Մայիսի 5-ին ոչ միայն Ազգային ժողովի օրակարգն էր հագեցած, այլ նաեւ հյուրերն էին շատ:
«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելեցին Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտները եւ ուսուցիչները:
Նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ ծանոթ է այս դպրոցի առանձնահատուկ ուսուցման կարգին: Փոխխոսնակը կարեւորեց երիտասարդների դերը մեր երկրի ապագայի գործում եւ հորդորեց լավ սովորել` դառնալով լավ մասնագետներ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը եւ Մարիա Կարապետյանը հյուրընկալեցին Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Մարիա Կարապետյանը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը եւ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը:
Պատասխանելով երկրի տնտեսական զարգացմանը վերաբերող հարցին` Արման Եղոյանը նշեց, որ ճիշտ կառավարման դեպքում Հայաստանն ավելի արագ կզարգանա:
Ազգային ժողով էին այցելել նաեւ Տավուշի մարզի «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի աշակերտական խորհրդի ներկայացուցիչները եւ մանկավարժները:
Հյուրերի հետ հանդիպեցին ԱԺ պետական-իրավանան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Լիլիթ Ստեփանյանը, Սոֆիա Հովսեփյանը Հակոբ Ասլանյանը եւ պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Տավուշցիները պատմեցին սահմանամերձ համայնքում ապրելու դժվարությունների ու առանձնահատկությունների մասին: Հետաքրքրվեցին պատգամավորական աշխատանքի դրական եւ բացասական կողմերով:
Խորհրդարանի հյուրերն էին նաեւ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:
Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Պատգամավորը կարեւորելով այցը` նշեց. «Դուք ինքներդ տեսաք` որտեղ են ծնվում մեր երկրի օրենքները եւ որոշումները»:
Աշակերտները ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին խորհրդարանում ընթացող աշխատանքներին:
Իսկ օրվա վերջում հյուրերը եղան ԱԺ թանգարանում, ծանոթացան խորհրդարանի պատմությանը, այցելեցին գրադարան` հետաքրքրվելով, թե ինչ հաճախականությամբ են պատգամավորներն օգտվում բազմաքանակ եւ բազմաբովանդակ գրքերից:
Ավանդույթի համաձայն` դպրոցականները լուսանկարվեցին նիստերի դահլիճում` իրենց հետ տանելով անմոռանալի հուշեր: