National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.03.2008
ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հանդիպումները խորհրդարանում

    
Մարտի 7-ին Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ, որին  ներկա էր նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտն անդրադարձավ Հայաստանի հետընտրական շրջանի իրադարձություններին: Նա նշեց, որ պետք է ճանաչել ՍԴ-ի իրավունքները եւ լիազորությունները` անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն ընտրությունների վերաբերյալ: Ըստ պարոն Պրեսկոտի` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ պայմաններ ունի երկխոսության համար, որոնք նաեւ Եվրամիության պահանջներն են: Նշվեց, որ բոլոր կողմերը հետաքրքրված են խնդիրը քննել եւ լուծել երկխոսությամբ: ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, կարեւորելով արտակարգ դրության վերացումը, նշեց, որ կառավարության խնդիրն է արտակարգ դրության լինել, թե չլինելը, սակայն երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Ջոն Պրեսկոտը գտնում է, որ անհրաժեշտ է զարգացնել եւ խթանել քաղաքական ակտիվությունը: Նա նշեց, որ Եվրախորհուրդը մտահոգություններ ունի կապված մարդու իրավունքների խնդիրների հետ, որոնք դրված են Հայաստանի եւ Եվրախորհրդի միջեւ համաձայնությունների հիմքում:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը  նշեց, որ լինելով հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը` մինչ քարոզարշավի մեկնարկը հանդես է եկել կառուցողական երկխոսությամբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ:  Սակայն, ըստ պարոն Բաղդասարյանի` քարոզարշավի մեկնարկից հետո այդ երկխոսությունը բարդանում էր: Նա առաջարկել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին ստորագրել համագործակցության փաստաթուղթ, սակայն մերժում է ստացել: ՀՀ առաջին նախագահը առաջարկել է պարոն Բաղդասարյանին միավորվել կամ դուրս գալ քաղաքականությունից: Խոսելով մարտի 1-ի գործողություններից` պարոն Բաղդասարյանը նշեց, որ իշխանությունները մտադրություն չեն ունեցել ցուցարարների նկատմամբ որեւէ գործողություններ իրականացնել. իշխանությունները պատրաստ էին սպասել ՍԴ-ի որոշմանը, սակայն իմանալով զենքի կուտակման մասին` որոշում է կայացվել ստուգում անցկացնել:  Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ իրավական խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտում եւ չպետք է քաղաքականացվեն: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ ՀՀ վարչապետի առաջարկով ներգրավվելով կոալիցիայի մեջ եւ ստանձնելով լուրջ պատասխանատվություն` իրենք գնալու են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով: 
 
Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Պարոն Պրեսկոտի խոսքով` այցը նպատակ ունի ծանոթանալ Հայաստանում ստեղծված իրավիճակին, իսկ ինչ վերաբերում է  ԵԽ վերջնական գնահատականին, ապա  եղել են առաջարկություններ, գործընթացը շարունակվում է եւ երկխոսությունը կծավալվի ընտրական բարեփոխումների շուրջ: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, պարոն Պրեսկոտը կարեւորեց երկխոսության եւ հանդուրժողականության անհրաժեշտությունը:  Նրա համոզմամբ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունեն բոլոր կողմերը, անկախ նրանից, թե համաձայն են նրանք այդ որոշման հետ, թե ոչ: Պարոն Պրեսկոտի կարծիքով անհրաժեշտ է  իրադարձությունները մանրամասն քննել, պարզել իրականությունը   եւ բոլոր հարցերի պատասխանը տալ:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այժմ քննարկել ընտրությունների անցկացումը, խախտումների չափը անիմաստ է: Ճիշտ է,  որ եղել են ընտրախախտումներ, բայց ՀՅԴ անիմաստ է համարում քննարկման առարկա դարձնել ընտրախախտումների չափը եւ չի պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները, քանի որ ընտրական համակարգը Հայաստանում շատ թերություններ ունի եւ որեւէ քաղաքական ուժի իրական վերահսկողության հնարավորություն չի ընձեռում:  Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը  իշխանությունների նկատմամբ դժգոհությունը օգտագործեց ապակառուցողական նպատակներով, ՀՅԴ-ն իր ողջ ընտրապայքարը տարավ կառուցողական, քաղաքակիրթ ճանապարհով: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ  դեռ փետրվարի 28-ին ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել հանդուրժողականության եւ համագործակցության եւ առաջարկել լարվածության թուլացմանն ուղղված քայլեր. ընտրական նոր համակարգի ձեւավորում, որը կբացառի ընտրախախտումների հնարավորությունը, երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմանների ստեղծում, ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքների ապահովում, որպեսզի ընդդիմությունը կարողանա ազդեցիկ գործոն դառնալ երկրում քաղաքական որոշումներ կայացնելու համար: Եթե ընդդիմությունը դրանից զրկվում է, միշտ փորձելու է կարեւոր գործոն դառնալ փողոցում:  Անդրադառնալով Երեւանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին, պարոն Հովհաննիսյանը այն համարեց այդ պահի համար անհրաժեշտ քայլ, բայց այժմ, նրա կարծիքով, հարկավոր է հրամանագրի որոշ դրույթները մեղմացնել, մասնավորապես ԶԼՄ-ների  ազատությանն առնչվող դրույթը: ՀՅԴ-ն ստեղծված հետընտրական իրադրությունից դուրս գալու համար պահանջում է անաչառ ու ամբողջական քննության ենթարկել կատարվածը եւ պատժել բոլոր մեղավորներին: Պարոն Հովհաննիսյանի  համոզմամբ` առաջնահերթը երկրի անվտանգությունն է, կայունության ապահովումը, որը հնարավություն կտա վերադառնալ ժողովրդավարության հաստատմանը:
 
ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Վարդան Խաչատրյանը հանդիպեցին Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող  ԵԽԽՎ-ում ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որ մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա  Ուրումովան:

Պարոն Պրեսկոտը նշեց, որ մտահոգված են հետընտրական զարգացումների եւ ընտրական համակարգի նկատմամբ հասարակության  անվստահության դրսեւորումներից: Նա անդրադարձավ նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը եւ նկատեց, որ նրա տեղեկացմամբ,  այդ շրջանում արդեն ստեղծվել էր լուրջ իրավիճակ` կապված խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հետ: Ներկայացնելով հետընտրական իրավիճակի վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները, պարոն Պրեսկոտն անհրաժեշտ համարեց երկխոսության ծավալումը, հավաստիացրեց, որ դրա համար եվրոպական միջազգային կառույցները կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները: 

 Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտն անհրաժեշտ համարեց արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների կրճատումը, բաց եւ հրապարակային քննության անցկացումը, ինչը եւս կնպաստի հասարակության վստահության բարձրացմանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ հետընտրական զարգացումներին եւ կարեւորեց տարբեր մակարդակներում երկակի ստանդարտների կիրառումը բացառելու անհրաժեշտությունը: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նախընտրական եւ հետընտրական իրադարձությունները, նկատեց, որ ներկայումս Սահմանադրական դատարանում ընթացող դատաքննությունը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, ինչը չի կարող օրինական համարվել եւ հասարակության մեջ կխորացնի  դատական համակարգի նկատմամբ անվստահությունը:

Խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, թե քիչ բան է արվում երկխոսություն ծավալելու համար. մասնավորապես, տրվում է միակողմանի տեղեկատվություն, ձերբակալվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները եւ այլն: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ պարոն Պրեսկոտի այցը կնպաստի երկխոսության ծավալմանը:
 



07.03.2008
Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում
Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով հյուրին` նշեց, որ հանդիպման նպատակը հետընտրական զարգացումները եւ ապագայի քայլերն են. ցավոք. մարտի 1-...

07.03.2008
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը
Մարտի 7-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am