Ազգային ժողովը, հոկտեմբերի 4-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված հարցերը:
Այնուհետեւ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ամփոփելով տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ տեղեկացրել է, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման ընդունման քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Քվեատուփում առկա քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել երկուսը: 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է:
Հիշեցնենք, որ որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: