Կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում:
Նախաձեռնությամբ սահմանվում եւ ընդլայնվում է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը` ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար ու միջազգային կազմակերպություններում նշանակալի գործառույթներ իրականացնող, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Առաջարկվում է վերոնշյալ անձանց դիտարկել որպես փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշ` ձեռնարկելով դրա համար օրենքով սահմանված միջոցառումները:
Հստակեցվում է «զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորում» հասկացությունը, ԿԲ իրավասությունների շարքից հանվում է կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները կասեցնելու իրավասությունը, այն վերապահվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնին:
«Լրացուցիչ կարգավորման են ենթարկվում քրեական հետապնդման մարմիններին տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները»-եզրափակեց Ներսես Երիցյանը:
Գլխադասային` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը: Նրա խոսքով` հանձնաժողովում հնչել են առաջարկներ, որոնց մի մասն արդեն ընդունվել է: Սողոմոնյանը կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել: