ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ այսօր քննարկվելուց եւ ընդունվելուց հետո նախագծում կատարվել են որոշ հստակեցումներ, որոնք նախագծի էությունը չեն փոխում: Առաջարկները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Հարակից զեկուցող Թագուհի Ղազարյանը պարզաբանել է, որ նախագիծը վերաբերում է միջին մասնագիտական կրթություն ունեցող այն 1300-ից ավելի ուսուցիչներին, որոնք այս պահի դրությամբ աշխատում են դպրոցներում:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ԱԺ նիստում հնչած այն տեսակետներին, թե հնարավոր է, որ ուսուցիչները զրկվեն իրենց աշխատանքից: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ նախարարությունն այս նախագծով եւս մեկ հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, քանի որ, եթե այս նախաձեռնությունը չլիներ, ապա միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներն օգոստոսի 20-ից ինքնաբերաբար դուրս էին գալու աշխատանքից, ինչպես սահմանված է գործող օրենքով: Սիսակ Գաբրիելյանը ուսուցիչներին հորդորել է օգտվել տրված հնարավորությունից:
Նշենք, որ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթություն ստանալու համար տրվել է որոշակի ժամանակահատված, եւ շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչ չի ստացել բարձրագույն կրթություն, եւ այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն:
Նախագծով առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք եւս կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս եւ ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: