National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
05.06.2008
Խորհրդարանում քննարկվեց մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները հունիսի 5-ին կազմակերպել  էին խորհրդարանական լսումներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի հարցով: Լսումներին հրավիրվել  էին միջազգային, հասարակական, իրավապաշտպան  կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը արժանացել է հասարակության եւ քաղաքական ուժերի ուշադրությանը: Պարոն Մնացականյանը նշեց, որ հրավիրված խորհրդարանական լսումները կարեւոր են  կողմերի տեսակետները լսելու եւ քննարկելու առումով, եւ հույս հայտնեց, որ կնպաստեն քաղաքական երկխոսության կայացմանը: Նշվեց, որ զեկույցով հանդես կգան ՄԻՊ Արմեն Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր ելույթում նշեց, որ  2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները եւ հետընտրական զարգացումներն էական ազդեցություն ունեցան մեր երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա, հետեւաբար` անդ‎րադարձել են նաեւ անձի իրավունքների ողջ համակարգի, մարդու եւ քաղաքացու անձնական, քաղաքական,  սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության եւ պահպանության իրավիճակի վրա: Ղեկավարվելով մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթներով` 2008 թ. ապրիլի 21-ին պարոն Հարությունյանը ներկայացրել է արտահերթ հրապարակային զեկույց, որում բացահայտվում են ընտրական գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու անհնարինության պայմաններում նախընտրական շրջանի սոցիալ-հոգեբանական մթնոլորտի փոփոխության դինամիկան, դրա ձեւավորման հիմնական օրինաչափությունները: Նշվեց, որ զեկույցի մի հատված նվիրված է քվեարկության անցկացման օրվա մթնոլորտի եւ դրա ձեւավորմանը նպաստող օրենսդրական հիմնապատճառների վերլուծությանը, բացահայտում է հետընտրական զարգացումների առանձնահատկությունները, ներկայացվում է պաշտպանի գործունեությունը հետընտրական զարգացումների ընթացքում` մարդու եւ քաղաքացու իրավունքների խախտումների վերացման կապակցությամբ: Պարոն Հարությունյանը նշեց, որ զեկույցի հրապարակմամբ նպատակ է հետապնդել լայն քննարկման առարկա դարձնել այն խնդիրները, որոնց հանգուցալուծումը միայն կարող է նպաստել հասարակության պառակտման հաղթահարմանը, պայմաններ ստեղծել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար: Սակայն հասարակությանը հուզող եւ զեկույցում բարձրացված հարցերի պատասխանների փոխարեն ստացել է ՀՀ գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարի առարկությունները, որոնք ոչ միայն չեն վերացրել  զեկույցում բարձրացված հարցադրումների շուրջ մտահոգությունները, այլեւ առաջ են բերել նոր հարցեր: Նրա խոսքով, գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարի առարկությունների  հեղինակները բազմիցս նենգափոխել են զեկույցի բովանդակությունը: Առաջադրած հացերին պատասխանելու փոխարեն նեղացած կեցվածք են ընդունել: Նրա համոզմամբ, առարկությունների տեքստերը լի են աղավաղումներով: Պարոն Հարությունյանը նշեց, որ առարկությունների հիմնաքարն այն է, որ պաշտպանը զեկույցը հրապարակելիս գերազանցել է իր լիազորւթյունները:

Ամփոփելով կարծիքը`  նա նշեց, որ նախագահական ընտրությունների հետ առնչվող զարգացումները վերլուծելիս, զեկույցում, իհարկե, նկատի է առնվում այն հանգամանքը, որ ստեղծված նախընտրական եւ հետընտրական իրավիճակի ձեւավորմանը նպաստել էին երկրում առկա բազմաթիվ օբյեկտիվ հիմնախնդիրներ, որոնք դեռեւս չէին ստացել իրենց համապատասխան լուծումները, ինչի հետեւանքով հասարակության մի զգալի մասի մոտ ձեւավորվել էր դժգոհություն: Ակնհայտ սոցիալական եւ տնտեսական բեւեռացումը, հանրային եւ, հատկապես, իրավապահ մարմինների նկատմամբ գոյություն ունեցող հասարակական անվստահությունը, իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թեւերի միջեւ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի ոչ արդյունավետ գործողությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների անբավարար երաշխավորված լինելը, արտոնյալ խավի փակ համակարգի ձեւավորումը հասարակության մի զգալի մասին դրդեցին կտրուկ եւ շրջադարձային փոփոխություններ փնտրել այս խնդիրներին լուծումներ տալու համար:

Նրա խոսքով` հասարակության մի ստվար զանգվածի մոտ ձեւավորվեց ծայրահեղական գործունեության պահանջարկ: Կառուցողական ընդդիմություն հնարավոր է միայն ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպված քաղաքական համակարգ ունեցող հասարակությունում: Անցումային երկրների մեծամասնությունում, այդ թվում Հայաստանում, ներքաղաքական կայունությունը հիմնականում ապահովվում էր ոչ թե իշխանությունների երեք թեւերի միջեւ զսպումների եւ հակակշիռների համակարգի միջոցով, այլ իշխանության որեւէ մեկ ինստիտուտի, տվյալ դեպքում` նախագահի, գերակշռության միջոցով: Պարոն Հարությունյանը նշեց, որ Հայաստանի հասարակությունն այսօր կանգնած է այլընտրանքի առջեւ` զարգանալ ժողովրդավարական արժեքների ապահովման եւ ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կամ ընթանալ իշխանության ավտորիտար միտումների ուժեղացման կամ պահպանման ճանապարհով` խորացնելով իշխանությունների եւ հասարակության մեծամասնության միջեւ անջրպետը: 

Վերջում զեկուցողը ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանի «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցի» կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ արդարադատության նախարարության առարկությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ զեկույցում առաջ քաշված հարցադրումները եւ փաստարկները հաճախ դուրս են բերվել համատեքստից, աղավաղվել եւ առավելապես հարմարեցվել են առարկությունների քննադատական բնույթին: Այն կարելի է դիտարկել որպես անհանդուրժողականության եւս մի դրսեւորում:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ զեկույցը շատ ավելի քաղաքական փաստաթուղթ է, քան իրավական, որով նսեմացվում է գործնական-կիրառական նշանակությունը: Եվ քանի որ զեկույցում բարձրացված մի շարք հարցեր ուղղակի կամ անուղղակի առնչվում են դատախազության հետ, ուստի դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումն ու պարզաբանումներն առարկությունների տեսքով: Նրա խոսքով`  դատախազությունը պետք է արձագանքեր զեկույցին, հակառակ դեպքում կդիտվեր, թե անուղղակիորեն ընդունում է  ներկայացված դատողություններն ու մեկնաբանությունները,  որն, իր հերթին,  խորացնելու էր հասարակության մեջ ստեղծված թյուր կարծիքը իրերի օբյեկտիվ վիճակի մասին: Գլխավոր դատախազը նշեց,  որ առարկությունները զուտ իրավական բնույթի են, եւ վերլուծվում են զեկույցում տեղ գտած ակնհայտ սխալ իրավական գնահատականներն ու մեկնաբանությունները: Ըստ դատախազի`  պաշտպանը,  տարբեր քաղաքացիների բողոքների  եւ դրանց կապակցությամբ իր կողմից կատարվելիք ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր էր համապատասխան պետական մարմիններին, այդ թվում` դատախազությանը, հնարավորություն տալ պարզաբանելու, հիմնավորելու իրենց դիքորոշումն ամբողջությամբ: Օրենքից բխում է, որ պաշտպանը իր զեկույցում նշված բոլոր բողոքներն ու դրանց կապակցությամբ իր կողմից կատարվելիք ուսումնասիրության ու քննարկման արդյունքները պետք է ուղարկեր իրավասու մարմիններին, մինչդեռ  այդ պարտականությունը չի կատարել: Ըստ գլխավոր դատախազի, օրենքի պահանջ է նաեւ, որ ՄԻՊ-ը իրականացնի ուսումնասիրություններ, մինչդեռ  առանձին բողոքների եւ քրեական գործի հանգամանքների վերաբերյալ պաշտպանի դատողություններն ու եզրակացությունները սուբյեկտիվ են, քաղաքական բնույթի եւ հիմնված չեն բազմակողմանի, ամբողջական եւ օբյեկտիվ հետազոտությունների ու գնահատականների, նաեւ քննության արդյունքների համադրումների վրա:

Անդրադառնալով պաշտպանի զեկույցի իրավաչափության հետ կապված  հարցին, դատախազը նշեց, որ  որքան էլ կարեւորվի պաշտպանի` որպես անկախ եւ անփոխարինելի պաշտոնատար անձի կարգավիճակը, նա  իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ըստ նրա` զեկույցի ներածությունում պաշտպանը որպես արտահերթ զեկույցի հիմք նշում է, թե «զեկույցի բովանդակությունը եւ կառուցվածքը պայմանավորված են նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների  համալիր վերլուծություն կատարելու նպատակով», ինչը օրենքով նախատեսված չէ որպես արտահերթ զեկույցի ներկայացման հիմք: լխավոր  դատախազի խոսքով`  զեկույցում ներկայացված են դատողություններ, որոնք չեն վերաբերում պաշտպանի գործառույթներին: Նա նշեց, որ դատախազության առարկությունններում հիմնականում ներկայացվել են իրավական հարցերի եւ գործընթացների վերլուծությունները` հնարավորինս զերծ մնալով քաղաքական գնահատականներից: Եւ դրանով բացատրեց, որ առարկություններում պաշտպանի զեկույցի ոչ բոլոր հարցադրումներին է անդրադարձ արվել:
Դատախազի խոսքով` զեկույցում որպես «անհերքելի» ապացույցներ են ներկայացվել լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ ու անորոշ, անհասցե ու անանուն տվյալներ եւ հիմնականում հիմնվել քարոզչական նպատակներ հետապնդող հրապարակումների վրա: «Զեկույցից չի հետեում, որ նա գոնե փորձ է արել ուսումնասիրության առարկա դարձնել դրանք կամ ստանալ այն պետական մարմինների կողմից կատարված ստուգումների, ուսումնասիրություններ, նախաքննության արդյունքները եւ դիրքորոշումները: Չի փորձել վերլուծության առարկա դարձնել քրեական գործերով ձեռք բերված, հետազոտված ու գնահատված ապացույցները` անհարկի փորձելով ստվեր գցել ու կասկածի տակ դնել դրանք, որոնք անգամ չի հերքել պաշտպանական կողմը»: 
   
Պաշտպանը, ըստ նրա, հիմնվել է միայն սուբյեկտիվ դիտարկումների եւ մեկնաբանությունների վրա, որոնք չեն ստուգվել քրեական գործերով ձեռք բերված փաստական հանգամանքների եւ ապացույցների համադրման համատեքստում: Ենթադրվում էր, որ պաշտպանը գոնե պետք է տարբեր, ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները համադրեր պաշտոնական գործընթաց անցած տեղեկատվության եւ պարզաբանումների հետ եւ նոր միայն կատարեր վերլուծություններ եւ առավել եւս` եզրահանգումներ: լխավոր դատախազը, ի հաստատումն իր ասածների, բերեց նաեւ կոնկրետ օրինակներ զեկույցից:

Նա նաեւ մտահոգիչ համարեց պաշտպանի  կողմից առանձին օրենսդրական եւ հատկապես քրեադատավարական նորմերի յուրովի մեկանբանությունները, որոնք հակասում են օրենքի ուղղակի իմաստին:

Վերջում  դատախազն ասաց, որ  քանի որ մարդու իրավունքների  պաշտպանի ինստիտուտը դեռեւս կայացման փուլում է, ուստի որպես ՀՀ գլխավոր դատախազ, ոչ թե պահանջում է, ոչ թե առաջարկում  կամ հորդորում է, այլ որպես քաղաքացի խնդրում է պաշտպանին գործունեություն ծավալել ՀՀ օրենսդրության շրջանակներում` միջազգային հանարաճանաչ սկզբունքների ու նորմերի կատարմամբ:
   
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ իրենց  առարկությունների իմաստը ոչ թե այն էր, որ սխալ են գտել պաշտպանի  դատողությունների մեջ, այլ, որ այդ տեսքով ներկայացված փաստաթուղթը հնարավոր չէ  քննարկել այն ընթացակարգերով, որի հնարավորությունը կա: «Մենք ասում ենք, որ եթե դուք գտնում եք, որ իսկապես այսպիսի փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն կար, ապա օգտվեիք առկա իրավական հնարավորություններից եւ պետական իրավասու մարմիններին եւս ընձեռեիք այդ հնարավորությունները, որպեսզի շատ հարցեր պարզապես հարցերի տեսքով չընդգրկվեին փաստաթղթում»: Նրա համոզմամբ պետական իրավասու մարմինները պետք է արձագանքելու հնավորություն ունենային: Արդարադատության նախարարը փաստարկներով հակադարձեց, որ նենգափոխումներ, աղավաղումներ չեն եղել,  որ ոչ արդարադատության նախարարը, ոչ էլ գլխավոր դատախազը իրենց առջեւ խնդիր չեն դրել ցուցանել, թե մարդու իրավունքների պաշտպանը ինչի մասին խոսի, ինչի մասին` ոչ:  Իրենց համոզմամբ  արտահերթ զեկույցը պաշտոնական փաստաթուղթ է, պետական բյուջեի կողմից ֆինանսավորված գործառույթ, ուստի զեկույցի շրջանակում  պետք է ներկայացնել  հարցադրումներ, որոնք հնարավոր լինի քննարկել այն ընթացակարգերով, որոնք  վերապահված են օրենքով: Նախարարը պատրաստ է  այսուհետ եւս առավել մեծ աջակցություն ցուցաբերել մարդու իրավուքնների պաշտպանին իր գործունեությունն իրականացնելիս: 

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը լսումները գնահատեց որպես կարեւոր քաղաքական իրադարձություն` նշելով, որ Հայաստանում  մարդու իրավուքների պաշտպանի զեկույցը հակակշիռների եւ զսպումների մեխանիզմների կոնկրետ դրսեւորում է:  Ըստ նրա` զեկույցը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանի  ինստիտուտը կայացման փուլում է: Պարոն Դալլաքյանի համոզմամբ` Ազգային ժողովում անհրաժեշտ է ստեղծել մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, որը քաղաքական եզրակացություն կներկայացնի խորհրդարանին: Նրա կարծիքով` երկխոսությունը պետք է ընթանա ժողովրդի եւ իշխանությունների միջեւ, քանի որ Հայաստանում կա ոչ թե քաղաքական, այլ հասարակական ճգնաժամ:
 
Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը գտնվել է բարձրության վրա եւ իր  վրա դրված պատասխանատվությունը լիարժեք իրականացրել: Նրա համոզմամբ` կառույցը լիարժեք կայացել է  եւ քաղաքացիական հասարակության ծիլերը այս հաստատությունից են գալիս:

Իրավապաշտպան Աղասի Արշակյանը դրական  գնահատեց ՄԻՊ զեկույցը եւ գլխավոր դատախազի եւ արդարադատության նախարարի արձագանքը գնահատեց որպես ժողովրդավարությանն ուղղված քայլ:

Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը քննարկումները  գնահատեց իբրեւ առաջընթաց, քանի որ մարդու իրավունքների  առաջին պաշտպանի զեկույցը  քննարկման չի արժանացել: Տիկին  Ալավերդյանը դրական համարեց այն փաստը, որ գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը արձագանքել են ՄԻՊ արտահերթ զեկույցին, նշելով, որ անհրաժեշտ էր  նաեւ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ արձագանքը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ գնահատելով Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրողությունները եւ զգալի տեղ հատկացնելով հասարակության հոգեբանական վիճակի վրա, մարդու իրավունքների պաշտպանը կարող էր ընդգրկել ավելի մեծ դատողությունների շրջանակ: Անհրաժեշտ էր ուսումնասիրել, թե ի՞նչ պայմաններում հնարավոր դարձավ ատելության ձնագնդի անընդհատ մեծացումը, որը սկսեց համակել եւ համախմբել հասարակության ստվար խմբերի: Արդյո՞ք քայլեր են արվել ուսումնասիրելու յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության եւ որդեգրված կեցվածքի հարցերը մարտի 1-ի իրադարձությունների մեջ: Նշվեց, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար աշխատող վերլուծաբան մասնագետները նույնպես կարող էին ինքնուրույն հետազոտություն ձեռնարկել եւ փորձել փնտրել ամբողջ հասարակությանը մտահոգող հարցերի պատասխանները: Ինչու՞ չի արվել: Սպասել են 1609 բանաձեւում պահանջված հետաքննող անկախ մարմնի ստեղծմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկզբից եւեթ կողմ է եղել այդ մարմնի ստեղծմանը բանաձեւում ձեւակերպված ձեւաչափով եւ դեմ չէ, եթե դա լինի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Ակնհայտ է, նշեց պարոն Սաֆարյանը,  որ այդ անկախ մարմնի գործունեությունը կարող է համարվել օգտակար միայն այն դեպքում, երբ նա ազնիվ պատասխան տալով մարտի 1-ի իրադարձությունների պատճառների եւ հետեւանքների մասին ծագող բոլոր հարցերին, միաժամանակ պայմաններ ստեղծի քաղաքացիական համաձայնության եւ քաղաքացիական համերաշխության մթնոլորտ ձեւավորելու համար: Նա համոզմունք հայտնեց,  որ մարտի 1-ի իրադարձությունների իրավական եւ քաղաքական գնահատականը անհրաժեշտ է տալ երկրում այսուհետեւ քաղաքացիական անհնազանդության դրսեւորումները բացառելու, անիշխանությանը եւ հասարակական կարգի զանգվածային խախտումներին մեկընդմիշտ  վերջ դնելու նպատակով:

Հասարակական համերաշխություն տանող ճանապարհին ԲՀԿ-ն կողմ է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում արմատական ընդդիմությունը ներկայացնող արտախորհրդարանական ուժերի հետ երկխոսությանը եւ գաղափարական- քաղաքական բանավեճերին, որոնց նպատակը պետք է լինի թույլ չտալը, որ քաղաքական բողոքը ավերածությունների  ու պետության խարխլման պատճառ դառնա: Իրենց համոզմամբ`  մինչեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը պետք է ավարտվեն այս գործով հետաքննություններն ու  դատաքննությունները, հասարակությանը եւ միջազգային հանրությանը պետք է ներկայացվի սպառիչ տեղեկություն` ով ինչի համար է դատապարտվել, իսկ քաղաքական պատճառներով ձերբակալվածները, եթե դրանք կան, պետք է ազատ արձակվեն:

Վերջում պարոն Սաֆարյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում պարունակվող վերլուծության կապակցությամբ իրենց հարցադրումները բոլորովին էլ նպատակ չունեն հակադրվելու մարդու իրավունքների պաշտպանին, այլ պետք է դիտվեն որպես հրավեր` բաղդատելու առկա մասնագիտական հնարավորությունները եւ ինտելեկտուալ ներուժը ավելի դրական եւ իր բուն նպատակին ծառայող վերլուծական փաստաթուղթ ունենալու համար: 

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնող Արա Նռանյանը նշեց, որ  ընդունելի չէ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան-ՀՀ դատախազություն ու ՀՀ արդարադատության նախարարություն բանավեճի արհեստական սրումը: Նման բանավեճերը պետք է նպաստեն պետականության ինստիտուտների բարեփոխմանը, կայացմանը եւ դրանց գործունեության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը: Նրա խոսքով` պաշտպանի զեկույցը հագեցված է հոգեբանական երեւույթների ուսումնասիրություններով եւ քաղաքական գործընթացի վերլուծությամբ: Նման դրույթներն ավելորդ ծանրացնում են նյութը, դարձնում պաշտպանի զեկույցը խոցելի, քանի որ նման ուսումնասիրությունների կատարումը համապատասխան մասնագետների, իսկ քաղաքական գնահատականների հարցը քաղաքական կուսակցությունների եւ գործիչների գործն է: Օրենսդրորեն պաշտպանի հիմնական խնդիրը ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքների քննարկումն է: Այս ամբողջ ընթացքում ոտնահարվել են հազարավոր քաղաքացիների իրավունքներ` սկսած պետական մարմինների կողմից չատոնված հանրահավաքներն ու երթերը չկասեցնելուց, վերջացրած քաղաքացիների նկատմամբ կիրառվող ուժի կամ ձերբակալված քաղաքացիների մեղադրանքների հիմնավորվածությամբ: Այս առումով ցանկալի կլիներ, որ պաշտպանի զեկույցը պատասխաներ այդ հարցերին: ՀՅԴ ակնկալում է պաշտպանի կողմից ավելի խիստ, հիմնավորված, իրավական տեսակետից անխոցելի, իսկ քաղաքացու տեսակետից` իր իրավունքների պաշտպանության նկատմամբ հետեւողական եւ արդյունավետ աշխատանք: Պարոն  Նռանյանը նշեց, որ  իրենք  բարձր ենք գնահատում մարդու իրավունքների պաշտպանի քաղաքացիական խիզախությունն ու համարձակությունը: Զեկույցը որքան էլ խոցելի լինի, այնուամենայնիվ հրապարակված դիրքորոշում է: Նշվեց, որ մինչ օրս տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ միայն ՀՅԴ-ն է սեփական ամբողջական դիրքորոշում արտահայտել: Պարոն Նռանյանի խոսքով` ՀՀ դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը պաշտպանի զեկույցի թերություններն են մատնանշել, այնինչ անհրաժեշտ է կատարված իրադարձությունների վերաբերյալ այդ մարմինների մանրամասն մեկնաբանությունը, գնահատումը:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արտաշես Ավոյանը  նշեց, որ քաղաքակիրթ հասարակության մեջ ժողովրդավարական ինստիտուտներից ամենակարեւորը, հումանիստականը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է: Մեր երկրում, սակայն այս ինտիտուտը դեռեւս շատ երիտասարդ է, չկայացած եւ չունի ձեւավորված ավանդույթներ:  Նրա խոսքով` պաշտպանի  միջազգային փորձը դեռեւս ամբողջությամբ չի յուրացվել մեր հասարակության կողմից, միաժամանակ դեռ չի էլ ձեւավորվել օմբուդսմենի հայկական մոդելի կերպարը, եւ մենք կանգնած ենք մի վտանգի առաջ, երբ  կարող է այս ծանրակշիռ եւ հարգարժան ինստիտուտը քննադատության եւ անհիմն դատողությունների հարթակ դառնալ: Նրա գնահատմամբ` զեկույցը հասարակական հնչեղություն ստանալու, լարվածությունը առավել սրելու,  պրոբլեմները խորացնելու եւ իրավիճակը փակուղային դարձնելու հայտ է ներկայացնում`  չտալով իրականում ոչ մի հիմնավոր լուծում եւ  հստակ գնահատական: ՕԵԿ համոզմամբ` մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի բոլոր քաղաքացիների պաշտպանն է, իսկ զեկույցում հստակ սահմաններ է  գծում եւ գնահատականներ է տալիս նախագահի այս կամ այն թեկնածուի շուրջ հավաքված ընտրազանգվածներին: Պարոն Ավոյանը ընդունելի է համարում մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ամփոփման հիմնական առաջարկը`  նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումասիրող անկախ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Հավարտ ելույթի` պարոն Ավոյանը նշեց, որ վերջին շրջանում ծավալված քննարկումները, այդ թվում նաեւ այսօրվա խորհրդարանական լսումները գալիս են երաշխավորելու, որ իրականում հակասությունները պետք է լուծվեն հանդուրժողականության եւ երկխոսության ճանապարհով, այլապես ծայրահեղականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի ոչ մեր քաղաքացիներին, ոչ էլ պետությանը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքով` պաշտպանը գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցելու փոխարեն արտահերթ զեկույցում շեշտը դրել է  ոստիկանության, դատախազության եւ այլ պաշտոնատար անձանց քննադատության կամ օրենսդրության թերությունների վրա: Պաշտպանն ակամա համակերպվել է  անօրիանական ճանապարհով իշխանության ձգտող ընդդիմության դիրքորոշման հետ, իր կամքից անկախ, նպաստելով Հայաստանում առանց այն էլ լարված մթնոլորտի շիկացմանը եւ քաղաքականացմանը: Նրա համոզմամբ` պաշտպանն իր մեկնաբանություններում եւ քաղաքական դատողություններում  պետք է խիստ զգույշ լիներ` պառակտիչ ընդդիմությանը հետագա չարամիտ գործունեության խթան չտալու համար: Ամենակարեւորը, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, ընդհանրապես մոռացության է տրված ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելուն, սոցիալական բեւեռացումը կանխելուն, երկրում հանդուրժողականության եւ հասարակական վստահություն հաստատելուն ուղղված եւ վաղուց հայտարարված պետական ծրագրերի ու ձեռնարկվող ինտենսիվ միջոցառումների մասին: Վերջում պարոն Պետրոսյանը նշեց, որ պաշտպանի զեկույցը ունի նաեւ նախազգուշական նշանակություն: Կարեւորն այն է, որ հաջորդ անգամ նման զեկույցն այդչափ քաղաքականացված չլինի, այն կազմվի տրամաբանորեն եւ իրավական տեսակետից  հիմնավորված:

Եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազ Աղվան  Հովսեփյանը ներկայացրեց քրեական գործի արդյունքով ձեռք բերված որոշ տվյալներ` նշելով, որ կա 35 մեղադրյալ, որոնց նկատմամբ ընտրված է այլ խափանման միջոց: Կալանքի տակ է գտնվում 40 անձ, որոնց առաջադրված են կոնկրետ մեղադրանքներ կոնկրետ գործողություններ կատարելու համար: Դատարան է ուղարկված 65 քրեական գործ 71 անձի նկատմամբ, նրանցից 28-ի վերաբերյալ արդեն կան դատավճիռներ: Նրանցից 10-ը դատապարտվել են ազատազրկման, 18-ը դատապարտվել են պայմանականորեն: 28 դատապարտված անձանցից 17-ը լիովին խոստովանել են իրենց կողմից հանցանք կատարելու փաստերը եւ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր ճանաչել, որոնց նկատմամբ կիրառվել է արագացված դատական քննության կարգը: 

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն  Հարությունյանը նշեց, որ որեւէ մեկն իր գործունեության մեջ չի կարող հավակնել բացարձակ ճշմարտությունների եւ խոստացավ հաջորդ ելույթն ավելի լավ գրել, եթե դրա կարիքը լինի: 

Ամփոփելով լսումները` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար  Մնացականյանը շնորհակալություն հայտնեց տեւական եւ մանրակրկիտ քննարկումների համար, որոնք կնպաստեն Հայաստանում ժողովրդավարության կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am