National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.09.2023
Ներպատվաստվող բժշկական արտադրատեսակների համար պետության կատարած ծախսերը կլինեն նպատակային եւ արդյունավետ. ԱԺ-ում քննարկվել է Լուսինե Բադալյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծը
1 / 5

Նախատեսվում է օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն՝ ավտորիզացիոն նամակի եւ ծագման սերտեֆիկատի առկայության դեպքում. այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Լուսինե Բադալյանը՝ իր եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին զեկուցման ընթացքում:

Ըստ պատգամավորի՝ «Պետական գնումների մասին» օրենքով առաջնորդվելով՝ տենդեր հայտարարելիս հիմնականում հաղթում է այն կազմակերպությունը, որն առաջարկում է ամենամատչելի ծառայությունը, սակայն միշտ չէ, որ մատչելին որակի հետ համադրելի է լինում:

«Մրցակցության պարագայում պետությունը, պետական գնումներն ու հասարակությունը տուժում են, եւ որպեսզի կարողանանք ե՛ւ որակը բարձր պահել, ե՛ւ երաշխավորել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակն ու հուսալիությունը, նախագծով պահանջում ենք համապատասխանության համապատասխան հավաստագիր ու ծագման սերտեֆիկատ»,- ասել է նախագծի համահեղինակը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Լուսինե Բադալյանից հետաքրքրվել է, թե ինչ ներդրվող սարքերին է վերաբերում նախագիծը: Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Լուսինե Բադալյանը նշել է, որ նախագիծը վերաբերելի է ներպատվաստվող բժշկական արտադրատեսակներին, այն է՝ ինվազիվ բժշկական արտադրատեսակներ, այդ թվում՝ մասամբ կամ ամբողջությամբ օրգանիզմում ներծծվող, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով ամբողջությամբ ներմուծվում են մարդու մարմին կամ փոխարինում են էպիթելային մակերեսը կամ աչքի մակերեսը, եւ որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո մնում են ներմուծման տեղում, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակները, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով մասամբ ներմուծվում են մարդու մարմին, եւ որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո ավելի քան 30 օր մնում են ներմուծման տեղում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը պատգամավորներին հայտնել է, որ հարցը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: Պատգամավորը խնդրել է պատեհ պահի կողմ քվեարկել:

«Կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Վստահ ենք՝ դրա ընդունումից հետո մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի կբարելավվի»,- ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Արսեն Թորոսյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ռիսկեր չկա՞ն արդյոք, որ նախագծի ընդունումից հետո բժշկական վճարովի ծառայությունների գների բարձրացում կնկատվի, ինչին ի պատասխան՝ փոխնախարարը բացասական պատասխան է տվել ու հիմնավորել. «Վճարովի եւ պետպատվերով իրականացվող ծառայությունների գների աճ չենք կանխատեսում, քանի որ մեզ հայտնի են ԲԿ-ներ, որոնք, գործելով պետպատվերի շրջանակում, արդեն իսկ գնումն իրականացրել են նշված փաստաթուղթն ունենալու պարագայում, գնաճ չի նկատվել»,- ասել է փոխնախարարը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am