National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.06.2007
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարն Ազգային ժողովում

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն  ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիին եւ դեսպանատան աշխատակիցներին. հանդիպման նպատակը ԱՄՆ-ի դեսպանատան կողմից Ազգային ժողովում քաղաքական համակարգի կայացման եւ աշխատակազմի վերապատրաստման ծրագրերի որոշակիացումն էր, որի մասին պայմանավորվածություն էր ձեքբերվել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Ջոն Դանիլովիչի հանդիպման ժամանակ:

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին ԱԺ նախագահին իրազեկեց, որ հուլիսի 10-ին Երեւան կժամանի Ռուդոլֆ Փերինան` ժամանակավորապես ստանձնելով դեսպանի պարտականությունները: Անդրադառնալով ծրագրերին` պարոն Գոդֆրին ճշտեց, որ դրանց իրականացման համար ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունն անհրաժեշտ չէ, քանի որ ֆինանսները կանխավ նախատեսված են եղել` հաշվի առնելով, որ Հայաստանում չորրորդ գումարման Ազգային ժողով է ձեւավորվելու: Պարոն Գոդֆրին տեղեկացրեց, որ պետքարտուղարության միջազգային այցերի ծրագրերի շրջանակներում երկու շաբաթով նախատեսվում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հանդիպումներ Վաշինգտոնում եւ երկու այլ քաղաքներում եւս` պետական կառավարման համակարգի, հասարակական կազմակերպությունների, լոբբինգով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաեւ նորընտիր պատգամավորների համար օրենսդրական աշխատանքին առնչվող կողմնորոշիչ փաթեթներ կազմել, սեմինարներ անցկացնել: Աշխատակազմի վերապատրաստման ծրագիր եւս նախատեսված է: Պարոն Գոդֆրին պատրաստակամություն հայտնեց աջակցել նաեւ Ընտրական օրենսգրքի կատարելագործման աշխատանքներին, որպեսզի առաջիկա նախագահական ընտրությունները եւս բարձր մակարդակով անցկացվեն:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ ինստիտուցիոնալ հզորության ձեւավորման աջակցության համար` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց ծրագրերի որոշակիացումն ու նպատակայնությունը եւ առաջարկեց կարճ ժամանակից վերստին հանդիպել` համադրելով քննարկելու ծրագրերի նախնական տարբերակները, որոնք այդ ընթացքում երկու կողմերն էլ կնախապատրաստեն, պարոն Գոդֆրին առաջարկը ընդունեց:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը եւ այդ շրջագծում` «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման խնդրին: Պարոն Գոդֆրին իր կառավարության մտահոգությունը հայտնեց ռադիոկայանի հեռարձակման դադարեցման հնարավորության կապակցությամբ` նշելով, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ազատության» հեռարձակման հնարավորությունը բարձր գնահատվեց Արեւմուտքում եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հիշատակելով նախորդ օրը նստաշրջանում իր ելույթն օրինագծի առնչությամբ, նշեց, որ օրինագիծը ոչ մի առնչություն չունի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հետ:Նա նշեց, որ որեւէ հիմք չկա մտածելու, թե նման կապ կա կամ «Ազատությունը» խորհրդարանական ընտրություններում բացասական ազդեցություն է ունեցել. ռադիոկայանը գործել է ընտրությունների ժամանակ եւ ՀՀԿ-ն իր պատմության մեջ ամենամեծ թվով ձայներն է հավաքել: Արտահերթ նստաշրջանում քննարկվող օրինագծի ընդունումը կամ չընդունումը որեւէ առնչություն չունի «Ազատության» հեռարձակման հետ: Պարոն Թորոսյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու այն առաջին ընթերցումով ընդունելու համար, ինչպես նաեւ օրենքի նախագծի բովանդակային քննարկման պատրաստակամություն հայտնեց` հնարավոր հարցերը պարզելու նպատակով: Իսկ ռադիոկայանի հեռարձակման շարունակման կամ դադարեցման հարցերը Ազգային ժողովի լիազորություններից դուրս են եւ այդ խնդրով պետք է դիմել հասցեատերերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am