Հունվարի 25-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից:
Նրա խոսքով` Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որեւէ հիմք չունեն, այսինքն` այդ լուրերը մեկնաբանության ենթակա չեն: