National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
09.12.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 24

Դեկտեմբերի 9-ին խորհրդարանը, ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, շարունակել է աշխատանքը:

Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանը պատասխանել է առաջին ընթերցմամբ քննարկվող «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցերին: Նա անդրադարձել է կուսակցությունների գործունեության ֆինանսավորմանը, կուսակցությունների գործունեության կասեցման ընթացակարգերին:

Հարակից զեկուցող` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով քաղաքական գաղափարախոսական մրցակցության, բազմակարծության խթանման, քաղաքական կյանքի առողջացման եւ զարգացման համար բավականին բարձր չափանիշ է սահմանվել: Ընդգծելով կուսակցությունների գրանցման ընթացակարգերի պարզեցման, ինքնավարությանը չմիջամտելու, ղեկավար մարմիններում սեռերի հավասարության ներկայացվածության պահանջի գործոնները՝ հարակից զեկուցողը դրանք բնութագրել է որպես կարեւոր առաջընթաց:

Ելույթներում պատգամավորները շնորհակալություն են հայտնել Համազասպ Դանիելյանին «Կուսակցությունների մասին» օրենքում իրականացվող բարեփոխումներն առաջնորդելու համար՝ դրանք համարելով «Իմ քայլը» դաշինքի կարեւոր հանձնառություններից, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 18-ին հրապարակված Ճանապարհային քարտեզի քայլերից մեկը: Կարեւորելով քննարկումներին բազմակողմանի մասնակցությունը՝ պատգամավորներն անդրադարձել են նախագծերի փաթեթում ներկայացված նոր հնարավորություններին: Առաջարկվել է մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս կազմակերպել աշխատանքային քննարկումներ փաթեթն առավել ընդգրկուն եւ ամբողջական դարձնելու համար՝ դրանով իսկ նպաստելով կայուն քաղաքական համակարգի ձեւավորմանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝  առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթը կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ: Նախորդ գումարման ժամանակ ընդունված օրենքում որոշ դրույթներ փոխելով՝ համարել, թե լուրջ փոփոխություններ են իրականացվում, ըստ բանախոսի, միամտություն է: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխություններով չի առողջանալու քաղաքական համակարգը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Լիլիթ Մակունցը: Քննարկվող նախագծերի փաթեթը, ըստ բանախոսի, առողջ եւ ժողովրդավարական քաղաքական միջավայրի ձեւավորման ու զարգացման համար անկյունաքարային է: Նա նշել է, որ տարիներ շարունակ երկրում քաղաքական կուսակցական համակարգը բնութագրվել է որպես անձակենտրոն: Ըստ բանախոսի՝ նախատեսվում են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ապահովման բավականին առաջադեմ մեխանիզմներ: Լիլիթ Մակունցը կարեւորել է, որ ծախսերի արդյունավետ վերահսկողությունն վերապահվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քաղաքական մյուս կուսակցություններին, ընդդիմությանը, գործընկերներին կարեւոր նախաձեռնությունը կյանքի կոչելու գործընթացին աջակցելու եւ համախոհության համար:

Ի պատասխան խորհրդարանականների առաջարկությունների՝ Համազասպ Դանիելյանը եզրափակիչ ելույթում աշխատանքային քննարկումներ, խորհրդարանական լսումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել: Նա նշել է, որ Հայաստանի քաղաքական միավորների գործունեության համար ազատական, նպաստավոր պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ դրանց գործունեությունը հանրության առջեւ առավել թափանցիկ եւ հաշվետու դարձնելու փորձ է արվել:

Խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընդհատված  քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ կայուն տնտեսական աճ հնարավոր է ունենալ միայն մեծաքանակ, համակարգային եւ մասշտաբային ներդրումների առկայության դեպքում:

Ներդրումներն արտահանելի ճյուղերում 2017 թվականին կազմել են 31,7%, 2018-ին՝ 28%, 2020-ին՝ 34,8%:

Հարկային եկամուտները 2019-ին 2018-ի համեմատ անվանական արտահայտությամբ աճել են 16 տոկոսով, այն կազմել է 1 տրլն 464 մլրդ դրամ:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաեւ Քովիդ 19-ը համավարակից եւ ռազմական իրավիճակից բխող հետեւանքներին, ազդեցություններին, «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցներին եւ դրա շուրջ ծավալված քննարկումներին: Նշվել է, որ նվիրաբերությունը կատարվել է հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացած որոշումների հիման վրա եւ, որ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաեւ դրույթ, ըստ որի պետք է ներկայացվի հաշվետվություն ստացված միջոցների հավաստման, դրանց օգտագործման վերաբերյալ:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաեւ պետական կառավարման համակարգում սահմանված վարձատրության տարբեր կատեգորիաներին:

Ֆինանսների նախարարը խոսել է նաեւ տնտեսական զարգացումների հետ կապված սպասումների մասին: Ըստ նրա՝ վերանայվել է սպասվող տնտեսական աճը, այն կանխատեսվում է 3.2 տոկոսի չափով: Զեկուցողի խոսքով՝ վերանայվել է նաեւ ՀՆԱ-ի անվանական մեծությունը, որն էլ իր ազդեցությունն է ունեցել բյուջեի ցուցանիշների վրա՝ մասնավորապես հարկային եկամուտների եւ պակասուրդի: Բանախոսն ընդգծել է, որ փոքր ինչ փոփոխվել են փաստաթղթով գալիք տարվա համար նախատեսված ծախսերը՝ պայմանավորված փոխարժեքի հաշվարկային մեծության փոփոխությամբ եւ պարտքի ներգրավման ծավալի մեծացմանը զուգընթաց պարտքի սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսելու հանգամանքով:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ կապված գործադրի կողմից կապիտալի շուկայի եւ այդտեղ հնարավոր ներդրումների այլընտրանքի ձեւավորման հնարավորությանը, արտաքին պարտքի սպասարկման ռիսկերին, հարկային ծախսերի դինամիկային եւ այլն:

Բյուջետային փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են հայտնել խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արկադի Խաչատրյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակը եւ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը մեր երկրին կանգնեցրին սոցիալական, հոգեբանական անվտանգային եւ մի շարք այլ խնդիրների առջեւ, ինչն իր բացասական ազդեցությունն ունեցավ տնտեսության զարգացման վրա: Նրա խոսքով՝ շուրջ 8 տոկոս տնտեսական անկում է սպասվում: Պատգամավորն ընդգծել է, որ նոր բյուջետային փաստաթղթի անհրաժեշտություն կա, քանի որ ներկայացված բյուջեի նախագիծը նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշների վերանայման պայմաններում չի համապատասխանում ներկա իրողություններին ու մարտահրավերներին: Արկադի Խաչատրյանի համոզմամբ՝ միջավայրն արագ չկարգավորելու դեպքում կարող է արտագաղթ սկսվել: Բանախոսի կարծիքով՝ լուծումն անցումային տեխնոկրատ կառավարության ստեղծումը կարող է լինել: Նա կարեւորել է բանակի մարտունակության բարձրացումը, կապիտալ ծախսերի ուղղությունների վերանայումը, սահմանների ամրապնդմանը, ինժեներական կառույցների իրականացմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է բյուջեի նախագծի ընդունմանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արտակ Մանուկյանը, ով անդրադարձել է բյուջեի պլանավորման, կառավարման եւ վերահսկողության գործընթացների արդյունավետ իրականացմանը, եկամուտների բարձրացմանն ուղղված քայլերին: Նա ընդգծել է, որ 2009 թվականին միայն ֆինանսական ճգնաժամի պատճառով գրանցվել էր 14.1 տոկոս տնտեսական անկում, ճգնաժամին հաջորդող տարում՝ 2010 թվականին, Հայաստանում գրանցվել էր 2.2 տոկոս աճ, մինչդեռ այս տարի ունենալով այս արհավիրքները՝ ակնկալվում է ունենալ 8 տոկոս տնտեսական անկում եւ 3.2 տոկոս տնտեսական աճ: Ըստ Արտակ Մանուկյանի՝ պետք է կատարողականների գաղափարախոսությունն ավելի լայն չափով կիրառելի դարձնել պետական համակարգում: Պատգամավորն անդրադարձել է երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման անհրաժեշտությանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու տնտեսական աճը խթանող ծրագրերի իրականացմանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներում հնչած առաջարկներին ու մտահոգություններին:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ գյուղատնտեսական  հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում, որոնք սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Փոխնախարարը հավելել է, որ նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության եւ արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի եւ Երջանիկ Հակոբյանի հեղինակած օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Եղիշե Սողոմոնյանը նշել է, որ օրենքով հստակ կարգավորված չէ եկամուտների հավաքագրման մասով հաշվեքննություն իրականացնելու ուղղակի պահանջ: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են այն օբյեկտները, որտեղ իրականացվում է հաշվեքննություն եւ օրենքով սահմանված կարգով դրանց թվին է պատկանում նաեւ պետական եկամուտների կոմիտեն: Միեւնույն ժամանակ անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել, որ հաշվեքննության առարկա է նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը, այն է՝ հարկային մուտքերը:

Առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածում նշված հասկացություներում հաշվեքննության առարկա ֆինանսատնտեսական գործունեության սահմանման մեջ լրացնել նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը:

Օրենքի 17-րդ հոդվածում հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձեւակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետեւաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձեւակերպումներ: 2-րդ մասում նշված պաշտոնավորման ժամկետները եւ ընտրության կարգը հակասում է Սահմանադրությանը եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքին, ընդ որում հոդվածի 3-րդ մասում արդեն նշված է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Օրենքի 34-րդ հոդվածով սահմանված զննման եւ դիտարկման ընթացակարգերը կարող են տարբեր օբյեկտներում եւ հաշվեքննության գործընթացներում ունենալ տարբեր ժամկետներ: Այդ պատճառով ժամկետները պետք է սահմանվեն Հաշվեքննիչ պալատի կողմից, քանի որ օրենքով դրա սահմանումը եւ սահմանափակումը կարող է ազդել հաշվեքննության որակի վրա: Ժամկետի սահմանումը պետք է որոշվի Հաշվեքննիչ պալատի ներքին կանոնակարգերով՝ կուտակված փորձի եւ ողջամիտ գնահատման հիման վրա:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Գործադիրն առաջարկում է  «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել 2017-2020թթ. պետական գույքի մասնավորացման օբյեկտների շարքում: Մասնավորեցման արդյունքում կձեւավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի եւ որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը եւ բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը հարցի վերաբերյալ դրական էր. այս մասին հայտնել է Հայկ Գեւորգյանը:

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա՝ առաջարկվող կարգավորմամբ փորձագիտական, գիտաուսումնական կազմակերպությունները համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում օրենքի շրջանակում կարող են իրականացնել թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի հետ կապված փորձաքննություններ եւ այլ հետազոտություններ:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ օրենսդիրները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը : ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Սանդիկովը հարակից զեկույցում ներկայացրել է հարցի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում եւ տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաեւ գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով գործունեություն: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որով մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական եւ այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական եւ այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Մի երկրի հարգադրոշմումը ճանաչվելու է ԵԱՏՄ մյուս անդամ երկրի կողմից: Ստեղծվելու է տեսչական մարմին անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը:

Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցվում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցումով: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումը դատական իշխանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում է: Օրենքի նախագծի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի? հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, ովքեր ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում են օրենի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում:

Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 10-ի ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
 


09.12.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նույն օրը ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած  «ՀՀ հ...

09.12.2020
Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող
Դեկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի...

09.12.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել
Դեկտեմբերի 9-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը վարել է Վլադիմիր Վարդանյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած  «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրեն...

09.12.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

09.12.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

09.12.2020
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 09.12.2020 ժամը 13:30 314 սենյակ,   Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 09.12.2020 ժամը 14:00 214 սենյակ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am