ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ 82 կողմ ձայներով ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը փոփոխության չի ենթարկվել:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: Նրա գնահատմամբ՝ այս փաթեթով օրինականացվում է անաշխատ եկամուտը եւ այն որեւէ կերպ չի նպաստելու ճգնաժամի հաղթահարմանը: «Անընդունելի է հարկատուների հաշվին նման նախաձեռնություն ընդունելը»-, ասել է նա: Տարոն Սիմոնյանն իրազեկել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բացասական դիրքորոշումը հայտնել է Նաիրա Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, թե այսպիսով լեգիտիմացվում է պորտաբուծությունը, եւ այն որեւէ կերպ չի հաղթահարելու ճգնաժամը: Ըստ նրա՝ այս օրենսդրական նախաձեռնությունն ամբողջապես քաղաքական ճնշում է մի կառույցի վրա, եւ հասկանալի չէ, թե ինչու պետք է ՍԴ դատավորներն անցնեն վաղ կենսաթոշակի: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անհամաձայնություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած որոշ արտահայտությունների կապակցությամբ եւ նշել, որ համերաշխության մթնոլորտում քննարկվող նախագծով նախատեսվում է խորքային բարեփոխումներ իրականացնել դատաիրավական համակարգում, եւ այն Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի հաղթահարման քայլերից մեկն է: Ըստ նրա՝ սա ձեռքսեղմման առաջարկ է, որը կարող է մեկնարկ դառնալ դատաիրավական համակարգում, մասնավորապես Սահմանադրական դատարանում բարեփոխումներ իրականացնելու համար:
«Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու:
Եզրափակիչ ելույթ են ունեցել հարակից եւ հիմնական զեկուցողները:
Սուրեն Գրիգորյանը նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է համապատասխան դրույթ, որը դատավորներին թույլ է տալիս անցնել վաղաժամկետ կենսաթոշակի:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ նման մեխանիզմ անցումային շրջաններում կիրառվել է նաեւ այլ երկրներում. նման քայլ թույլ է տալիս նաեւ ՀՀ օրենսդրությունը:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: