National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.06.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Հունիսի 6-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական եւ իրավական երաշխիքների մասին» համաձայնագիրը: Նախարարը նշեց, որ համաձայնագրի  նպատակն է ապահովել ԱՊՀ պետությունների ԽՊՀՈՒ անձնակազմի սոցիալական եւ իրավական պաշտպանությունը, խաղաղության պահպանման գործողություն անցկացնելու մանդատին համապատասխան իրենց պարտականությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի անվտանգության եւ պաշտպանության ապահովումն ու ԽՊՀՈՒ-ի անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության ուժեղացումը:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներկայացրեց 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) եւ ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը: Նշվեց, որ համաձայնագրի նպատակն է ապահովեկու կողմերի ներքին գործերի մարմինների եւ ներքին զորքերի համար կադրերի պատրաստման բարձր մակարդակ, որը կպատասխանի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու մասին» պայմանագիրը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց  ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը: Նշվեց, որ պայմանագիրը հնարավորություն կստեղծի ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի համար համագործակցել Էգմոնտի խմբի անդամ չհանդիսացող` ԱՊՀ տարածքում ստեղծված ֆինանսական հետախուզության մարմինների հետ:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված միջազգային պայմանագրերը  կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:
 
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկվեց  մի խումբ պատգամավորների ներկայացրած «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որն առաջարկում է համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից  հողի հարկ վճարողներին ազատել հողի հարկի նկատմամբ հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերի ու տուգանքների վճարումից եւ մինչեւ  օրենքի ուժի մեջ մտնելը  գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկի դիմաց օրենսդրությամբ հաշվարկված եւ վճարված  տույժերի  ու տուգանքների գումարները հաշվանցել հարկատուների՝ հողի հարկի գծով  ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին, որ գյուղատնտեսության ոլորտի մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով առաջարկվող նման արտոնությունը, եթե տարածվի ամբողջ հանրապետությունում,  կարող է շահեկան լինել հատկապես Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսական մեծ հողատարածքներ ունեցողների համար, որոնց հողատարածքները եկամտի աղբյուր են, բայց նրանք զլացել են հարկ վճարել: Հանձնաժողովականները համակարծիք էին, որ օրենքը պետք է մշակվի հիմնախնդրի համապարփակ ուսումնասիրության արդյունքում, հաշվառվեն տարածաշրջանի, հողի բերրիության, գյուղացու անվճարունակության  գործոնները, հարկ չվճարելու պատճառները:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, համաձայնելով պատգամավորների հետ, առաջարկեց օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել նստաշրջանի օրակարգում եւ հիմնախնդիրը հանգամանալից ուսումնասիրելուց եւ նախատեսված արտոնությունը հասցեական դարձնելուց հետո միայն քննարկել լիագումար նիստում, ինչը ընդունվեց միաձայն:
Հանձնաժողովը քննարկեց եւ  առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում երրորդ ընթերցմամբ ընդգրկելու նպատակով դրական եզրակացություն տվեց «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին», «Անասնակերի մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «յուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջարկությունների հիման վրա նախագծում արվել են փոփոխություններ` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ «ինքնաբուխ միջոցառում բառերի» միջեւ «հրապարակային» բառն է ավելացված: ԱԺ նախագահի կարծիքով` նման ձեւակերպումն ավելի ամբողջական է դարձնում սահմանումը, հոդված 5-ում երկրորդ մասի ավելացումն առավել հստակ է սահմանում ոստիկանության գործողությունները` զանգվածային հրապարակային միջոցառումը դադարեցնելու անհրաժեշտության դեպքում: Օրինագծի հեղինակը տեղեկացրեց, որ առաջարկություն է եղել 2-րդ հոդվածի վերջին պարբերությունում «նույն խնդրի առնչությամբ անցկացվող հաջորդող զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող ինքնաբուխ համարվել եւ պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով» ձեւակերպման մեջ «խնդիր» բառը փոխարինել «նույն երեւույթի կամ իրադարձության առնչությամբ» բառերով: Պարոն Թորոսյանը նշեց, որ ձեւակերպումը նախկինում որեւէ առարկության չէր արժանացել Վենետիկի փորձագետների կողմից, ուստի նպատակահարմար է գտնում թողնել այն ինչ կա` ոչ թե նույն երեւույթի կամ իրադարձության, այլ ինչպես սկզբում էր` նույն խնդրի առնչությամբ`  հաշվի առնելով, որ մայր օրենքում կան ձեւակերպումներ, որոնք հստակորեն ցույց են տալիս, թե «խնդիրը» ինչ է նշանակում:

Տեղեկացվեց, որ «Ժառանգություն» խմբակցության երեք առաջարկությունների մի մասն ընդհանուր է, օրինակ` հղում անելով 1609 բանաձեւին` ասվում է, որ պետք է հետ բերել օրենքն այն տեսքին, ինչ եղել է մինչ մարտի 17-ի փոփոխությունները, որովհետեւ այդ բանաձեւում նման ձեւակերպում կա: ԱԺ նախագահը, չժխտելով, որ բանաձեւում նման ձեւակերպում կա, նշեց, որ բանաձեւը խնդիրներ է ձեւակերպում, իսկ խնդիրների լուծումը փորձագետների եւ պատգամավորների խնդիրն է: Ըստ նրա` խնդիրը օրենքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է: Օրինագծի հեղինակն արդյունավետ չի համարում փորձագետների եզրակացությունը, քննարկումները, հուշագիրը, նախագիծը մի կողմ դնել եւ ամեն ինչ սկզբից սկսել: Հաջորդը` առաջարկվում է ամբողջությամբ հանել 6 ժամի սահմանափակմանը վերաբերող 5-րդ հոդվածը, ինչը եւս փորձագետների հետ համաձայնությամբ է կատարվել: Պարոն Թորոսյանը գտնում է, որ այդ դեպքում երկու ամիսների աշխատանքը  ջուրն է ընկնում եւ ցույց չեն տրվում լուծումներ, թե ինչպես կարելի է հնարավորինս արագ օրենքը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ստորագրած առաջարկությունները արմատականորեն տարբերվում են այն մոտեցումից, որը որդեգրվել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻԻ փորձագետների հետ աշխատանքի ընթացքում եւ այդ պատճառով ԱԺ նախագահը անհրաժեշտ չի համարում արմատապես փոխել մոտեցումները եւ մի տեւական ժամանակ օրենքը թողնել  այն վիճակում, որում մարտի 17-ից հետո հայտնվել է: Օրինագծի հեղինակի կարծիքով` օր առաջ օրենքը պետք է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, որի համար ներկայացված նախագիծը բոլոր հնարավորություններն ընձեռում է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարակից զեկույցում նշեց, որ օրենքը կարելի էր շատ ավելի լավ տեսքի բերել, բայց կար հրատապ խնդիր` շտկելու մարտի 17-ին կատարված փոփոխությունները, որդեգրել եվրոպական երկրներում ընդունված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշները: Նրա համոզմամբ` օրենքի նախագիծը բավարարում է այս պահանջները: Պարոն Հարությունյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ քննարկվող օրինագծին:

Եզրափակիչ ելույթում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ  յուրաքանչյուր օրենք ժամանակի ընթացքում փոփոխության կարիք է ունենում, սական այժմ օրենքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հրատապ խնդիր կա:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Սամվել Նիկոյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արտուշ Շահբազյանի ներկայացրած «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Վիկտոր Դալլաքյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում ընդգրկվելու են երկու պատգամավոր ԱԺ խմբակցություններից եւ մեկ` դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից: Ձեւավորվելուց հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկելու Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այն արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը որոշելու է հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցելու է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչը: Հանձնաժողովն իր կազմից ընտրելու է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովը մինչեւ 2008 թ. հոկտեմբերի 25-ը իր գործունեության արդյունքների մասին զեկուցելու է ԱԺ նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում եւ խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվելու է զեկույցին:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ որոշման նախագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն առաջին ընթերցման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` նշելով, որ փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժները հիմնավորված դարձնելու խնդրի լուծման անհրաժեշտությամբ ու համապատասխանում են միջազգային իրավական չափանիշներին: Առաջարկվող նախագիծը վերաբերում է ոչ թե ընդհանրապես անօրինական գործողություններին, այլ որոշ հանցագործությունների (պետական իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելը): Տեղեկացվեց, որ ուսումնասիրվել է այլ երկրների փորձը եւս: Օրինագծով առաջարկվում է վերանայել զանգվածային անկարգությունների համար նախատեսված պատժաչափերն ու տեսակները, որոնք համաչափ չեն օրենսգրքով նախատեսված նույնաբնույթ այլ հանցագործությունների համար սահմանված  պատժաչափերի հետ: Առաջարկվում է վերանայել 185-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգություններ կազմակերպողի եւ կատարողի համար, եթե այդ արարքները զուգորդվել են սպանությամբ:

Նախագծով առաջարկվում է օրենսգրքի 301/1-րդ հոդվածով պատասխանատվություն (երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում) սահմանել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, դատարանների եւ քրեակատարողական հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական կարգի կամ պետական անվտանգության պաշտպանության` իրենց պարտականությունների չկատարմանն ուղղված հրապարակային կոչեր, այդպիսի կոչեր բովանդակող նյութեր տարածելու համար: Պարոն Մալխասյանն ընդգծեց, որ այս դրույթը գործում է Եվրամիության բոլոր երկրների քրեական օրենսդրությունում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը հավաստեց, որ նախագծի շուրջ առաջարկները եւ դիտողությունները առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն ու լուծումներ կստանան:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախագիծը եւս ներկայացրեց Գեւորգ Մալխասյանը: Նշվեց, որ օրինագծի ընդունման նպատակը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի վարքագծի կանոններ սահմանելն է, որը կնպաստի հարկադիր կատարողի կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռուստամյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը նախագծի առաջադրումը պայմանավորեց խորհրդարանական ընդդիմության դերի եւ նշանակության բարձրացմամբ, Ազգային ժողովում օրենսդրական ակտերի քննարկումների ընթացքում բազմակարծության դրսեւորման եւ հարցերի այլընտրանքային լուծումների վերհանման համար լիարժեք պայմանների ապահովման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագիծը մշակելիս հեղինակները հաշվի են առել խորհրդարանական ընդդիմության իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձը եւ գործող ակտերը` ԵԽԽՎ «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների ընթացակարգային ուղենիշները» թիվ 1601 (2008 թ.) բանաձեւը: Նշվեց, որ ՀՀ օրենսդրությամբ խորհրդարանական ընդդիմության իրավական կարգավիճակը սահմանված չէ, ուստի օրենքի նախագծով առաջին հերթին տրվում է ընդդիմադիր խմբակցություն հասկացության սահմանումը, ըստ որի` խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե մինչեւ նորակազմ կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ եւ նորակազմ կառավարության կազմում խմբակցություն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցության անդամ ընդգրկված չէ: Օրենքի նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել խմբակցություններին (ներկայումս այդ պաշտոններում թեկնածու կարող են առաջադրել բոլոր պատգամավորները եւ  ընտրության հարցում Ազգային ժողովում մեծամասնությունն ունեցող խմբակցությունը կամ քաղաքական ուժը վճռորոշ դեր ունի): Մշտական հանձնաժողովի եզրակացությանը դեմ քվեարկած հանձնաժողովի որոշակի թվով անդամներ իրենց կարծիքը հարակից զեկուցմամբ Ազգային ժողովում ներկայացնելու հնարավորություն են ստանում, որը հատկապես ընդդիմադիր պատգամավորների համար հնարավարություն է ստեղծում իրենց դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնելու համար ունենալ ավելի երկար ժամանակ (հարակից զեկուցման համար հատկացվող ժամանակը` 20 րոպե է, իսկ ելույթների համար` 7 րոպե) եւ պատասխանել պատգամավորների հարցերին, որի իրավունքը ելույթ ունեցողը, այդ թվում` խմբակցության եւ պատգամավորական խմբի ներկայացուցիչը ներկայումս չունեն (հարցերին պատասխանելիս զեկուցողը ստանում է  դիրքորոշումը պարզաբանելու լրացուցիչ հնարավորություն եւ ժամանակ): Ընդդիմադիր խմբակցությունը հնարավորություն է ստանում հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի մեկ նիստում քննարկման դնել իր արտահերթ համարած մեկ հարցը: Այս փոփոխությունը ընդդիմադիր խմբակցության համար ստեղծում է  հնարավորություն Ազգային ժողովի օրակարգում արտահերթ կարգով հարցեր ընդգրկելու եւ քննարկելու: Կառավարությանը հարցերով դիմելիս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստանում են առաջնահերթության իրավունք:

Օրինագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը համոզված է, որ ներկայացվող օրենքի նախագիծն առաջին քայլերից է քաղաքական ընդդիմության գործունեության երաշխիքների ապահովման ճանապարհին:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երրորդ ընթերցմամբ քննարկվող «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» եւ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» նախագծերը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 90 օրով հետաձգվեցին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Հասարակական պալատի մասին», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ՀՀԿ խմբակցության` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախաձեռնությունը եւ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Արա Բաբլոյանի նախագահությամբ` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որին մասնակցում էին նաեւ հ/կ-ների եւ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը: Նա նշեց, որ ընդունվել են առաջարկությունները եւ կատարվել են համապատասխան փոփոխություններ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Պարոն Անդրեասյանը տեղեկացրեց, որ սակավաջրության պատճառով 2008 թ. գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանա լճից պահանջված  285 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրաքանակի դիմաց երկար քննարկումների արդյունքում ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների եւ ԱԺ պատգամավորների հետ փոխհամաձայնության են եկել 240 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրաքանակ բաց թողնվի:

Պատգամավորներ  Վիկտոր Դալլաքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Բոստանջյանը, ղեկավարվելով ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ, գրավոր առաջարկություն են ներկայացրել վերը նշված հանձնաժողովին եւ կառավարությանը, որպեսզի  285 մլն խորանարդի դիմաց 220 մլն խորանարդ մետր ջրաքանակ բաց թողնվի: Սակայն քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է 2008 թ.  Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել 240 մլն խորանարդ մետր ջուր, այն պայմանով, որ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը  10 օրը մեկ անցկացնի մոնիտորինգ եւ արդյունքները ներկայացնի  ՀՀ ԱԺ-ին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Որոշվեց նաեւ ԱԺ նիստում օրինագծի քննարկմանը մասնակցելու եւ ելույթ ունենալու համար հրավիրել ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի մեկ ներկայացուցիչ:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:


06.06.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 6-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    հունիսի 9-12 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:Չորրո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am