայմանավորված է Ազգային ժողովում օրենսդրական ակտերի քննարկումների ընթացքում բազմակարծության դրսեւորման եւ հարցերի այլընտրանքային լուծումների վերհանման համար լիարժեք պայմանների ապահովման անհրաժեշտությամբ: Պարոն Հարությունյանը նաեւ հավաստիացրեց, որ հեղինակները բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ են քննարկել այս նախագիծը եւ ներառել օգտակար առաջարկները:

Ազգային ժողովը քննարկեց ՀՀ արդարադատության խորհրդի անդամ իրավաբան-գիտնականների ընտրության հարցը:

Ազգային ժողովին վերապահված է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ 2 իրավաբան-գիտնականների ընտրությունը, սակայն կոալիցիայի անդամ խորհրդարանական քաղաքական ուժերը այդ պաշտոնի համար առայժմ ներկայացրել էին միայն Գրիգոր Բադիրյանի թեկնածությունը:

Թեկնածուն ներկայացրեց այս ոլորտում իր կատարած աշխատանքները` հիշեցնելով, որ մեկ տարուց ավելի եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, լավատեղյակ է խորհրդի աշխատանքներին եւ հավաստիացրեց, որ իր փորձն ու գիտելիքները կօգտագործի իր ընտրողների վստահությունը արդարացնելու համար:

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ թեկնածուն քաջ գիտակցում է դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը եւ կոչ արեց  քվեարկել նրա  օգտին, իսկ Լարիսա Ալավերդյանը հույս հայտնեց, որ կոալիցիայի առաջադրած անձը հուսախաբ չի անի հասարակությանը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Նաիրա  Զոհրաբյանն առաջարկել են Սեւանից բաց թողնելիք ջրի չափաքանակը նախատեսված 289 մլն խորանարդ մետրից դարձնել 220 մլն, սակայն քննարկման արդյունքով ընդունվել է 240 մլն խորանարդ մետր  չափաքանակը: Հեղինակը ընդառաջ է գնացել նաեւ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի առաջարկին եւ նախագծում ավելացրել է մի պարբերություն, համաձայն որի` Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ծրագրի գործողության ընթացքում կիրականացնի փորձագիտական հետազոտություններ, որի արդյունքները կներկայացնի ՀՀ կառավարությանը ՀՀ Ազգային ժողովին:

Գլխադասային`  ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը` տեղեկացնելով որ հարցը հանգամանորեն քննարկվել է հանձնաժողովում եւ համապատասխան մասնագետների հետ եւ հավաստիացրեց, որ նախատեսված բացթողնելիք ջրի չափաքանակը, որն անհրաժեշտ է գյուղատնտեսության համար, չի վնասի Սեւանի էկոհամակարգին: Նա կարեւորեց նաեւ տարվա ընթացքում փորձագիտական հետազոտությունների պարբերաբար անցկացումն ու վերահսկողությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 58-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովը որոշում էր կայացրել թույլ տալ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանին մասնակցել նիստին եւ ելույթ ունենալ: Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հարցը հանձնաժողովում քննարկվել 1,5 ամիս եւ եկել համապատասխան եզրակացության: Վերջին 10 տարիների ընթացքում Սեւանա լճի մակարդակը թեեւ բարձրացել է 2 մետր 80 սմ-ով, սակայն դեռեւս 3,5 մետրով պակաս է այն թվից, որն անհրաժեշտ է Սեւանի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Այս տարվա ընթացքում արդեն  Սեւանից բաց է թողնվել մոտ 70 մլն խորանարդ մետր ջուր. հանձնաժողովը քննարկման արդյունքում եկել է այն եզրակացության, որ բացթողնելիք ջրի ընդհանուր չափաքանակը չպետք է գերազանցի 240 մլն խորանարդ մետրը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երրորդ ընթերցման ներկայացված «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին», «Անասնակերի մասին», «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին», «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» (փաթեթ) օրինագծերը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հունիսի 10-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am