National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.06.2007
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

Հունիսի 28-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը` շարունակելով «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

«Ժառանգության» տեսակետը քննարկվող օրինագծի վերաբերյալ բարձրաձայնեց խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` հաշվի առնված չէ, թե նախատեսված փոփոխություններն ինչ նշանակություն կունենան 20.000 տնտեսվարողների, երկրում գնողունակության բարձրացման եւ աղքատության հաղթահարման վրա: Տեղեկացվեց, որ «Ժառանգությունը» պատրաստակամ է մասնակցել «Հարկային օրենսգրքի» մշակման աշխատանքներին: Խմբակցությունը ձեռնպահ է օրինագծի ընդունմանը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Գագիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ երկրի զարգացման տարբեր փուլերում փոխվում է տնտեսական քաղաքականության ռազմավարությունը, որի պահանջներից մեկը եղել էր դասական հարկային բեռի 2,5 տոկոսադրույքի բարձրացումը հինգի: Պարոն Մինասյանը գտնում է, որ օրինագծի նպատակն է փակել օրենսդրական սողանցքները, օրենսդրությունը համապատասխանեցնել տնտեսության պահանջներին:

Եզրափակիչ ելույթում կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորների առաջարկները բաժանեց երկու խմբի` ընդհանուր տնտեսական եւ նախագծին վերաբերող առաջարկություններ, որոնք կօգտագործվեն ինչպես այս օրինագծի լրամշակման, այնպես էլ «Հարկային օրենսգրքի» մշակման համար: Օրինագծի հիմնական նպատակներն են` ստեղծել տնտեսվարման հավասար պայամաններ պարզեցված եւ ընդհանուր հարկման դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Ըստ պարոն Ալավերդյանի` սովորական հարկման դաշտում հարկատուների համար հարկման բեռն ավելի բարձր է, քան պարզեցված հարկման դաշտում: Այս փոփոխությամբ պարզեցված հարկը թողնվում է միայն մանրածախ ապրանքաշրջանառության եւ առանձին գործունեության տեսակների համար, իսկ գործունեության մյուս տեսակները, որոնք անհավասար դաշտ են ստեղծում, հանվում են պարզեցված հարկի դաշտից: Փոփոխությունն ուժի մեջ մտնելու ժամկետ է առաջարկվում 2008 թ. հունվարի 1-ը, մինչ այդ բավական ժամանակ կա, որպեսզի տնտեսավարողները կարողանան պատրաստվել նոր հարկատեսակով աշխատելուն:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն առաջին ընթերցման ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Նշվեց, որ հանրային հեռուստառադիոընկերությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով պետության կողմից ստեղծված եւ հանրային խնդիրներ լուծող «հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է», որի գործունեությունը չի կարող զուգակցվել մասնավոր խնդիրներ հետապնդող կազմակերպությունների հետ: Պարոն Դանիելյանն ընդգծեց, որ հանրային հեռուստառադիոընկերությանը պատկանող հաճախականությունների օգտագործումը այլ հեռարձակող կազմակերպությունների կողմից հիմնավորված չէ, քանի որ առանց մրցույթի հաճախականություն ստացած ընկերությունը իր իրավունքները լիցենզիա չունեցող որեւէ կազմակերպությանը վերալիազորելու եւ մրցակցության սկզբունքը խախտելու հնարավորություն է ձեռք բերում:

Արդարադատության նախարարը նշեց, որ օտարերկրյա ԶԼՄ-ների ազգային խմբագրությունների եւ ծառայությունների հաղորդաշարերի յուրաքանչյուր թողարկման համար պետք է սահմանվի պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված բազային տուրքի 70-ապատիկի չափով:Նրա համոզմամբ` օրինագծի ընդունմամբ հավասար մրցակցային պայմաններ կապահովվեն: Իսկ ըստ թողարկումների քանակի պետական տուրք վճարելը, պարոն Դանիելյանի գնահատմամբ, իրատեսական է, քանի որ մինչ սահմանված կարգով ու ժամկետներում պետական տուրք վճարելը յուրաքանչյուր ընկերություն պարզում է թողարկումների բնույթի ու քանակի հարցերը:

Տեղեկացվեց նաեւ, որ օտարերկրյա ԶԼՄ-ները չեն կարող ինքնուրույն հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակել, քանի որ իրավունք չունեն լիցենզիա ունենալ. նախագիծը կանոնակարգում է նաեւ Հայաստանում նրանց գործունեության իրավահարաբերությունները:

Օրինագծի ընդունման վերաբերյալ եղան եւ կողմ, եւ դեմ տեսակետներ: Րաֆֆի Հովհանիսյանը կարեւորեց խոսքի ազատությունը` ազգային շահի ապահովման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսակետից: Պատգամավոր Արմեն Աշոտյանը խնդիրը դիտարկեց իրավական տեսանկյունից: Ըստ նրա` օրինագծի ընդունումը նպատակ չունի սահմանափակել խոսքի ազատությունը կամ մարդու իրավունքների պաշտպանությունը, այն առնչվում է պետական քաղաքականությանը: Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ` օրինագծով փորձ է արվում փաթեթային կարգով եւ տնտեսական պատժամիջոցներով լռեցնել «Ազատություն» ռադիոկայանի «ձայնը»: Պատգամավորի գնահատմամբ` այդ քայլը կարող է բացասաբար անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ գտնում է, որ «Ազատություն» ռադիոկայանի փակումը բացասաբար կազդի մեր երկրի միջազգային հեղինակության վրա: Պատգամավորներ Մանվել Բադեյանը եւ Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեցին հնչած տեսակետների հետ, նրանց կարծիքով` նախագծի ընդունումը «Ազատություն» ռադիոկայանը փակելու միտում չունի: Օրինագիծը քաղաքացիների տեղեկատվական իրավունքի սահմանափակման փորձ դիտարկեց ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Դավիթ Հարությունյանն առաջարկում է սահմանել սոցիալական գործառույթներ, որոնք հնարավորություն կընձեռեն ԶԼՄ-ներին մասնավոր հեռուստաընկերությամբ եթեր ապահովել: «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հորդորեց կառավարությանը հետ տանել օրենքի նախագիծը, որը զրկում է հասարակությանը տեղեկատվություն ստանալու իրավունքից:Օրինագծի ընդունումը խորացնում է լրատվական դաշտի աղճատվածությունը` համոզված է Վարդան Խաչատրյանը:Օրինագծի ընդունմանը դեմ էին պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Լարիսա Ալավերդյանը: Հրանուշ Հակոբյանը համոզված է, որ անհրաժեշտ է կառուցողական քայլեր ձեռնարկել այս ոլորտի օրենսդրական հիմքերը կարգավորելու համար: Ըստ տիկին Հակոբյանի` կանոնակարգման կարիք ունեն հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը, լիազորությունները, իրավունքները եւ պարտականությունները: Նրա գնահատմամբ` քննարկելու հարց է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված բազային տուրքի 70-ապատիկ չափը, որը կարելի է նվազեցնել: Մհեր Շահգելդյանն արժեւորեց օրենքի նախագիծը` իբրեւ ժողովրդավարության եւ բազմակարծության կարեւոր խթան: Խնդիրը չպետք է քաղաքականացնել` գտնում է պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա գնահատմամբ` օրինագիծը նպատակ ունի սահմանափակել հանրային հեռուստառադիոընկերության իրավունքները եւ հավասար մրցակցային պայմաններ ստեղծել բոլոր հեռարձակողների համար: Հովհաննես Մարգարյանը պատգամավորներին հորդորեց մտածել հարցի բարոյական կողմի մասին եւ քվեարկել խղճի մտոք:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հորդորեց ԱԺ ղեկավարությանը քվեարկության չդնել հարցը, որը խախտում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը: Պարոն Հովհաննիսյանի բնորոշմամբ` հանրային հեռուստառադիոընկերությունը զրկվում է չափանիշներ սահմանելու հնարավորությունից, քանի որ դրանից բխող յուրաքանչյուր որոշում կարող է լինել կամայական: Օրինագծի ընդունմանը «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը բարձրաձայնեց Մհեր Շահգելդյանը: Նա օրենսդրական նախաձեռնությունը գնահատում է քաղաքական համատեքստում, որն առնչվում է պետության քաղաքական համակարգի ձեւավորմանը:Պատգամավորը համոզված է, որ ժողովրդավարության հաստատման եւ ազատ հասարակության կառուցման համար հանրությունը կարիք ունի խոսքի եւ գործի միասնականության:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծի ընդունմանը` տեղեկացրեց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նա հավատացած է, որ օրինագծի նպատակը ոչ թե արտասահմանյան լրատվամիջոցների սահմանափակումն է, այլ նրանց հավասար մրցակցային դաշտ տեղափոխելը: Նրա գնահատմամբ` արտասահմանյան ԶԼՄ-ները պատրաստ են ավելացնել հեռարձակման համար պահանջվող գումարները: Խմբակցության քարտուղարի կարծիքով` հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է զրկվի իր հաճախությունները այլ հեռուստ աընկերություններին վերաբաշխելու հնարավորությունից:

ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղարը` Սամվել Նիկոյանը: Նշելով, որ հարցը քննարկվեց իրավական եւ քաղաքական հարթություններում, նա շեշտեց, որ իրավական հարթությունում ոչ ոք չի կարող քննարկել, թե ինչու է խորհրդարանը փորձում կանոնակարգել  հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի  գործունեությունը: Նա կոչ արեց պատգամավորներին հարցը դիտարկել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության կանոնակարգման, ոչ թե 2008 թ. նախագահական ընտրություններից առաջ «Ազատություն» ռադիոկայանիաշխատանքները դադարեցնելու տեսանկյունից: Տեղեկացվեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծի ընդունմանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում անդրադարձավ պատգամավորներին հուզող հարցերին եւ օրենքի հիմնադրույթների շուրջ պարզաբանումներ ներկայացրեց. «Ասվեց, որ խախտվում է կանոնակարգը եւ այլն, բացարձակապես նման բան չկա: Երեկ ես առաջարկեցի մեր այն գործընկերներին, որոնք նման կասկածներ ունեն, հանդիպել եւ հանգիստ պայմաններում, առանց ժամանակի սահմանափակման, քննարկել իրենց մտավախությունները: Ես կասկած չունեմ, որ մտավախություններն ազնիվ են, բայց եթե իսկապես ցանկություն կա պարզելու խնդիրը, պետք է առաջարկությունները ընդունել, քննարկել եւ ստանալ պատասխաններ: Օրինակ` առաջարկվում է չքվեարկել այս նախագիծը. կանոնակարգը նման հնարավորություն որեւէ մեկին չի տալիս` անկախ այն բանից, թե ով կողմ է այս կամ այն հարցադրմանը, եւ ով` դեմ է: Պետք է քննարկել, քվեարկել` դրանով արտահայտել սեփական դիրքորոշումը: Ասվում են խոսքեր ազատության նկատմամբ ոտնձգությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վնասման եւ այլ հարցերի մասին, որոնք համոզված եմ` որեւէ առնչություն չունեն այս խնդրի հետ: Ես լիովին համաձայն կլինեի հարցադրումների հետ, եթե լինեին հիմնավորումներ եւ այդ հիմնավորումները կապված լինեին այս նախագծի հետ: Ցավոք սրտի, որեւէ հիմնավորում չկա, ավելին` խոսվում է միայն այս նախագծին կից ներկայացվող հիմնավորման մասին` կենտրոնանալով այս կամ այն ձեւակերպման վրա եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխության մասին: Այն, որ փոփոխությունը խմբագրման կարիք ունի, ակնհայտ է, ինչ վերաբերում է հիմնավորմանը` այն օրենքի նախագիծ չէ եւ դրա համար մենք չենք քվեարկելու: Պետք է խոսել այն մասին, թե ինչն է անընդունելի, որը  գրեթե բացարձակապես չի շոշափվում: Ամեն ինչի մասին խոսվում է` խոսքի ազատությունից մինչեւ դժոխք, բայց այդ ճանապարհին, չգիտես, ինչու, այս նախագիծը չի հանդիպում: Իսկապես, ճիշտ կլինի անդրադառնանք այս նախագծին` ինչ է առաջարկվում, եւ մենք ինչ պետք է անենք: ...Վստահ եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը բացարձակապես կապ չունի այս նախագծի հետ եւ հիմնավորեմ` ինչու: Պետք է փորձեմ ներկայացնել հիմնավորումներ, որոնք հեռարձակող բառը շատհստակ այս օրենքում սահմանում են, բայց մինչ այդ ուզում եմ ասել հետեւյալի մասին: Խնդրում եմ ուշադիր կարդալ «ԱԺ կանոնակարգ» օրենքը, այստեղ որեւէ ձեւակերպում չկա ԱԺ-ն հեռարձակող է կամ հեռարձակում է, եւ այլն: Խոսվում է նիստերի հեռարձակման մասին, այսինքն` նիստերը հեռարձակվում են հանրային հեռուստառադիոընկերության ուղիղ եթերով, սա նշանակում է, որ ոչ թե Ազգային ժողովն է հեռարձակողը, այլ` հանրային հեռուստաընկերությունը, այսինքն` «հեռարձակող» ձեւակերպման հետ որեւէ խնդիր մեր կանոնակարգում գոյություն չունի: Ինչ վերաբերում է «Խորհրդարանական շաբաթի», նիստերի տեսագրության հեռարձակմանը, մենք դրան կանդրադառնանք ամռանը եւ այժմ առաջարկում եմ բոլոր խմբակցություններին ներկայացնել իրենց առաջարկությունները, որովհետեւ սոսկ պայմանավորվածություն կա այդ  հեռարձակումները շարունակելու, բայց ես համոզված եմ, որ մենք սեպտեմբերից պետք է կանոնակարգված աշխատենք: Ինչ վերաբերում է այս նախագծին, շատ պարզ գրված է, որ օգտագործվող հաճախություններով արգելվում է այլ հեռարձակվող կազմակերպությունների գործունեությունը առանց հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության,այսինքն` խոսքը այն մասին է, որ հանրային հեռուստառադիոընկերությունը կարո՞ղ է թույլ տալ այլ հեռարձակող կազամակերպությունների աշխատել իր հաճախությամբ: Հետեւաբար, առաջին հարցը, որին պետք է պատասխանենք, այն է` «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակող կազմակերպությու՞ն է, թե՞ ոչ:  Օրենքի մեջ եւ 3-րդ, եւ 47-րդ հոդվածներում կան ձեւակերպումներ, որոնք ասում են, որ «Ազատություն» ռադիոընկերությունը հեռարձակող կազմակերպություն չէ: Կա «հեռուստահեռարձակում»   ձեւակերպումը, եւ ես կարծում եմ, որ այս ձեւակերպման պարագայում, երբ հաշվի առնելով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի ձեւակերպումը, թե ինչ է նշանակում «արտոնագիր» եւ  47-րդ հոդվածի ձեւակերպումը, որն ասում է, որ արտոնագիրը միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում, այսինքն` հեռարձակողը հեռուստառադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունն է, իսկ նման կազմակերպություն լինելու համար, ըստ 47-րդ հոդվածի, պետք է ունենալ արտոնագիր, որը չունի «Ազատություն» ռադիոկայանը` Հայաստանում ռադիոհեռարձակումներ անելու համար: Ուրեմն այս ձեւակերպումը որեւէ կապ չունի «Ազատություն» ռադիոկա յանի հետ: «Ազատության» հետ կապված խնդիրները «Ազատության» եւ հանրային հեռուստառադիոընկերության հարաբերություններին է վերաբերում, բայց ոչ այս հոդվածի այս կետին: Խնդիրը մեկն է` հանրային հեռուստառադիոընկերությունը իրավունք ունի՞ վաճառել իր եթերը ուրիշ հեռարձակող կազմակերպությունների, թե՞ ոչ: Ես կարծում եմ` չունի, որովհետեւ մենք եթերը բաժանել ենք երկու մասի` մրցույթով բաշխվող եթեր եւ առանց մրցույթի հատկացվող եթեր հանրային հեռուստառադիոընկերության համար: Նրան, ում տրվում է առանց մրցույթի եթեր, ես կարծում եմ` նա իրավունք չունի այս կետերի հետ վարվել այնպես,  ինչպես ինքը ցանկանում է, հետեւաբար, լիովին համոզված եմ, որ այս բառակապակցության այստեղից հանելը որեւէ առնչություն չունի խոսքի  ազատության, մարդու իրավունքների հետ, ճիշտ հակառակը, նման հնարավորություն կարող են ունենալ մասնավոր ընկերությունները, բայց ոչ հանրային հեռուստաընկերությունը: Ես կարծում եմ, այո, պետք է սահմանափակել հանրային հեռուստաընկերության այս իրավունքը, որը իր գործառույթից, իր իրավունքներից չի բխում: Կոչ եմ անում մեր գործընկերներին ԱԺ-ի ներսում արհեստական խնդիրներ չունենալ: Շնորհակալություն ակտիվ աշխատանքի համար «Ժառանգությանը», բայց այստեղ այդ խնդիրը չկա եւ չի կարելի անիմաստ խարան դնել խորհրդարանի վրա: Այտեղ մենք միասին ենք աշխատում, պատրաստ ենք ցանկացած հարցում աշխատել: «Ազատություն» ռադիոկայանի հետ կապ չունի այս փաթեթը: Ուզում եմ ընդգծել, որ «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակող կազմակերպություն չէ: Ես ինքս համոզված լինելով, որ օրենքը որեւէ առնչություն չունի  «Ազատություն» ռադիոկայանի հետ եւ ոչ էլ արտոնագիր չունեցող որեւէ այլ կազմակերպության հետ եւ` կողմ եմ քվեարկելու»:

«ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված բյուջետային եկամուտների ստացման գծով նախապես արված կանխատեսումների ճշգրտման անհրաժեշտությամբ: Օրինագծի քննարկումը կշարունակվի Աժ արտահերթ նստաշրջանում` հունիսի 29-ին, ժամը 11-ից:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am