National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
26.02.2007
Ազգային ժողովի քառօրյա նիստը

Ազգային ժողովի` փետրվարի 26-ի նիստն սկսվեց քառօրյա նիստերի օրակարգի քննարկմամբ: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ առավոտյան տեղի են ունեցել հանձնաժողովների նիստեր եւ դրական եզրակացությամբ օրակարգի առաջին բաժնում ընդգրկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրինագիծը:«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություն առաջարկող մեկ այլ նախագիծ ընդգրկվել է երրորդ` օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի բաժնում:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին քառօրյա նիստերի օրակարգը, հավանություն տվեցին Ազգային ժողով վերադարձված, 2007 թվականի փետրվարի 7-ի նիստում ընդունված «Վարչականիրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը կրկին քննարկելու մասին ՀՀ նախագահի առաջարկին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 327-րդ հոդվածը չունի 1-ին եւ 2-րդ կետեր` ՀՀ նախագահն առաջարկում է հանել ներկայացված օրենքի 1-ին հոդվածը` համապատասխանաբար փոխելով օրենքի հոդվածների համարակալումը: Ելույթ ունեցողների գնահատմամբ` օրենքը պաշտոնական տեղեկագրում տպագրվելիս տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ինչը շտկման կարիք ունի:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկված 9 օրինագծեր:

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան առնչվող այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը քվեարկելուց առաջ հիմնական զեկուցողը` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ փաթեթում կատարվել է մեկ փոփոխություն, որով երկքաղաքացուն թույլատրվում է մասնակցել ընտրություններին, եթե նա հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում: Օրինագիծն ընդունվեց 66 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ արդյունքով:

Ազգային ժողովը քննարկեց գյուղատնտեսությանն ու բնապահպանությանն առնչվող մի շարք օրինագծեր:

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրինագիծը, ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, իրավական հիմքեր կստեղծի օրգանական գյուղատնտեսության հետագա զարգացման համար եւ կնպաստի այդ բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տնտեսվարման արդյունավետության բարձրացմանը, օրգանական կամ էկոլոգիական արտադրանքի արտահանման խթանմանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է խստացնել ապօրինի ծառահատումների համար սահմանված պատժի չափը:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, ըստ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի,նպատակ ունի բացառել շինարարական եւ այլ չհաշվառված փոշու արտանետումները` հստակեցնելով շինարարական կազմակերպության պարտավորությունները: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը, արտահայտելով հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ, առաջարկեց ընդարձակել օդն աղտոտող օբյեկտների ցանկը եւ կանոնակարգել նրանց պարտավորությունները:

«Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, որսորդական տնտեսության եւ որսի վարման մասին» օրենքը կարգավորում է որսի կենդանիների պահպանությունը, կայուն օգտագործումը, որսորդական տնտեսության եւ որսի վարումը, որսի եւ որսօգտագործման մասնակիցների եւ օբյեկտների շրջանակը, ոլորտի պետական կառավարումը, սահմանում է ոլորտը կարգավորող մի շարք անհրաժեշտ իրավական ակտեր:

ԱԺ սոցիալական առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը, կարեւորելով օրինագիծը, տեղեկացրեց, որ հանձնաժողովը մինչեւ երկրորդ ընթերցում կներկայացնի գրավոր առաջարկներ: Մասնավորապես` նա անհրաժեշտ համարեց օրինագծում ավելացնել որսորդի իրավունքների եւ պարտականությունների մասին նոր գլուխ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ներկայացրեց «Հողի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» եւ«ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, որոնցով սահմանվում են հողերի արդյունավետ օգտագործման եւ պահպանման վերահսկողության խնդիրները, ձեւերը, վերահսկողություն իրականացնող մարմինները, նրանց եւ ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգում իրականացնելու կարգերը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Գործատուների միությունների մասին» օրինագծերը եւ 6 միջազգային պայմանագրեր:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 27-ին:


26.02.2007
Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Ազգային ժողովում
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտհեն եւ  Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: Ողջունելով ...

26.02.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում դրական եզրակացություն ստացան քննարկված բոլոր նախագծերը: Իններորդ նստաշրջանի օրակարգը կառաջարկվի համալրել երկու նախագծերով, երկուական նախագծերով եւ օրենսդրական փաթեթներով էլ` քառօրյա նիստերի օրակարգը:«...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am