National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.12.2007
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հանդիպումներն Ազգային ժողովում

Դեկտեմբերի 5-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն հանդիպումներ ունեցան ԱԺ խմբակցությունների  հետ: Հանդիպումներին մասնակցում էր  Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

«Ժառանգության» խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն տեղեկացրեց, որ այցի նպատակը երկրի ներքաղաքական իրավիճակին ծանոթանալն է` խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախագահական ընտրություններից առաջ: Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց խմբակցության անդամներին, նշեց, որ իրենց կուսակցությունը շահագրգիռ է Հայաստանի` Եվրոպային ինտեգրվելու հարցում: Խմբակցության անդամներն անդրադարձան երկրի ներքաղաքական իրավիճակին, նախընտրական  գործընթացներին` մտահոգություն հայտնելով դատաիրավական համակարգի գործունեության, խոսքի ազատության, այլակարծության, ընտրական, սեփականության իրավունքների սահմանափակման, ընդունված եւ քննարկվող որոշ օրենքների եւ օրինագծերի առնչությամբ: Անդրադարձ եղավ  որոշ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների, խմբակցության  անդամների բնորոշմամբ, անհասկանալի զեկույցներին,  հույս հայտնվեց, որ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցները կլինեն անաչառ եւ հավաստի:  

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն հանդիպեցին «Օրինաց երկիր» խմբակցության  անդամ Մհեր Շահգելդյանի հետ:

Հյուրերի խնդրանքով Մհեր Շահգելդյանը ներկայացրեց կուսակցության քաղաքական ու օրենսդրական գործունեությունը: Քննարկվեցին նախագահական ընտրություներին` մասնավորապես քարոզարշավին եւ քվեարկությանը առնչվող հիմնախնդիրներ: Պարոն Շահգելդյանը կարեւորեց նախագահական ընտրությունների ազատ, հավասար մրցակցային պայմաններով անցկացումը, ԶԼՄ-ների հասանելիությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի համար եւ նրանց անկախության ապահովումը: Նա կարեւորեց նաեւ նախագահական ընտրությունների ընթացքում կեղծիքների բացառման բոլոր հնարավոր մեխանիզմների օգտագործումը, որը կապահովի  ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Ըստ պարոն Շահգելդյանի` ՀՀ ներքին պետական քաղաքական համակարգի գործունեության, քաղաքացիների քաղաքական իրավունքների եւ միջազգային ատյաններում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար շատ կարեւոր են լեգիտիմ ընտրությունները:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլուն Ազգային ժողովում հանդիպեցին ՀՅԴ խմբակցության անդամների հետ:

Հանդիպման առանցքում առաջիկա նախագահական ընտրություններն էին: Կողմերը  կարեւորեցին նախագահական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը:  Այս  համատեքստում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը  նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել իր առաջարկությունների փաթեթով, որն ուղղված է ընտրություններն ավելի արդար եւ թափանցիկ դարձնելուն: ՀՅԴ-ն իր առաջարկություններից կարեւորում է կրկնակի քվեարկությունը կանխելու նպատակով քվեարկողների   անձնագրերում կնիք դնելը, որը խորհրդարանը ընդունել է: Մյուս կարեւոր առաջարկը, որով հասանելի կդառնային ընտրություններից հետո քվեարկածների ցուցակները, մերժվել է: Ըստ Վահան Հովհաննիսյանի` առանց այդ առաջարկի ընդունման,  Հայաստանի ընտրական համակարգը կատարյալ համարել չի կարելի:  Անդրադառնալով նախագահական ընտրություններին` պարոն Հովհաննիսյանը անհրաժեշտ համարեց նախընտրական պայքարը քաղաքակիրթ դաշտում տանելը եւ  կարեւորեց պայքարը ոչ թե անհատների, այլ գաղափարների, քաղաքական մոտեցումների միջեւ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց ԶԼՄ-ների անկախությունը,  հատկապես նախընտրական շրջանում, քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:    

ԵԽԽՎ մոնիտորինգի  հանձնաժոողովի  համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն  եւ հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլուն հանդիպեցին նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ:

Պարոն Կոլոմբիեն նշեց, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին ու նախընտրական գործընթացին: Նա  հույս հայտնեց, որ 2008 թ. նախագահական ընտրությունները եւս լավ կանցնեն եւ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական ուղիով  ընթանալ: Նա ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար կարեւորեց թեկնածուների համար լրատվամիջոցներով հավասար պայմաններ ապահովելը:

Խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ներկայացրեց կուսակցության ծրագրային հիմնական դրույթները: Նա ընդգծեց, որ ծանոթ են ԵԽ-ի ընդունած  Հայաստանին վերաբերող բանաձեւերին եւ գտնում են, որ այդ պարտավորությունների կատարումն անհրաժեշտություն է, որով ճանապարհ կբացվի եվրոպական ինտեգրմանը ավելի մեծ չափով մասնակցելու ուղղությամբ: Ըստ պարոն Սաֆարյանի`  եվրաինտեգրման հարցերը իրենց ծրագրի կարեւոր դրույթներն են: Նշվեց, որ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին եվրոպական չափանիշներին եւ այդ ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորվել է քաղաքական նոր մշակույթ. ատելության եւ թշնամանքի փոխարեն կա  մրցակցություն  եւ գաղափարների պայքար: Խմբակցության քարտուղարը հույս հայտնեց, որ 2008 թ. նախագահական ընտրությունները եւս  արդար ու թափանցիկ կընթանան:

Խմբակցության անդամ Նաիրա Զորհրաբյանը տեղեկացրեց, որ «ԲՀ» կուսակցությունը 2008 թ. նախագահական ընտրություններին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նա հանդուրժողականության կոչ արեց եւ հույս հայտնեց, որ լրատվամիջոցները չեն անցնի կոռեկտության սահմանը:    
  
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեի եւ հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուի հետ հանդիպեցին նաեւ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները:

Պարոն Կոլոմբիեի խնդրանքով հայ խորհրդարանականները ներկայացրին Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումները եւ գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց մոտեցումները:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի գնահատմամբ` իրենց համար շատ կարեւոր է, որ ընտրություններում հաղթի իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչը, բայց առավել կարեւոր է արդար, եվրոպական չափանիշներին համապատասխանող  ընտրության անցկացումը, դրա վերաբերյալ միջազգային հանրության եւ Հայաստանի քաղաքացիների կարծիքը: Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումները, որոնք վերաբերում են ընտրողի անձնագրում դրոշմակնիք դնելուն, արձանագրությունների պարզեցմանը, հանրապետության մեկ այլ վայրում գրանցված քաղաքացիներին բնակության վայրում ընտրություն կատարելու հնարավորություն տալուն, ընտրության հրապարակայնությանն ու թափանցիկությանը, միայն ընտրախախտումները բացառելու միտում ունեն:

Հերմինե Նաղդալյանի կարծիքով` հաջող ընտրությունները պայմանավորված են նաեւ քաղաքական կամքով. իրենք շատ լավ հասկանում են, որ ժողովրդի կողմից ընտրված, իր թիկունքում ժողովրդի ուժն զգացող նախագահը միայն կարող է ժողովրդավարական ճանապարհով ապահովել երկրի հետագա զարգացումը:

Գագիկ Մինասյանը նկատեց, որ Հայաստանում նախորդ տարիների ձեռքբերումները պայմանավորված են եղել միջազգային կառույցների հետ սերտ, համագործակցված աշխատանքով. այդ օժանդակությունը ցանկալի է նաեւ նախընտրական շրջանում, որպեսզի հնարավոր թերությունները կարողանան շտկել մինչեւ ընտրությունները:

Կարեւորելով պարոն Մինասյանի առաջարկը` Ժորժ Կոլոմբիեն նախընտրական շրջանում դիտորդական առաքելության հնարավորությունը պայմանավորեց հրավերք ստանալու ժամկետով. եթե շուտ լինի հրավերքը, իրենք ժամանակային առումով կկարողանան պլանավորել այդ առաքելությունը:

Ժորժ Կոլոմբիեի հարցին, թե ինչու չի ընդունվել  առաջինից երկրորդ փուլերի ժամանակահատվածում ընտրական մատյանների հրապարակային դարձնելու ՀՀԴ խմբակցության առաջարկը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դա խախտում կլիներ ընտրելու եւ ընտրությանը մասնակցելու գաղտնիության մասին Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում առկա սկզբունքների:

Հակոբ Հակոբյանը եւ Մկրտիչ Մինասյանը արձանագրեցին, որ  մայիսին տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը կարեւորում է իրատեսական եւ ոչ թե ժողովրդահաճո խոստումները, եւ այսօր էլ ՀՀԿ-ն քաղաքական մեծ կապիտալ ունի ու վճռականություն` ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
 
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր ք արտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան հանդիպեցին նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երկրի զարգացման եւ հետագա առաջընթացի տեսանկյունից կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան: Նա վստահեցրեց, որ Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւերը մշտապես քննարկվում են Հայաստանում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծի նպատակը, սկզբունքները, առավելությունները եւ թերությունները: Նա լուրջ առաջընթաց է համարում օպերատիվ-հետախուզական ծառայության ստեղծումը Հայաստանում: 

Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաեւ արդարադատության նախարարի` Եվրոպական դատարանի կայացրած վճիռների պարագայում կարգապահական վարույթ հարուցելու իրավասությանը, «Երեւան քաղաքի մասին» օրինագծին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ այլ հայեցակարգային դրույթների:
 


05.12.2007
Քննարկվեցին Հայաստանի պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով ԵԽ...

05.12.2007
Շարունակվում են Ազգային ժողովի քառօրյա նիստերը
Ազգային  ժողովը  դեկտեմբերի 5-ին շարունակեց  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» եւ հարակից  օրինագծերի քննարկումը: Հնչեցին խորհրդարանի քաղաքական ուժերի  տեսակետները:«Ժառանգություն» խմբակցության անդամների մտահոգությունները եւ առաջարկությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am