National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.09.2007
Սկսվեցին «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում

Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության քննարկումները: Բացելով առաջին`  ինը հանձնաժողովների համատեղ նիստը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ այս քննարկումներն ունեն առանձնահատկություններ: Նախ` Սահմանադրության համաձայն, 2006թ. բյուջեի հաշվետվությունը պետք է քննարկվեր նախորդ Ազգային ժողովի գործունեության ժամանակ, սակայն խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը թույլ չտվեց խորհրդարանին իրականացնել այդ պարտականությունը: Որոշակի փոփոխություններ են առաջացել նաեւ այն պատճառով, որ 2006թ. բյուջեն ընդունելիս խորհրդարանն ուներ վեց մշտական հանձնաժողով, մինչդեռ նույն այդ բյուջեի կատարողականը քննարկվում է ինը հանձնաժողովների նիստերում: Գագիկ  Մինասյանը տեղեկացրեց, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն  առաջին անգամ  պատրաստել է բյուջեի հաշվետվության ամփոփ նկարագիր, որը կարող է օգտակար լինել եւ պատգամավորների, եւ հասարակության համար:

Նախորդ տարվա բյուջեի հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Տնտեսական աճը  2006-ին բնորոշվել է երկնիշ թվով` կազմելով 13,4 տոկոս եւ գերազանցելով ծրագրային ցուցանիշը 2,4 տոկոսով: Համախառն ներքին արդյունքը կազմել  2657 մլրդ. դրամ: Փոխնախարարը տեղեկացրեց, որ տնտեսական աճի գերակշիռ մասը` 12 տոկոսը, ապահովվել է կապիտալ շինարարության եւ ծառայությունների հաշվին: Մինչդեռ արդյունաբերության ոլորտում անկում է արձանագրվել:  Գործազրկության  մակարդակը, հաշվետվության համաձայն, նվազել է 0,8 տոկոսով. պաշտոնական տվյալներով, գործազուրկների թիվը կազմել է 88,9 հազար: Թեեւ 2006թ.-ի համար կանխատեսվել էր գնաճի 3 տոկոսանոց մակարդակ (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ), տարեվերջին վերանայվել է գնաճի մակարդակը եւ սահմանվել 5 տոկոս` 1,5 տոկոս տատանման հնարավորությամբ:   Գնաճի փաստացի ցուցանիշը 2006-ին կազմել է 5,2 տոկոս: Հաշվետու ժամանակաշրջանում դրամն արժեւորվել է 18,9 տոկոսով: Արտահանումն ավելացել է 3,1 տոկոսով, ներմուծումը` 21,8 տոկոսային կետով: 2006թ. բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է  39,7 մլրդ.-ի դեֆիցիտ` ծրագրված 71,6 մլրդ.-ի փոխարեն: Պակասուրդի ֆինանսավորումը թե արտաքին, եւ թե ներքին աղբյուրներից  կատարվել է ցածր մակարդակով:  2006թ.-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1 մլրդ. 205 մլն. դոլար, որը ՀՆԱ-ի 18,9 տոկոսն է: Պարտքի սպասարկմանն ուղղվել է 58,4 մլն. դոլար: Բյուջեի եկամտային մասը կատարվել է 97,8 տոկոսով: Սեփական եկամուտների ծրագիրը գերազանցվել է 3,5 տոկոսով, իսկ արտաքին պաշտոնական տրանսֆերտների կատարողականը կազմել է ընդամենը 38,4 տոկոս: Պետբյուջեի ծախսերը նախորդ տարի կատարվել են 92 տոկոսով եւ կազմել 481,2 մլրդ. դրամ: Շեղումը բացատրվում է արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ: Որոշ  ծախսերի իրականացվել են տնտեսումով: Հաշվետու տարում բյուջետային ծախսերի գծով նոր պարտքեր չեն կուտակվել:

Նիստում ներկայացվեցին «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եւ  Վերահսկիչ պալատի եզրակացությունները:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, 2006-ին շարունակվել են նախորդ տարիների դրական միտումները, մասնավորապես, գրեթե բոլոր եռամսյակներում, գերակատարվել է հարկերի հավաքագրման ցուցանիշը եւ ապահովել նախորդ տարվա համեմատությամբ 20 տոկոսով ավելի եկամուտ: Զուգահեռաբար սոցիալական ոլորտի ծախսերում արձանագրվել է առաջանցիկ աճ` 21,1 տոկոս: ԿԲ-ում, սակայն, մտահոգված են որոշ հիմնախնդիրներով, որոնք անհրաժեշտ է լուծել` դրամավարկային եւ հարկաբյուջետային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար: ԿԲ նախագահը խոսեց  ՀՆԱ-ի նկատմամբ  հարկերի  հարաբերակցության մասին` ասելով, որ փաստացի ցուցանիշը  0,7 տոկոսով շեղվել է ծրագրվածից: Չնայած որ հարկերի գծով արձանագրվել է գերակատարում` հարկերի աճի ցուցանիշը դեռեւս զիջում է ՀՆԱ-ի աճի տեմպերին: Նշված խնդիրը, Տիգրան Սարգսյանի կարծիքով, խոչընդոտում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացմանը: Վերջին տարիների ընթացքում շարունակաբար դրսեւորվող այս խնդիրը լուծելու համար ԿԲ-ն առաջարկում է ՀՆԱ/հարկեր հարաբերակցության շեղման պատճառն ուսումնասիրել եւ միջոցներ կիրառել: ԿԲ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաեւ պետբյուջեի ծախսերում կատարված տնտեսումների վրա, որոնք հանգեցրել են  գանձապետարանի միասնական հաշվի մնացորդների եւ նպաստել  հոսքերի համամասնության շեղմանը:

Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը  նույնպես գտնում է, որ 2006-ին  շարունակվել են դրական միտումները, բարելավվել բյուջեի կատարման ցուցանիշները: Այդուհանդերձ, հայտնաբերել են որոշ թերություններ եւ օրենքների միջեւ անհամապատասխանություններ: 2006թ. պետբյուջեի մասին օրենքում նախատեսվել է, որ արտաբյուջետային եկամուտներն արտացոլվեն բյուջեի կատարողականում` որպես մուտքեր եւ ելքեր: 2006թ. արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 12 մլրդ. դրամ: Առանց այս եկամուտի, բյուջեի եկամտային մասը կատարվել է 104,2 տոկոսով: ՎՊ-ը հաշվարկել է բյուջեի եկամտային եւ ծախսային մասի կատարման ցուցանիշները` առանց արտաբյուջետային եկամուտների: Հաշվետվության մեջ, ըստ Գագիկ Ոսկանյանի, ամբողջական չէ  հարկային եկամուտների պատկերը, բացակայում է  դասակարգումն ըստ հարկատեսակների: ՎՊ նախագահն անդրադարձավ 2006թ.-ին թերակատարված որոշ ծրագրերի:

Նիստի օրակարգում էր նաեւ ԿԲ 2006թ. բյուջեի հաշվետվությունը: ԿԲ նախագահը ներկայացրեց, որ վարչական ծախսերը 3 մլրդ. 337 մլն. դրամի փոխարեն կազմել են 2 մլրդ. 851 մլն. դրամ, իսկ կապիտալ ներդրումները` 1 մլրդ. 743 մլն. դրամ` ծրագրված 2 մլրդ. 254 մլն. դրամի փոխարեն: Ծախսային երկու ուղղություններով էլ ԿԲ-ն տնտեսումներ է կատարել:  ԿԲ փորձառու աշխատակիցներին երիտասարդ կադրերով փոխարինելու քաղաքականության արդյունքում առաջացել է աշխատավարձի  տնտեսում: Իսկ 2006թ. նախատեսված շինարարական աշխատանքների մի մասը իրականացվելու է 2007թ.-ին:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների դռնփակ համատեղ նիստում եւս քննարկվեցին «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունները:

Սեպտեմբերի 4-ին «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունները կքննարկվեն  ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու մարդու իրավունքների  պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am