Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի թեկնածությունը:
Վերջինիս թեկնածության հարցը քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:
Տիգրան Հակոբյանն այժմ ՀՌՀ նախագահն է, նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի օրեր անց: Ծնվել է 1960 թ., 1988 թ. առայսօր աշխատում է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում, տարբեր կառույցներում, զբաղվում է դասախոսական աշխատանքով:
Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ոլորտի այն խնդիրներին, որոնք կարգավորման կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ ընտրվելու պարագայում կփորձի իր ներդրումն ունենալ դրանց լուծման հարցում: Ըստ թեկնածուի՝ թեեւ վերջին տարիներին բարեփոխվում է տեսալսողական ոլորտի օրենսդրությունը, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք ամբողջական լուծման կարիք ունեն: «Տասնյակ խնդիրներ կան, որոնք այս օրենքը չի լուծում: Տասնյակ տարընթերցումներ կան, եւ սա կապված է ոչ միայն օրենքի հետ, միգուցե, հեղինակների ոչ մասնագետ լինելուց, կամ օրենքն արագ ընդունելուց է բխում: Առաջին հերթին դա կապված է տեխնիկական միջոցների պայթյունային արագությամբ զարգացման հետ: Այսօր արդեն աշխարհը փորձ ունի եւ հանգիստ կարգավորվում է այն, ինչ երեք տարի առաջ դժվար էր կարգավորել»,- նշել է թեկնածուն՝ հավելելով, որ շատ կարեւոր է ընդունել այնպիսի օրենք, որը կհամապատասխանի այսօրվա պահանջներին:
Տիգրան Հակոբյանը կարեւոր է համարել նաեւ հեռուստաեթերից որակյալ հաղորդումների, առհասարակ նաեւ որակյալ բովանդակության սփռումը, լեզվական եւ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցի կարգավորումը եւ այլն: «Ցավոք, Հայաստանում չկա այդ համակարգը, որը կզբաղվեր լեզվական եւ տեղեկատվական անվտանգության հարցով»,- ասել է թեկնածուն: Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա տասնյակ հեռուստածրագրեր կան, որոնք աղբ են եւ բացասաբար են անդրադառնում հանրության մտածողության վրա: «Կարգավորող մարմինը պետք է լծակներ ունենա, եւ ինչ որ ձեւով քաջալերի նույն ցանցային օպերատորներին, որպեսզի նրանք ավելի շատ կրթական, մշակութային եւ մանկական ծրագրեր բերեն, որոնք աշխարհում շատ-շատ են»,- հավելել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուն:
Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել Տիգրան Հակոբյանի աշխատանքը ոլորտում: Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ ձայներ չեն եղել:
Թեկնածուի առաջադրման հարցի քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: