ՀՀ ԱԺ կրթության, գիտության, սփյուռքի, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին շարունակվել է 2021 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումը: Անդրադարձ է կատարվել ոչ միայն ոլորտներում նախատեսված քաղաքականությանը, այլեւ առկա խնդիրներին եւ դրանց չեզոքացմանն ուղղված քայլերին:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2019 թվականի համեմատ 2021 թվականին 10 տոկոս աճ է նախատեսված կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների ծախսերի համար: Մասնավորապես ոլորտների ֆինանսավորման համար նախատեսված է հատկացնել 177,6 մլրդ դրամ կամ 16,6 մլրդ դրամով ավելի, քան 2019 թվականի ծրագրային ցուցանիշն էր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությունն իրականացնելու է երկու տասնյակից ավելի ծրագրեր, Covid-19 համավարակով պայմանավորված մի շարք միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են, հետեւաբար այդ մասով չեն լինելու նաեւ ֆինանսական հատկացումներ:
Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ բյուջեի նախագիծը վերանայման փուլում է, դրանում փոփոխություններ կիրականացվեն՝ պայմանավորված պատերազմով:
Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ավելացնել գիտության ոլորտի, մասնավորապես դրա առանձին ճյուղերի, ինչպես նաեւ միջին մասնագիտական /արհեստագործական/ կրթության հատվածի ֆինանսավորումը: Օրենսդիրներին հետաքրքրել է նաեւ պատերազմում զոհվածների երեխաների՝ բուհերում ուսանելու վարձավճարների հարցը: Այս կապակցությամբ նշվել է, որ նախարարությունն արդեն դիտարկում է տարբեր ձեւաչափեր՝ թեթեւացնելու համար նման ընտանիքների սոցիալական բեռը: Կարեւորվել են նաեւ դպրոցականների ֆինանսական գիտելիքների, մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները:
Փոխնախարարը հայտնել է, որ գալիք տարում շարունակվելու է ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը: Մի շարք քայլեր են նախատեսված Արցախից եկած երեխաների կրթության շարունակականության սապահովման համար:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ ոլորտը կարգավորող նոր օրենքով պայմանավորված հանձնաժողովի գործառույթներն ավելացել են, հետեւաբար փոքր-ինչ ավելի գումարի կարիք է առաջացել: Նախատեսված է հանձնաժողովում ավելանացնել 4 նոր հաստիք, այլ փոփոխություններ չեն նախատեսվում:
Նշվել է, որ ՀՌՀ հանձնաժողովին նախատեսված է հատկացնել 313 մլն դրամ:
Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հաջորդիվ նշել է, որ կտրուկ փոփոխություններ կառույցում նախատեսված չեն: Ըստ նրա՝ 500 մլն դրամով պակաս կլինի գալիք տարվա ֆինանսական հատկացումը՝ կապված վարկի մարման հետ, որը վերցվել էր հեռուստաընկերության տեխնիկական վերազինման նպատակով: Նա հայտնել է, որ այս տարի կառույցը 500 մլն դրամի խնայողություն է ունեցել, ինչը պայմանավորված է համավարակով եւ ռազմական դրությամբ:
Արա Շիրինյանն անհրաժեշտ է համարել շարունակել կառույցի տեխնիկական վերազինումը՝ ընդգծելով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանն իր ելույթում հայտնել է, որ 2021 թվականին գրասենյակն իրականացնելու է երեք ծրագիր, որոնց շրջանակում նախատեսված է անցկացնել ութ միջոցառում, այդ նպատակով կծախսվի շուրջ 890 մլն 930 հազար դրամ: