National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.05.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները
1 / 8

Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներին, տեղեկություններ ներկայացրել իրականացվող արտաքին քաղաքականության, մասնավորապես, տարածաշրջանային իրավիճակի, բանակցային գործընթացի վերաբերյալ:

2022 թվականին ՀՀ-ում 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը վերջին տասնհինգ տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է: 2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մեկ տրիլիոն 926 մլրդ դրամ, որն ի սկզբանե պլանավորածի նկատմամբ ավելի է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով: 2022 թվականին եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ դրամով ավելի պակաս. հընթացս ճշգրտումներ ենք կատարվել, եւ փաստացի նախնական պլանը 82 մլրդ դրամով գերակատարվել է: «Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի բյուջետային ցուցանիշները 2021 թվականի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավելի են 339 մլրդ դրամով կամ 21.4 տոկոսով: Նախորդ տարվա նկատմամբ էական աճ ունենք բյուջետային ցուցանիշների, իսկ 2017 թվականի նկատմամբ 2022 թվականի բյուջեի հարկային եկամուտներն ավելի են 2 մրդ 20 մլն դրամով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ` 670 մլրդ դրամով կամ 1 միլիարդ 820 մլն դոլարով կամ 53 տոկոսով»,- նշել է երկրի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը բյուջետային եկամուտների աճը պայմանավորել է երեք հիմնական գործոնով` տնտեսական աճի ցուցանիշներ, ստվերի կրճատում եւ իրականացվող բարեփոխումներ: Վարչապետն ասել է, որ 2022 թվականին նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 63.5 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ` ընդհանուր առմամբ 522 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի համեմատ, երբ գործել է եռաստիճան հարկային դրույքաչափը, 53 տոկոսով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել: «Այսինքն` հարկերն իջեցրինք, բայց եկամտային հարկի հավաքագրումները 53 տոկոսով ավելացել են»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը` հիշեցնելով, որ 2021 թվականից Կառավարությունը մասնակցում է կոմբինատի կառավարմանը: «2021 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմական աննախադեպ բարձր թվով հարկեր` 145 մլրդ 636 մլն դրամ: Պատկերացնելու համար, թե սա ինչ ցուցանիշ է ասեմ հետեւյալը. 2022 թվականին վճարված հարկերը շուրջ 7 մլրդ դրամով ավելին են, քան 2012, 2013, 2014, 2015, 2016 եւ 2017 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած բոլոր հարկերը միասին վերցրած: Սա խոսուն ցուցանիշ է»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ զգալի է առաջընթացը նաեւ շահութահարկի, հարկային եկամուտների մասով ու ներկայացրել թվային ցուցանիշները: Նրա խոսքով էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: Դեկտեմբերին գրանցվել է Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ աշխատատեղերի մասով` 704.000 գրանցված աշխատատեղ: «Ուրախ եմ արձանագրել, որ այս թիվն այլեւս ակտուալ չէ, քանի որ 2023 թվականի մարտին եւ ապրիլին գրանցվել են նոր ռեկորդներ` համապատասխանաբար 706.294 եւ 710.150»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` գործադիրի ղեկավարը նշել է, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ինչը պայմանավորված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերություններով, այլ նաեւ` գլոբալ գործընթացներով: «Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ եւ ռազմավարություն ու անում ենք հնարավորը` այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասել է նա:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել նաեւ օրեր առաջ Մոսկվայում իր, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումից, բրյուսելյան բանակցություններից, անդրադարձել առաջիկայում Քիշնեւում կայանալիք հնգակողմ հանդիպմանը եւ հունիսի 1-ին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը: «Մենք դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված մեր առաջարկությունների վերաբերյալ: Դա արդեն չորրորդ խմբագրումն է խաղաղության պայմանագրի: Մեր չորրորդ խմբագրումը փոխանցել ենք ադրբեջանական կողմին. այս պահի դրությամբ դրանց մեկնաբանությունները դեռեւս չենք ստացել: Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլիներ ստորագրել»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը խոսել է նաեւ մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների գործընթացից, այդ թվում` Թուրքիայի հետ, եւ հույս հայտնել, որ այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո հնարավոր կլինի հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն շարունակել: «Սա եւս մեր օրակարգի կարեւորագույն հարցերից է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ելույթն ավարտել է լավատեսական ցուցանիշով. 2023 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11.926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022 թվականին, 523-ով ավելի է, քան 2021 թվականին, 1469-ով ավելի է, քան 2020 թվականին, 1469-ով ավելի է, քան 2020 թվականին, 1415-ով ավելի է, քան 2019 թվականին եւ 1180-ով ավելի է, քան 2018 թվականին: «Մեր պարտքն է պատշաճ ապահովել այս երեխաների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը Հայաստանի Հանրապետությունում»,- փաստել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրել է իրականացված քաղաքականությունների եւ հիմնական ուղղությունների արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ կից տեսանյութում: