National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.12.2007
Շարունակվում են Ազգային ժողովի քառօրյա նիստերը

Ազգային  ժողովը  դեկտեմբերի 5-ին շարունակեց  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» եւ հարակից  օրինագծերի քննարկումը:

Հնչեցին խորհրդարանի քաղաքական ուժերի  տեսակետները:

«Ժառանգություն» խմբակցության անդամների մտահոգությունները եւ առաջարկությունները օրինագծի վերաբերյալ  ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը: Խմբակցությունը գտնում է, որ պետք է օրինագծի վերաբերյալ  հասարակական քննարկումներ կազմակերպվեն` ապահովելով շահագրգիռ անձանց մասնակցությունը: «Ժառանգությունը» մտահոգված է, որ  հակասություն է ստեղծվել Սահմանադրության հետ, քանի որ չի կատարվում սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական փոփոխությունները երկու տարվա ընթացքում իրականացնելու պահանջը: Թեեւ դեռեւս ոչ վերջնական ձեւակերպմամբ, բայց խմբակցության պատգամավորներն առաջարկում են Երեւանի քաղաքապետին ընտրել ուղղակի ընտրությամբ: Նաեւ` քաղաքապետի կարգավիճակը տարանջատել ավագանու կարգավիճակից եւ տեղական ինքնակառավարման մարմնիններում կանանց ներկայությունն ապահովելու համար քվոտաներ նախատեսել: Այդուհանդերձ`  Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ կատարվել է մեծ աշխատանք:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը իրենց դիրքորոշումը պայմանավորվում է բարձրացված հարցերի ու առաջարկների  վերաբերյալ հեղինակների արձագանքով: Նկատելով, որ Երեւանի կարգավիճակը երբեք էլ չի արդարացրել իրեն, պրն. Կարապետյանը կարեւոր  ձեռքբերում է համարում, որ նախագծում Երեւանը դիտարկվում է որպես համայնք եւ նախատեսվում է քաղաքապետի ընտրության մեխանիզմ: Խմբակցությունը ողջունում է կուսակցական պատասխանատվության առկայությունը մայրաքաղաքը կառավարելու հարցում:  Փոխարենը պրն. Կարապետյանը գտնում է, որ քաղաքապետի ընտրության գործընթացում չպետք է լինի մեխանիկական  տարր  եւ պետք է բացառել «բոնուսով» ընտրությունը, քանի որ Երեւանի քաղաքապետը պետք է վայելի գոնե ավագանու մեծամասանության վստահությունը: Ըստ Հրայր Կարապետյանի, դեռ կան ճշգրտման ենթակա հարցեր եւ իրենք, քննարկումներից հետո, կառավարությանը կներկայացնեն առաջարկներ:

«Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը  է նախագծերին կողմ է քվեարկելու, նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա  կարծիքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրինագծի ընդունումը կոնկրետ խնդիրներ կլուծի: Այս խմբակցությունը եւս  ողջունում է  քաղաքական եւ կուսակցական պատասխանատվությունը քաղաքապետի պաշտոնի համար: Խմբակցության ներկայացուցչի խոսքերով, այդպես պարզ կլինի` ումից ինչ պահանջել: Տկն. Զոհրաբյանը նպատակահարմար է համարում կիրառել  քաղաքապետի  անուղղակի ընտրությունը` ասելով, որ ուղղակիին դեռ պատրաստ չենք:

ՀՀԿ խմբկացությունը  պաշտպանում է խորհրդարանական լսումներում օրենսդրական փաթեթը քննարկելու  առաջարկը: Խմբակցության անունից Սամվել Նիկոյանը հեղինակներին կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտեց եւ նշեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում կաշխատեն օրինգիծն առավել ամբողջական եւ անթերի դարձնել: Իսկ մինչ այդ  առաջարկում են առաջին ընթերցմամբ նախագծերն ընդունել: ՀՀԿ խմբակցությունը  եւս պաշտպանում է կուսակցական պատասխանատվության ներդրումը քաղաքապետի  ընտրության հարցում: Խմբկացության քարտուղարի գնահատմամբ` օրինագծում  հստակ է արտացոլված  քաղաքապետի եւ ավագանու անդամների միջեւ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նշելով. «Այս օրենքի նախագիծը, ըստ էության, Երեւանի պատմության տեսակետից իսկապես պատմական օրենք է եւ լիովին կիսում եմ մեր գործընկերների հարցադրումները օրենքի կարեւորություն տեսակետից: Լիովին համաձայն եմ նաեւ այն տեսակետի հետ, որ սա, բացի շատ կարեւոր լինելուց, նաեւ չափազանց բարդ օրենք է: Դա է վկայում թեկուզ այն փաստը, որ թվարկումը, թե այս օրենքը որ օրենքների մեջ է փոփոխություններ առաջացնում, արդեն իսկ պատկառելի է: Այս առումով` արդեն իսկ ակնհայտ է, որ մենք չափազանց կարեւոր հարց ենք քննարկում: Կարծում եմ` դրանից ելնելով էր, որ հանձնաժողովն առաջարկել էր առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բավականին մեծ մի ժամանակահատված ապահովել քննարկումների համար:

Իսկզբանե ասեմ, որ խնդիրների եւ հարցադրումների ներկայացումը բոլորովին չի նսեմացնում այն մեծ ծավալի աշխատանքը, որը արվել է եւ որը առջեւում դեռ կա անելու: Անկեղծորեն պիտի ասեմ, որ մի քիչ ռոմանտիկ եմ համարում այն հարցադրումները, որ բազմակուսակցական համակարգի զարգացման տեսակետից այս օրենքը ունի չափազանց կարեւոր նշանակություն, որովհետեւ ի վերջո բազմակուսակցական համակարգի զարգացման տեսակետից ամենակարեւոր մարմինը խորհրդարանն է: Ես լավատես չեմ, որ` եթե ինչ-որ առաջանցիկ քայլեր անում ենք Երեւանի ավագանու հետ կապված, դա պիտի բերի բազմակուսակցական համակարգի զգալի բարելավմանը: Դա ուղղակիորեն կապված է լինելու խորհրդարանի աշխատանքի հետ եւ խորհրդարանական ընտրությունների հետ: Էլ չեմ ասում, որ հարցադրումներ են առաջանում, թե ինչպես է, որ մի քանի ամիս առաջ, երբ խորհրդարանական ընտրությունների էինք պատրաստվում, մենք նման քայլեր խորհրդարանի համար չարեցինք եւ հիմա անում ենք ավագանու հետ կապված: Այս առումով ես ուզում եմ ավագանու հետ կապված խնդիրը դիտարկել սոսկ որպես Երեւան քաղաքի ավագանու խնդիրներ, որը նույնպես չափազանց կարեւոր հարց է, որովհետեւ իվերջո ավագանին որոշելու է շատ ու շատ հարցեր, որոնք վերաբերում են մեր մայրաքաղաքին: Սա մեր հիմնախնդիրներից մեկն է եւ, իմ կարծիքով` անհրաժեշտություն չկա բազմակուսակցական համակարգի զարգացումով արժեւորել այս խնդիրը, ինքնին չափազանց կարեւոր խնդիր է: Ավագանու հետ կապված. մենք ունենք 18-րդ հոդվածը, որի 2-րդ կետում ասվում է հետեւյալը. եթե այս օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում Երեւանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով քվեներ, ապա կառավարությունն արձակում է Երեւանի ավագանին: Կարծում եմ` հեշտ է նկատել, որ 44-րդ հոդվածը որեւէ ժամկետ չի սահմանում եւ այս կետը սկզբունքորեն անգամ ավելորդ է, որովհետեւ առաջին նիստի կարեւոր խնդիրը հենց քաղաքապետի ընտրությունն է եւ եթե այդ նիստը շարունակվի, ենթադրենք 4 ամիս, ինչպես այստեղ նշված է, այսինքն այն ժամկետները, որոնք գործունակության հետ են կապում ավագանու արձակումը, ապա ինքնաբերաբար, եթե այդ հարցը չի լուծվում, սա լուծում է առաջացնում: Կամ` եթե համարում ենք, որ չարժի 3 կամ 4 ամիս սպասել, եկեք այդ 44-րդ հոդվածում սահմանենք ժամկետ` մեկ ամիս, ամիսուկես, երկու ամիս: Մյուս խնդիրը` ոչ գործունակությանն է վերաբերում այս հարցը, իսկ ոչ գործունակության հետ կապված խնդիրը արդեն լուծված է այս նախագծում:

Հաջորդ հարցադրումը վերաբերում է Երեւանի քաղաքապետին: Նախ խոսեմ 41-րդ հոդվածի մասին, որի 1-ին կետում նշված է. Երեւանի քաղաքապետը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման գործառույթներ իրականացնող մարմին, անձ է: Կարծում եմ` բացարձակապես անընդունելի է այս ձեւակերպումը: Որեւէ հիմքով, որեւէ նպատակով տեղական ինքնակառավարումն ու տարածքային կառավարումը չեն կարող մեկ մարմնի կամ մեկ անձի կողմից իրականացվել: Իհարկե, ես հասկանում եմ հեղինակների դժվարությունը, որովհետեւ իվերջո, երբ մենք այս, եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, պատմական որոշումը ընդունենք, այսինքն` փորձենք Երեւանը կառավարել որպես համայնք, այդ ժամանակ մարզային կարգավիճակը, որ նախկինում ուներ Երեւանը, վերանում է եւ տարածքային կառավարման հետ կապված բարդություններ են առաջանում, սակայն կարծում եմ` պետք է գտնել այլ լուծում, առավելեւս` ժամանակ կա, եւ չհամատեղել քաղաքապետի մեջ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման լիազորություններ կամ իրավասություններ: Դա կլինի, համոզված եմ, շատ կոպիտ քայլ եղած իսկապես դժվարին հարցի լուծման համար:
 
Հաջորդը վերաբերում է քաղաքապետի ընտրությանը: Իմ կարծիքով` մեր գործընկերները, ովքեր աշխատել են այս նախագծի վրա, մի քիչ ավելի շատ են ջանք թափել, քան անհրաժեշտություն կար: Որովհետեւ` նախ հայտարարել, որ առաջին  հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ, կարծում եմ` դրա կարիքը չկար: Եթե որեւէ մեկը ունի 50 տոկոս, ինչու՞ ոչ: Ինչու՞, օրինակ, խորհրդարանում Աժ նախագահը, կամ այլ պաշտոններում պիտի մարդիկ ընտրվեն` ում մեծամասնությունը, 50 եւ ավելի տոկոս հավաքած խմբակցությունը, պաշտպանում է, թող ընտրվի: Ի՞նչն է մեզ խանգարելու: Սա, ավելի քան համոզված եմ, որեւէ կապ չունի բազմակուսակցական համակարգի զարգացման հետ, ուղղակի ավելորդ քայլ է` մի փոքր ավելի խճճում է այս ընտրության համակարգը, եւ դրա կարիքը բացարձակապես չկա: Ավելին` պարտադրվում է, այստեղ հրաժարվելու մասին անգամ հարց չկա: Բոլորովին այլ հարցի մասին է. ով առաջինը եղավ ցուցակում, որ բավարարում է պահանջներին, պիտի անպայման լինի քաղաքապետ: Սա է այստեղ գրված: Որովհետեւ իվերջո, մեծամասնության ցուցակի մեջ մարդը կարող է չդառնալ քաղաքապետ միայն մի դեպքում, եթե չի բավարարում 30 տարեկան լինելու եւ մյուս պահանջներին, որոնք ավելի խիստ են, քան ավագանու անդամին ներկայացվող պահանջները: Պարտադրված քաղաքապետ, կարծում եմ, ուղղակի չարժի ունենալ: Ավելի լավ է` եւս մեկ անգամ ընտրություն կազմակերպենք, թող 50 տոկոսից ավելի ունեցողը գա եւ քվեարկի իր առաջադրած թեկնածուի օգտին: Ուզում է, թող առաջին համարին  քվեարկի, ուզում է` երկրորդին, տասներորդին, իր խնդիրն է, ում ուզում է, թող նրան քվեարկի: Եթե կա մի մարդ, որ իսկապես լավագույն քաղաքապետը կլինի, կարծում եմ` որեւէ կուսակցություն չի դնի իր ցուցակի, ասենք, 35-րդ կամ 40-րդ տեղում: Սա ավելորդ կոշտացնում է քաղաքապետի ընտրությունը: 4-րդ կետում ասվում է նաեւ, որ Երեւանի քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, իսկ 6-րդ կետում ասվում է, որ եթե մեկ թեկնածու է, ապա 40 տոկոսից ավելի ձայներ պետք է հավաքի, բայց իհարկե` քվեարկածների կեսից ավելին: Երկու տեսակի քաղաքապետ, կարծում եմ` չարժի, որ մենք ունենանք: Ինչու՞ պիտի, անգամ մեկ թեկնածուի պարագայում, մենք իջեցնենք պահանջը եւ ավագանու անդամների կեսից պակասի դեպքում էլ մարդը դառնա քաղաքապետ: Բացարձակապես անընդունելի է: Դարձյալ ուզում եմ, չնայած վստահ եմ` էական զուգահեռներ չկան, ԱԺ նախագահի ընտրության  հետ համեմատել: Չի ասվում, որ եթե ԱԺ նախագահի թեկնածուն մեկն է, եկեք 40 տոկոս ձայներով ընտրենք նրան Աժ նախագահ: Իմ կարծիքով` ճիշտ հակառակը, եթե այլ տեղերում ավելորդ կոշտացրել ենք, այստեղ ավելորդ թեթեւացնում ենք քաղաքապետի ընտրությունը:

Կա եւս մեկ խնդիր, որը շատ լուրջ ուշադորթյան արժանի է. քաղաքապետին անվստահություն հայտնելու հետ կապված հարցադրումը: Շատ կարեւոր է, որ քաղաքապետը իր խմբակցության հետ շատ սերտ համագործակցության մեջ լինի, բայց մյուս կողմից` քաղաքապետը պիտի ունենա նաեւ որոշակի պաշտպանվածություն: Մեկ երրորդով անվստահություն հայտնելը իսկապես շատ կարեւոր հարցադրում է, բայց նաեւ մի փոքր պիտի մտածենք` արդյո՞ք սա բավարար է, որ նաեւ չդառնա բացասական` խափանարար գործողության մեխանիզմ, ինչը մեր քաղաքական կյանքում, ցավոք սրտի, իր դրսեւորումները ժամանակ առ ժամանակ ունենում է:  

Եվ վերջինը` Երեւան քաղաքի բյուջեի հարցը: Իհարկե` հարկատեսակներից պիտի մասհանում արվի անպայման: Բայց սա չափազանց բարդ խնդիր է` որոշել, թե որ մասը պիտի մնա Երեւանի բյուջեի մեջ եւ որը գնա պետական բյուջե: Չափազանց բարդ է` եւ Երեւանի դիրքով, եւ Երեւանում տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացվածությամբ,  հարկերի հավաքելիության մեջ Երեւանի ահռելի մասնաբաժնով: Կարծում եմ` պատահական չէ, որ դեռեւս մեր գործընկերները այդ խնդրի համար լիարժեք լուծումներ չեն առաջարկում: Սա իսկապես լինելու է այս օրենքի լուծման առանցքային խնդիրներից մեկը, որովհետեւ  շատ կարեւոր է, որ հավաքվող հարկերի մասնաբաժինը, որ Երեւանում է մնալու, բավարար լինի Երեւանի լիարժեք գործունեության համար, բայց չլինի այնքան մեծ, որ դա ազդի մարզերի կենսագործունեության վրա` վատացման առումով: Մեր հիմնական խնդիրներից մեկը նաեւ այդ անհամամասնությունների շտկումն է, որ եւ կառավարությունն է արձանագրել, եւ մեր խմբակցությունները, երբ իրենց կուսակցություններով խորհրդարանական ընտրություններին էին մասնակցում, իրենց ծրագրերում են ամրագրել: Սա իսկապես չափազանց լուրջ եւ բարդ խնդիր է, եւ շատ կարեւոր է, որ երբ  գարնանային նստաշրջանում վերջնականորեն անդրադառնանք այս նախագծին եւ լուծումներ ամրագրենք, այս բարդ, բայց անհրաժեշտ լուծում պահանջող խնդիրը իսկապես ունենա այնպիսի լուծումներ, որոնք կարողանան այդ նուրբ եզրի վրա գտնվել, որ եւ չխոչընդոտեն Երեւանի զարգացմանը, եւ չխոչընդոտեն մարզերի զարգացմանը:  Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ քաղաքապետի անուղղակի կամ ուղղակի ընտրությունը ինքնին չի կարող լավ կամ վատ լուծման հիմք լինել: Կան լուծումներ եւ մեկի եւ մյուսի դեպքում, շատ կարեւոր է, որ հակակշիռների մեխանիզմ ամրագրվի եւ շատ կարեւոր է, որ երկրի եւ Երեւանի զարգացման տեսակետից լիարժեք լինի այս փաթեթը: Ես նույնպես համաձայն եմ մեր գործընկերների հետ, որոնք կոչ արեցին  կողմ քվեարկել այս փաթեթին, բայց նաեւ պետք է ակտիվորեն աշխատել մինչ երկրորդ ընթերցում` այս նախագծի վրա»:  
 
Տարածքային կառավարման նախարարի տեղակալ  Վաչե Տերտերյանը եզրափակիչ ելույթում առաջարկեց այս տեսքով փաստաթղթերն ընդունել որպես հիմք` հետագայում բոլոր առաջարկությունները քննակելու պայմանով:

Խորհրդարանը քննարկեց նաեւ «Երկաթուղային  տրանսպորտի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերը` երրորդ ընթերցմամբ ըւնդունելու համար: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ  պատգամավորների առաջարկները լրամշակված տարբերակում հիմնականում արտացոլվել են: Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանն առաջարկեց երրորդ ընթերցմամբ ընդունել  նաեւ «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը:

Այս նիստում խորհրդարանն անդրադարձավ ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն այդ  պաշտոնում  առաջարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանի թեկնածությունը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն առաջադրեց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

Մխիթար Մնացականյանը, ներկայացնելով աշխատանքային իր փորձը, նկատեց, որ քաջ գիտակցում է այս պաշտոնի դերը, աշխատանքի ծավալը եւ պատասխանատվությունը: Նա նշեց, որ մարդու իրավունքի ոլորտում իր աշխատանքը հատկապես հանրության խոցելի խմբի  հետ է եղել:  Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պրն. Մնացականյանը պատրաստվում է համագործակցել թե կառավարության, թե խորհրդարանական քաղաքական ուժերի եւ թե հանձնաժողովների հետ: Նա հատկապես մեծ ուշադրության է արժանացնելու հասարակական սեկտորին եւ քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքներին: Լարիսա   Ալավերդյանը ներկայացրեց, որ հումանիտար իրավունքի ոլորտում մասնագիտանում է 1988 թ. ի վեր` գլխավորելով հասարակական կազմակերպություն:  Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նրա փորձի կուտակմանը նպաստել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր աշխատանքը: Տկն. Ալավերդյանի ձեւակերպմամբ` մարդու իրավունքների պաշտպանությունն իր համար երկրի եւ ժողովրդի արժանապատվության պաշտպանություն է: Ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանի կոալիցիոն ուժերին առաջարկեց  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը  ընդդիմությանը տրամադրել:

Թեկնածությունների մասին  ելույթ ունեցավ միայն «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի  Փոստանջյանը: Նա  առաջարկեց ընտրել Լարիսա Ալավերդյանին:

Ելույթ ունեցավ նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նշելով, որ իսկապես կարեւոր հարց է քննարկվում եւ չպետք է մոռանալ այն հիմնական օրենքը, որը կարգավորում է պատգամավորների գործունեությունը խորհրդարանում. «ԱԺ  կանոնակարգն ունի շատ պարզ մի  դրույթ հոդված 21-ում. հանձնաժողովների խնդիրն է քննարկել իրենց ոլորտներին վերաբերող նախագծերը եւ տալ եզրակացություն: Թեեւ այս հանձնաժողովի անվան մեջ մարդու իրավունքների պաշտպանությունն արտացոլված է, բայց դա չի նշանակում, որ հանձնաժողովի նախագահը պետք է զբաղվի այն գործերով, որոնցով, մեկ այլ օրենքի համաձայն, զբաղվում եւ զբաղվելու է մարդու իրավունքների պաշտպանը: Թեկնածուների հետ կապված որեւէ խնդիր չունենալով, ես ունեմ մի մտահոգություն, որն առաջացավ այս ելույթների ժամանակ: Կարծում եմ, որ «Ժառանգություն» խմբակցությունը, որին ուզում եմ  շնորհակալություն հայտնել թեկնածու առաջադրելու համար, մի փոքր այլ պատկերացում ունի այս հանձնաժողովի նախագահի  աշխատանքի հետ կապված: Եւ ամենացավալին` որ քաղաքական խնդիրները շփոթվում են Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի պարտականությունների հետ: Սա ինձ համար մտահոգիչ է: Ինձ համար նաեւ անըդնունելի են զուտ այս ընտրության ժամանակ հնչած կարծիքները, թե ահա` հանձնաժողովը լավ չի աշխատել, կամ պասիվ է եղել: Եթե որեւէ մեկն ուներ ինչ-որ հարցադրում, կարող էր դա իրականացնել: Կամ մասնակցել հանձնաժողովի նիստերին` որպես հանձնաժողովի անդամ, եւ իր հարցադրումներով փորձել ավելի աշխույժ դարձնել  հանձնաժողովի աշխատանքը, եթե համարում է, որ դրա անհրաժեշտությունը կա: Թե չէ` ընտրությունների հետ կապված սկսել ինչ որ հարցադրումներ, կամ` եկեք սա տանք ընդդիմությանը... Հանձնաժողովների նախագահների աշխատանքները պիտի բացարձակապես կախված չլինեն այն բանից, թե  նախագահը ընդդիմությա՞ն ներկայացուցիչ է, թե՞ խորհրդարանական մեծամասնության: Ճիշտ հակառակը. հանձնաժողովի նախագահն իր աշխատանքի ընթացքում պիտի որեւէ տարբերություն չդնի հարցադրումներ կատարողների քաղաքական պատկանելիության հետ կապված: Քաղաքական պայմանավորվածությունը խորհրդարանական կյանքի անբաժանելի մասն է, եւ բացարձակ կապ չունի ժողովրդավարության չափի եւ ավանդույթների հետ: Ամենահին ավանդույթներ ունեցող խորհրդարաններում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համաձայնությունների հիման վրա են լուծվում: Եւ երբ մենք մեր գործընկերներին պիտի  ընտրենք որեւէ պաշտոնում, մեզ համար չափանիշը պետք է լինի հետեւյալը. այն անձը, ում մենք ձայն ենք տալիս, կարո՞ղ է կատարել հանձնաժողովի նախագահի պարտականությունները այնպես, ինչպես պահանջվում է օրենքով:  Հարցադրումներ են հնչում հանձնաժողովի նախագահի քաղաքացիական  դրսեւորումների մասին, որոնք որեւէ կապ չունեն հանձնաժողովի աշխատանքի հետ: Ես ուղղակի ուզում եմ խնդրել իմ գործընկերներին` մնալ որոշակի սահմաններում եւ չփորձել այս կամ այն հարցը ծառայեցնել ընտրությանը կամ նման այլ խնդրի»:
 
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 6-ին` հաջորդելով էլեկտրոնային վերջին քվեարկությանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար  քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների  կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծերը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ներկայացրեց, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի երկու եւ կառավարության երեք առաջարկությունների հիման վրա փաստաթղթերը լրամշակվել են: «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրինագծերի փաթեթը փոխոստիկանապետ Արարարտ Մահտեսյանն առաջարկեց  ընդունել երկրորդ ընթերցմամբ: Մինչ այդ` նախագծի 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ հոդվածները քննարկվեցին առաջին ընթերցման ընթացակարգով: Հիշեցնենք, որ այս փոփոխություններով ոստիկանության ստորաբաժանումներում նախատեսվում է ներդնել քաղաքացիական  ծառայություն:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը Արարատ Մահտեսյանն առաջարկեց ընդունել երկրորդ ընթերցմամբ:  Փոփոխությունը նպատակ  ունի բնակչության պետական ռեգիստրում կուտակել նաեւ երկքաղաքացիների վերաբերյալ տվյալներ եւ ապահովել երկքաղաքացիների հաշվառումը:

Քննարկված հարցերի քվեարկությունները կկազմակերպվեն դեկտեմբերի 6-ի նիստում:

Քառօրյա նիստերի երրորդ օրվա վերջին նիստը, Աժ կանոնակարգի սահմանած կարգով, տրամադրվեց պատգամավորներ-կառավարություն հարցուպատասպանին:


05.12.2007
Քննարկվեցին Հայաստանի պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով ԵԽ...

05.12.2007
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հանդիպումներն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 5-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն հանդիպումներ ունեցան ԱԺ խմբակցությունների  հետ: Հանդիպումներին մասնակցում էր  Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:«Ժառանգության» խմբակցության հե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am