Սեպտեմբերի 25-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Ավստրիայի փախստականների դաշնային գրասենյակի փաստահավաք առաքելության անդամներին:
Ալեքսանդր Նոյմուլլերը նշեց, որ այցի նպատակն է թարմացնել տեղեկատվությունը Հայաստանում քաղաքական, անվտանգության եւ մարդու իրավունքների ոլորտներում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ, ինչը հիմք կծառայի փախստականների գործերի վերաբերյալ հետագա գնահատականների, եւ, մասնավորապես, Ավստրիայում փախստականի կարգավիճակ հայցող հայաստանցիների գործերի քննումն արագացնելու համար: Նշվեց, որ ապաստան հայցելու նպատակով Ավստրիայի կառավարությանն են դիմել 120 երկրների քաղաքացիներ եւ նման փաստահավաք առաքելություն իրականացվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մյուս երկրներում: Հյուրերը հայտնեցին, որ Հայաստանում գտնվելու ընթացքում իրենք կունենան մի շարք հանդիպումներ պետական այլ մարմիններում եւս:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները, Հայաստանի արդարադատության կառույցները, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթները: Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքին, իրավապահ մարմիններում, փաստաբանական պալատում առկա իրավիճակին, կարեւորվեց նման հանդիպումների անհրաժեշտությունն ու օգտակարությունը: