National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.10.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Թուրքիայի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ: Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Պարո՛ն նախագահ, այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ: Նրանցից ոմանք հույս ունեին, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արդյունքում Թուրքիան կսկսեր ապրել եվրոպական խաղի կանոններով: Բայց այդ հեռանկարը, ամենայն հավանականությամբ, հօդս է ցնդել: Թուրքիան ինքն է մերժել այս ուղին, որպեսզի մուսուլմանական աշխարհի եւ ավելի լայն տարածաշրջանի առաջնորդ դառնալու սեփական հավակնություններին հասնի առանց որեւէ արտաքին պարտավորությունների կամ հանձնառությունների:

Նախկինում եղել եմ հայկական երկու վարչակազմերի անդամ, որոնք փորձել են նոր հարաբերությունների շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի հետ: Նախորդ բոլոր դեպքերում, չնայած միջազգային աջակցությանը կամ ճնշումներին, ինչ-որ պահի Թուրքիան միշտ առաջ է քաշել նախապայմանների լեզուն՝ խարխլելով ամբողջ գործընթացը:

Մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները, ոչ էլ երբեւէ թաքցրել է իր քաղաքական, ռազմական եւ այլ աջակցությունն ու հովանավորությունն Ադրբեջանին՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ: Թուրքիան եւ նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, կառուցել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության նոր ճարտարապետություն՝ թյուրքական աշխարհի լիիրավ գերիշխանությամբ եւ հնարավորինս չեզոքացնելով, այսպես կոչված, հայկական հարցը: Միեւնույն ժամանակ, թուրքական գործոնը նաեւ Եվրոպական շատ երկրների համար լուրջ ներքաղաքական մարտահրավեր է դարձել:

Այս օրերին մենք ականատես ենք հայ-թուրքական նոր երկխոսության, եւ պետք է հիշել՝ անարդար խաղաղությունը միշտ երերուն է: Մտահոգություններ կան, որ նման երկխոսությունը կրկին կդառնա Թուրքիայի գերիշխանության ցուցադրությունը, որտեղ նա կվերափոխի տարածաշրջանը՝ յուրաքանչյուր ազգի համար դերերի իր ընկալմամբ:

Հարգելի՛ գործընկերներ, վերջերս Ստրասբուրգում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն եւս մեկ անգամ պահանջներ է ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Նա հակահայկական հռետորաբանության թարմ օրինակ ցույց տվեց՝ կոչ անելով ժողովրդավարական Ֆրանսիայում թուրքական էթնիկ համայնքին ընդդիմանալ ֆրանսահայերին, մարդկանց, ովքեր վերջին 100 տարում միայն մեծարել եւ էապես նպաստել են ամբողջ ժողովրդավարական եւ ազատ Եվրոպայի զարգացմանը: Ահա թե ինչու եմ ուզում, որ բոլորն իմանան՝ ոչ միայն հայկական սփյուռքում, այլեւ Հայաստանում մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ վստահել մի հարեւանի, ով չի գիտակցում, թե ինչ է արել անցյալում եւ խելամիտ եզրահանգումներ չի կատարում իր ներկայիս քաղաքականության մեջ, հարեւան, որը նախընտրում է էթնոկրոնական տրամադրություններն ու առաջնահերթությունները տարածաշրջանային հարաբերություններում:

Պարո՛ն նախագահող, չեմ հավատում, որ մեր կազմակերպությունը կամ եվրոպական արժեքների վրա հիմնված որեւէ կազմակերպություն պետք է թույլ տա Թուրքիային սպասարկել իր կարճաժամկետ շահերը՝ զոհաբերելով երկարաժամկետ եվրոպական վստահությունը»: