National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.06.2007
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակվում է

Ազգային ժողովը հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում շարունակեց «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Գլխադասային` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` տեղեկացնելով, որ հարկային, վարկային եւ հողերի օտարումից ստացված 25 մլրդ դրամ եկամուտների բաշխման այն պատկերը, որ ներկայացրեց հիմնական զեկուցողը, հանրությանը եւ Ազգային ժողովին իրազեկելու թափանցիկ աշխատաոճ է, որ կիրառվում է առաջին անգամ: Ներկայացված արդյունքները, ըստ պարոն Մինասյանի, գոհացուցիչեն. հարկային եկամուտները աճում են ՀՆԱ-ի աճին զուգահեռ, ինչն էլ տնտեսության զարգացման խոսուն ցուցանիշ է: Հանձնաժողովը քննարկել է հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ դրական եզրակացություն տվել:

Պատգամավորների գնահատականները քննարկվող հարցին բազմաբնույթ էին:

Պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով` հարկային եկամուտների աճը պետք է պայմանավորված լինի ոչ թե պլանային ցուցանիշով, այլ տնտեսական ցուցանիշով, արտադրության աճով, ինչը հաճախ խախտում են հարկային մարմինները: Պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Լարիսա Ալավերդյանը նկատեցին, որ քննարկվող օրինագծերից ոչ մեկում չկա հրատապության հիմնավորում, այնինչ հրատապ քննարկումները հնարավորություն չեն տալիս հանգամանորեն ծանոթանալ փաստերին, ներկայացված թվային ցուցանիշներին եւ գտնել արդյունավետ լուծում, իսկ Անահիտ Բախշյանի կարծիքով` կան կասկածելի ֆինանսական հատկացումներ մասնավորապես «Փրոջեքթ հարմոնի» հասարակական կազմակերպությանը, որը արդեն դադարեցրել է գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

Ըստ պատգամավոր Արծվիկ Մինասյանի` թեեւ գովելի է նախատեսված բյուջետային եկամուտների աճը, սակայն օրինագծում իրավական տեխնիկայի առումով կան թերություններ, նախագիծը պետք է կառուցվեր ՀՀ կառավարության ծրագրին համապատասխան, այնինչ այդ ծրագիրը Ազգային ժողովը հաստատել է ընդամենը մի քանի օր առաջ: Ընդունելի համարելով ծրագրային բյուջետավորման սկզբունքը` պարոն Մինասյանը անհրաժեշտ համարեց ոչ միայն նրա հետեւողական կիրառումը օրենքում, այլեւ այդ սկզբունքների մասին պատգամավորների տեղեկացվածությունը:

Պատգամավոր Վարդան Բոստանջյանը բյուջեում առաջարկվող փոփոխությունները բնականոն համարեց, քանի որ ի հայտ են եկել նախատեսվածից շատ նոր եկամուտներ, որոնք պետք է բաշխել` համաձայնեցնելով Ազգային ժողովի հետ: Այս օրինագիծը, ըստ բանախոսի,ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ հրատապ:

Պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ` ստացված եկամուտները պետք է բաշխել` ելնելով մարզերի զարգացման` ՀՀկառավարության ծրագրային դրույթից, մինչդեռ հատկացումների մեծ մասը վերաբերում է մայրաքաղաքին:

Արտահայտելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, որ «խնդրո առարկայի մեջ խորանալու» ժամանակահատվածը խիստ սահմանափակ է, ինչը հնարավորություն չի տալիս խմբակցությանը ոչ միայն ծանոթանալ փաստերին, այլեւ արդյունավետ առաջարկներ ներկայացնել: Անգամ կարճ ժամանակահատվածում կատարված քննության արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ: Նա անընդունելի համարեց պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումը, իսկ այդ հողերի ցանկի բացակայությունն էլ նա գնահատեց որպես հասարակական արդարացիության խնդրի ոտնահարում: Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը վերը նշված անորոշ խնդիրների վերաբերյալ իր բողոքը կարտահայտի քվեարկությանը չմասնակցելով:

Եզրափակիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց պատգամավորներին քննարկվող հարցերին անդրադառնալ ըստ էության եւ ոչ թե ընդդիմադիր կեցվածքով, որպեսզի Ազգային ժողովի աշխատանքները լինեն արդյունավետ, իսկ օրենքները` որակյալ:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ի պատասխան պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումների, եզրափակիչ խոսքում նշեց, որ հարկային եկամուտների աճը կարող է պայմանավորված լինել միայն տնտեսական աճով եւ ստվերի դեմ արդյունավետ պայքարով. հարկերի ավելացման այլ գործոններ չկան: Ինչ վերաբերում է օրենքների ընդունման հրատապությանը, դա որոշում է կառավարությունը` ներկայացնելով օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը: Պարոն Խաչատրյանը անհիմն համարեց «Փրոջեքթ հարմոնի» հասարակական կազմակերպությանը ֆինանսական հատկացում կատարելու վերաբերյալ կասկածները` տեղեկացնելով, որ այդ կազմակերպությունը պարտավորություն է ստանձնել հանրապետության 300 դպրոցներում ապահովել ինտերնետային կապ. այդ ծրագիրը շարունակական է լինելու` անկախ նրանից` ով է լինելու իրականացնողը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկության դրեց առաջին ընթերցմամբ քննարկված չորս օրինագծերը, որոնցից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ընդունվեց 79 կողմ, 16 դեմ, 1 ձեռնպահ, «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` 82 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ, «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` 78 կողմ, 15 դեմ, 1 ձեռնպահ, «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` 82 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ արդյունքներով:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ առաջին ընթերցման ներկայացված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի համաձայն` առեւտրի իրականացման վայրերումգտնվող, Երեւանում 7 քառ. մետր, այլ վայրերում 10 քառ. մետր մակերեսը չգերազանցող առեւտրական տարածքների միջոցով առեւտուր իրականացնող անհատ ձեռնարկատերերը կհամարվեն հաստատագրված վճար վճարող: Երեւանում հաստատագրված վճարի ամսական չափը 1 քառ. մետրի համար կկազմի 1815 դրամ, իսկ Երեւանից դուրս` ավելի ցածր, մասնավորապես աղետի գոտում կամ սահմանամերձ բնակավայրերում` 330 դրամ: Նախագծով սահմանվել է եռամսյակի կտրվածքով 1 քառ. մետրի համար գործող սահմանային չափ` 1100,0 հազար դրամ`  գործող 310 հազար դրամի փոխարեն, իսկ առեւտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակներ վաճառողների համար` 2500.0 հազար դրամ:

Նախագծով կատարվել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչների եւ առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող անձանց միջեւ հարաբերությունները կարգավորող դրույթների հստակեցում:

Հիմնական զեկուցողը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը, օրինագծի կարեւորությունը բացատրեց նրանով, որ այն առաջին հերթին բխում է հասարակության եւ հետո միայն պետության շահերից. դրանով լուծվում է թափանցիկության խնդիրը, առեւտրի իրականացման վայրերում աշխատողները բերվում են տեսանելի հարկային դաշտ, որով բացառվում է տնտեսական գործունեությամբ զբաղվողների միջեւ խտրականությունը:

Ելույթի համար հերթագրվել էին 12 պատգամավորներ:

Օրինագծի վերաբերյալ իրենց դրական տեսակետները հայտնեցին պատգամավորներ Արա Նռանյանը, Ալեքսան Պետրոսյանը եւ Հակոբ Հակոբյանը` նշելով, որ առեւտրի իրականացման վայրերում աշխատող անհատ ձեռներեցների համար հարկման լավագույն տեսակը հաստատագրված վճարն է, որը բարձր չէ, օրենքի փոփոխությունը հնարավորություն է ստեղծում կարգավորելուանհատ ձեռներեցների հաշվառման խնդիրը եւ վերացնում է առեւտուր իրականացնողների միջեւ խտրականությունը:

Հերթագրված մյուս պատգամավորների ելույթները կհնչեն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հաջորդ նիստում, որը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին:


29.06.2007
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարն Ազգային ժողովում
Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն  ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիին եւ դեսպանատան աշխատակիցներին. հանդիպման նպատակը ԱՄՆ-ի դեսպանատան կողմից Ազգային ժողովում քաղաքական համակարգի կայացման եւ աշխատակազմի վերապատրաստման ծրագրերի որոշ...

29.06.2007
Հանդիպում հանձնաժողովում
Հունիսի 29-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Լիտվայի ԱԳՆ պատվիրակությանը` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Արունաս Վինկունասի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանը:ԱԺ եվրոպական ինտեգրման հար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am