National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
21.02.2023
«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մերի Գալստյանը ելույթ է ունեցել Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստում
1 / 1

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը վեհաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակում փետրվարի 19-ին ելույթ է ունեցել Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստում:

Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ամենայն հարգանքով այսօրվա հանձնաժողովի օրակարգի կարեւորությանը՝ ինձ համար դժվար է չխոսել ներկա իրավիճակի` ավելի կոնկրետ հումանիտար ճգնաժամի մասին, որը տեղի է ունենում այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 մարդու` ներառյալ 30.000 երեխաներ եւ մի քանի հազար հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներով: Հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել ադրբեջանցի բնապահպանները, որոնք շրջափակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, առաջացնելով առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի եւ դեղորայքի սուր պակաս: Ադրբեջանը նաեւ հաճախակի եւ համակարգված կերպով գազամատակարարման դադարեցման պատճառ է դառնում, ինչը հատկապես սրում է իրավիճակը նման եղանակային պայմաններում՝ ԼՂ-ի 120.000 բնակչությանը կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի եզրին: Գազամատակարարման խափանումը սկսվել է դեկտեմբերի 13-ից եւ շարունակվում է մինչ օրս, ինչը ստիպել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հայտարարել դպրոցների փակման մասին՝ ձմեռային եղանակային պայմաններից ելնելով՝ հազարավոր երեխաների զրկելով կրթության հիմնարար իրավունքից: Բնապահպանական այս բողոքն ինքնին բնապահպանական ճգնաժամ է ստեղծում, քանի որ ե՛ւ գազի, ե՛ւ էլեկտրաէներգիայի մատակարարումները համակարգված կերպով փակվում են՝ ստիպելով բնակչությանն այլընտրանքներ փնտրել՝ հոգալու իրենց հիմնական կարիքները: Այս բողոքն իրականում վարկաբեկում է համաշխարհային բնապահպանական օրակարգը, քանի որ դրա ծագումն ու վստահելիությունը չափազանց շատ հարցեր են առաջացնում: Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ես երբեք չեմ լսել կամ չեմ իմացել Ադրբեջանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված էկոակտիվիզմի կամ քաղաքացիական ցույցերի որեւէ նշանավոր դեպքի մասին: Փոխարենը, երկար  է ապացույցների ցանկն առ այն, որ Ադրբեջանում շրջակա միջավայրի պաշտպանության եւ, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների իրավիճակը, մեղմ ասած, հեռու է կատարյալ լինելուց:

Օրինակ` 2017 թվականին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային խորհուրդը որոշում ընդունեց կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը, քանի որ երկրում բացակայում է քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայրը, որը խախտում է նախաձեռնության պահանջները բազմաշահառու ներգրավվածության եւ քաղաքացիական հասարակության համար: Freedom House-ն իր կողմից իրականացված աշխարհի ազատության գնահատման զեկույցում անդրադարձել է  Ադրբեջանում ՀԿ-ների նկատմամբ ռեպրեսիվ օրենքներին: Ըստ նույն զեկույցի՝ քաղաքացիական ակտիվիստները պարբերաբար ենթարկվում են հետապնդումների, ահաբեկման, կալանավորման եւ բռնությունների ոստիկանության կողմից:

Միջազգային անկախ նախաձեռնությունների եւ դիտորդ կազմակերպությունների նմանատիպ գնահատականների այս ցանկն ամբողջական չէ: Այս գնահատականները հստակ պատկերացում են տալիս, թե ինչպիսին է իրավիճակն Ադրբեջանում բնապահպանական ակտիվիզմի տեսանկյունից, եւ որ ամենակարեւորն է` ի՞նչ ծագում ունի եւ ի՞նչ իրական շահեր է հետապնդում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառ դարձած ադրբեջանական հանկարծակի բուռն էկոակտիվիզմը:

Հաշվի առնելով տարածաշրջանում խաղաղության հասնելու չափազանց զգայուն գործընթացը՝ կոչ եմ անում մեր միջազգային գործընկերներին ուշադիր ուսումնասիրել այս իրավիճակը, հումանիտար ճգնաժամի շրջանակը, որն ազդում է ԼՂ-ում բնակվող 120.000 մարդու կյանքի վրա եւ ձեռնարկել գործնական քայլեր՝ վերջ դնելու ԼՂ ժողովրդի ազատ տեղաշարժի եւ հիմնական ռեսուրսների հասանելիության իրավունքների խախտումներին:

Դիտարկելով այս ճգնաժամը մեր օրակարգի առավել լայն համատեքստում՝ կարծում եմ, որ լուրջ անհրաժեշտություն կա վերանայելու Արեւելյան գործընկերության երկրների էներգետիկ քաղաքականությունը եւ կախվածությունը հանածո վառելիքի ներմուծումից, հատկապես այն երկրներից, որոնց գործողություններն ինքնին առաջացնում են մարդասիրական ճգնաժամ եւ մարդու հիմնական իրավունքների կոպիտ խախտումներ տարածաշրջանում»: