National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.03.2008
Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում

Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով հյուրին` նշեց, որ հանդիպման նպատակը հետընտրական զարգացումները եւ ապագայի քայլերն են. ցավոք. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, որ նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձան, ընտրական գործընթացների շրջանակում չեն տեղավորվում: ԱԺ նախագահը կողմնակից է, որ լինի անաչառ եւ համարժեք վերաբերմունք այդ իրադարձություններին, բայց համաձայն չէ հնչած գնահատականներին, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունները ուժ են գործադրել: Խաղաղ ցուցարարները բարիկադներ չեն կառուցում ու զենք չեն կիրառում, մետաղյա ձողեր ու «Մոլոտովյան» ռումբեր չեն օգտագործում: Ապօրինի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը պահանջել է խուզարկություն անցկացնել եւ ի պատասխան բռնություն է կիրառվել: Եթե իշխանությունները 9 օր հանգիստ սպասել են` չմիջամտելով ապօրինի հանրահավաքներին, ապա մեկ շաբաթ էլ կարող էին սպասել մինչեւ Սահմանադրական դատարանի վճիռը: Տեղի ունեցածը չէր կարող նաեւ հասարակական դժգոհության արտահայտություն լինել, որովհետեւ եթե նման դժգոհություն կար, 8 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կարող էր արտահայտվել, իսկ անցած ժամանակամիջոցում վիճակը չի վատացել. հակառակը` մեծացել է բյուջեն, բարձրացել են աշխատավարձերն ու թոշակները: Վերջապես` անգամ ամենադժվարին իրավիճակներում նման իրադարձությունները բնորոշ չեն հայ ժողովրդին, որ մինչեւ հիմա շոկի մեջ է կատարված բարբարոսությունների ու վանդալիզմի դրսեւորումներից: ԱԺ նախագահը նշեց նաեւ այն քայլերը, որ պետք է ձեռնարկվեն վիճակը շտկելու համար` հասարակական-քաղաքական արմատական բարեփոխումներ, քաղաքական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն լիարժեք սոցիալական արդարության հաստատմանը, որոնց հիմքը պիտի լինի քաղաքական ուժերի համագործակցությունը քաղաքական ասպարեզում: Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ թե նախընտրական, թե հետընտրական շրջանում ՀՀ վարչապետը հանդես է եկել համագործակցության առաջարկներով, որոնք արդեն իրենց արդյունքները տվել են, սակայն առջեւում զգալի անելիքներ դեռ կան: Նա կարեւորեց երկխոսության ու համագործակցության առարկայի որոշարկումը` նշելով, որ քրեական հանցագործների տեղը դատարանն է, որի որոշումից հետո նրանք պիտի իրենց պատիժը կրեն եւ նրանց հետ երկխոսության առարկա չկա: Չի կարելի երկրում նախադեպ ստեղծել` որ հնարավոր է նման մեթոդներով քաղաքական կամ իրավական հարցեր լուծել:  ԱԺ նախագահը նաեւ իր անհամաձայնությունը հայտնեց իրադարձություններից մի քանի ժամ հետո հնչած գնահատականներին` համարելով դրանք անզգույշ, որ, թերեւս, նաեւ հետեւանք էին լիարժեք տեղեկատվության ուշացման:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին նշեց, որ վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եղել եւ մնում են Եվրամիության ուշադրության կենտրոնում, որովհետեւ Եվրամիության համար Հայաստանն առավել մեծ նշանակության գործընկեր է դարձել: Պարոն Սեմնեբին հավաստեց, որ Եվրամիությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ այս վիճակից երկիրը դուրս բերելու գործում: Նա անցանկալի համարեց ընդունված սահմանափակումները` գտնելով, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է ներգրավվեն իրավիճակի լուծումների մեջ, հնարավորինս արագ վերացվի արտակարգ իրավիճակը, վերականգնվի զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունը, մարտի 1-ի դրությամբ ձերբակալվածներն ազատ արձակվեն: Նա գոհունակություն հայտնեց, որ վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմության հետ համագործակցության նախաձեռնություն է ցուցաբերել եւ այդ համագործակցության ընդլայնման կարեւորությունը նշեց: Նրա գնահատականով` իրադարձությունների պատճառներն ու հետեւանքները ամբողջությամբ վերհանելու եւ հետագա զարգացումները կանխելու նպատակով պետք է ստեղծվի հետաքննող խումբ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ հարգել եւ հարգում է ընդդիմության, այդ թվում արմատական, քաղաքական հայացքները, բայց չի կարծում, որ ավտոմեքենաներ այրելը քաղաքական դիրքորոշման արտահայտման ձեւ է: Քրեական ցանկացած հանցանք, ով էլ այն կատարած լինի, պիտի իր արժանի պատիժը ստանա: Անդրադառնալով պարոն Սեմնեբիի առաջարկին` ԱԺ նախագահը կարեւորեց այդ խմբի գործունեության նպատակի ճշտումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելուն. պարոն Սեմնեբին, նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ, այդ քայլը շատ լուրջ եւ կարեւոր որակեց` խնդրելով պատճառները բացատրել: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ 9 տարի աշխատում է խորհրդարանում եւ այդ ընթացքում դեպքեր են  եղել, երբ պատգամավորները հարկադրված նման վճիռներ են կայացրել: Նա հիշեցրեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակցության մեղադանքով պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքը, երբ որոշ ժամանակից պատգամավորն ազատ արձակվեց եւ նրան ուրախությամբ ընդունեցին խորհրդարանում: ԱԺ նախագահը նշեց, որ Ազգային ժողովը դատավոր չէ եւ չի կարող որոշել որեւէ մեկի հանցավոր լինել կամ չլինելը, սակայն չէր կարող լիակատար հնարավորություն չստեղծել լիարժեք քննության համար: Նշված պատգամավորներից երկուսը այժմ փախուստի մեջ են եւ որեւէ մեկը չէր կարող երաշխավորել, որ մյուս երկուսն էլ այդ քայլին չեն դիմի: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ կարճ ժամանակից ամեն ինչ կպարզվի եւ եթե պատգամավորները որեւէ քրեական հանցանք չեն գործել, նրանք ազատ կարձակվեն: Պարոն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց վերստին հանդիպել եւ անհրաժեշտության դեպքում առաջացած խնդիրները քննարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am