National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.05.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.05.2019
«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ` Ազգային ժողովում
1 / 23

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին հրավիրվել են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ: Նպատակն է շահագրգիռ քննարկման արդյունքում ձեւավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ եւ ինչ ակնկալիքներ կան այդ գործընթացից:

Լսումներին մասնակցել են քաղաքական ուժերի, մասնագիտական ու ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

Բացման խոսքով հանդես է եկել եւ ներկաներին ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերին: Նրա խոսքով՝ միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների ու կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովելու հասարակության անցումը մի իրավիճակից մյուսին: Նշվել է, որ անցումային արդարադատության գործիքակազմն իրավական է ու նպատակ ունի վեր հանելու այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների:

«Եթե պետությունը ցանկանում է օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները, դա չի նշանակում, որ պետությունը պարտավորված է բոլոր գործիքները կիրառել: Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ` լրացնելու ինստիտուցիոնալ բացը»,-ասել է փոխնախարարը:

Ըստ Աննա Վարդապետյանի՝ Հայաստանի Հանրապետությունը երկու իրավական միջազգային հարթակի՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի չափանիշներին պետք է հետեւի:

Անցումային արդարադատության նպատակներին անցնելով՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս գործընթացը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է հաշտեցման, ոչ թե դիմակայման գործիք:

Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքներին՝ բանախոսը նշել է, որ գործիքակազմը հստակ սահմանված է, առաջինը՝ քրեական մեղադրանքներն են, երկրորդը՝ վեթինգը՝ գնահատման գործընթացը: Ըստ նրա՝ վեթինգը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռություն իրավունքների տեսանկյունից. գործընթացն անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջեւ որեւէ դեպքում նվաստացուցիչ իրավիճակ չի ենթադրվում: Ողջամիտ գնահատումը, փոխնախարարի խոսքով, չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել:

Հարցուպատասխանի ձեւաչափում փոխնախարարն անդրադարձել է արդարադատության համակարգում լյուստրացիան օրենսդրորեն ամրագրելու խնդրին, դատաիրավական համակարգում գնահատման գործընթացի իրականացմանը, «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի ընդունմանը, անցումային արդարադատության գործիքակազմի ընտրությանը եւ այլ հարցերի:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատմամբ, քանի որ ընթացակարգը երաշխիքներ չի ապահովում լյուստրացիայի ենթարկվող անձի համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում այս գործընթացը, այն դիտարկում են որպես հիմնական դատավարական ընթացակարգային իրավունքները սահմանափակող եւ խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին: Դրա փոխարեն այսօր ավելի կիրառելի է դիտարկվում վեթինգը:

Նշվել է, որ 2016-2017 թթ. ԵԽ-ի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (SEPEJ) չափանիշների հիման վրա դատական համակարգի գործունեության գնահատում է իրականացվել: Դատարաններին առնչվող բոլոր խնդրահարույց հարցերն այդ զեկույցում արտացոլված են:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է փորձաքննության՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը ստուգելու նպատակով, որից հետո աշխատանքային խմբում կլինեն քննարկումներ եւ վերջնական փաստաթուղթը կդրվի շրջանառության մեջ: Բանախոսի գնահատմամբ՝ նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք, քանի որ սա ՀՀ միջազգային պարտավորություններից բխող ինստիտուցիոնալ գործընթաց է:

Նախարարի տեղակալը նշել է, որ անցումային արդարադատությունը քաղաքական եւ իրավական մեխանիզմների ամբողջություն է, բայց իրավական գործիքակազմը վերաբերում է ընթացակարգերին: Մանրամասնելով գործիքակազմը՝ Աննա Վարդապետյանն առանձնացրել է համակարգային բարեփոխումների գործիքը, որի մի մասն է վեթինգը:

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզան խոսել է անցումային արդարադատության որոշ գործիքների մասին: Նա նշել է, որ չկա անցումային արդարադատության ամրագրված որեւէ կոնկրետ մոդել, բայց գոյություն ունեն այդ ուղին անցած երկրների լավագույն օրինակներ: Փորձագետը Հայստանին հորդորել է անցումային արդարադատության գործիքները եւ ձեւերը մշակելիս խորհրդակցել հասարակության տարբեր շերտերի հետ եւ հաշվի առնել նրանց արդար պահանջները:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ կառույցը պատրաստել է «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» զեկույց, կազմակերպել ազգային փորձագետների մասնակցությամբ անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմանն ուղղված փորձագիտական համաժողով: Ըստ բանախոսի՝ զեկույցը մշակվել է ԵՄ կառուցողական երկխոսության հանձնարարության ծրագրի շրջանակում, հրապարակվել երկու ամիս առաջ եւ ներկայացվել ՀՀ վարչապետին ու ՀՀ ԱԺ նախագահին: Զեկույցի կազմման նպատակն է եղել ներկայացնել անցումային արդարադատությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը, գործիքները, մեխանիզմները, ինչպես նաեւ համեմատական եւ վերլուծական եղանակով վեր հանել մեր երկրում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը:

Կարեն Զադոյանի խոսքով՝ 35 երկրների միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, որտեղ չի եղել անցումային արդարադատության համակարգ ձեւավորվելու վերաբերյալ ակնհայտ եւ անկեղծ պատրաստակամություն ու այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավման առկայություն: Զեկուցողը կարեւորել է գործընթացի եւ կիրառելիք բոլոր մեխանիզմների մասին հանրային լայն իրազեկումը, խոսել զեկույցի կազմման մեթոդաբանությունից՝ նշելով, որ ուսումնասիրվել է 4 գործիքների՝ քրեական արդարադատության իրականացման, ճշմարտության որոնման, փոխհատուցման ծրագրերի եւ համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով միջազգային զեկույցները, որում գնահատվել են Հայաստանին վերաբերող հատվածները եւ ընդգծվել, թե ինչու է Հայաստանում անհրաժեշտ իրականացնել անցումային արդարադատություն: Ասոցիացիայի նախագահը ներկայացրել է Հայաստանում անցումային արդարադատության հնարավոր կիրառմանն ուղղված առաջարկներ:

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդգծել է, որ մեզնից շատերը նախկինում առնչվել են դատաիրավական համակարգի կախյալությանը, կողմնակալ որոշումներին եւ համակարգը, ցավոք, մինչ օրս զգալի փոփոխությունների չի ենթարկվել: Նա հավելել է, որ հեղափոխությունից հետո ականատես ենք լինում դատավորների որոշումների հետեւանքով հանրային բողոքի արտահայտությունների եւ ընդդեմ կոչեր են հնչում այն պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը:

«Եթե դատաիրավական համայնքը չի ցանկանում երկրի ժողովրդավարական փոփոխությունների մասնակիցը լինել, ապա կլինի ուղղակի այս գործընթացի կրողը»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, կարեւորելով քննարկվող հարցերի շրջանակը, փորձել է հասկանալ՝ արդյո՞ք մեր երկրում կա անցումային արդարադատության գործընթացի վերաբերյալ գնահատական, ուսումնասիրություն, ներկայացված կառուցվածք, թե ինչպես է իրականացվելու գործընթացը, որտեղ է ամրագրված, որ ՀՀ Սահմանադրությունը, տարբեր օրենքներ կիրառության մեջ օգտակարության գործակից չունեն:

Չժխտելով, որ արդարադատության ոլորտում անելիքներ կան՝ Վահե Էնֆիաջյանը նշել է. «Բայց մի՞թե բավարար չէ ՀՀ օրենսդրությունը, քաղաքական կամքն էլ կա, գործող օրենքներով գործողություններ իրականացնել: Մենք պետք է պետական ինստիտուտները կարեւորենք, օրենքի գերակայությունը ՀՀ-ում պետք է գերիշխի»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունել է խորհրդարանական լսումներ կազմակերպելու ԱԺ նախագահի նախաձեռնությունը: Նա նշել է, որ ՀՀ դատական համակարգում կան խնդիրներ. դրանք են՝ դատական համակարգի արտաքին եւ ներքին անկախություն, դատարանների հանդեպ քաղաքացու վստահության պակաս եւ այլն: Արման Թաթոյանի խոսքով՝ տարիների ընթացքում այդ խնդիրներին պատշաճ ուշադրություն չի դարձվել, դրանք պարբերաբար վեր են հանվել, սակայն չեն ստացել պատշաճ լուծումներ: Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է հասարակությունում ճիշտ ակնկալիքների ձեւավորումը ներդրվող ցանկացած նոր ինստիտուտի վերաբերյալ, ինչը կնպաստի այդ համակարգի սահուն գործադրմանը, դրա նպատակների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Խորհրդարանական խմբակցությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու ոլորտի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանում անցումային արդարադատության անհրաժեշտության գնահատմանը, գործիքների կիրառման հեռանկարներին եւ միջազգային փորձին, առանձին եղանակների կիրառման հեռանկարներին: Կարեւորվել են հանրության վերաբերմունքն այդ ինստիտուտի կիրառման հարցում, անցումային արդարադատության գործիքակազմերն իրականացնելու համար ձեւավորվող մարմնում ընդգրկվող անձանց ընտրությունը, արդարադատության համակարգի առողջացումը եւ բարեփոխումը, դատարանների նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, համակարգային փոփոխությունները: Ներկաները խոսել են ոլորտի իրավական եւ քաղաքական կողմերի մասին, անդրադարձել Հայաստանում շինծու քրեական գործերի վերանայմանը, ապօրինի կուտակված սեփականության դեմ պայքարին, մի շարք հարցերում հասարակության ու պետության հակամարտության հաղթահարմանը, անցումային արդարադատությանն անցմամբ պայմանավորված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ներկայացրել միջազգային փորձը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շահագրգիռ քննարկումների համար: Ըստ նրա՝ մեր երկիրն անցումային փուլում է, եւ ինքներս պետք է լուծենք մեր առջեւ ծառացած խնդիրները՝ հաշվի առնելով միջազգային հանրության կողմից կուտակված ժողովրդավարական կարեւոր փորձը: Խոսելով դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության պակասի մասին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ անցումային արդարադատությունը հնարավորություն է վերականգնելու վստահությունը ոչ միայն դատական, այլեւ ողջ պետական համակարգի նկատմամբ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ դատական անկախ իշխանություն նշանակում է իշխանություն, որն անկախ է ոչ միայն գործադրից եւ օրենսդրից, այլ ցանկացած արտաքին միջամտությունից:

Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ անցումային արդարադատությունը պետք է ունենա վերականգնողական եւ հաշտեցնող բնույթ:

«Մենք գերադասում ենք ունենալ անցումային արդարադատություն հայկական, ոչ թե ներկրված եւ գուցե ուշացած, քան ձախողված տարբերակ: Անցումային արդարադատությունը եւ դրա գործիքակազմը պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կանոնակարգումներով եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Բանախոսի համոզմամբ՝ անցումային արդարադատությունն անհրաժեշտ է զարգացած պետություններին, նաեւ մեր երկրին: «Հայաստանի Հանրապետությունում իրավական, դատական մշակույթ պետք է ստեղծենք, մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի վիրավորված կզգա հարցից՝ դատավորները ձեզ մոտ անկա՞խ են, կաշառք վերցնու՞մ են, թե՝ ոչ»,-ընդգծել է Վլադիմիր Վարդանյանը:


24.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջազգային բժշկական նորարարությունների եւ համագործակցության ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 25-30-ը ներառյալ Նաննիգ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ Լուսինե Բ...

24.05.2019
Դրական եզրակացություն՝ հարկային բարեփոխումներին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 24-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայա...

24.05.2019
Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել, որ վերջին շրջանում եւ հատկապես վերջին օրերին ՀՀ հանրային երկխոսության մեջ գտնվող ամենամեծ հետաքրքրություն առաջացնող թեմաներից մեկը, թերեւս, հենց անց...

24.05.2019
Քննարկվել են տեղեկատվության անվտանգության ապահովմանը, զինվորական ծառայությանը վերաբերող օրինագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 24-ին քննարկել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու...

24.05.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

24.05.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

24.05.2019
«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ կից հղումներով՝ 1 այստեղ 2 այստեղ: ...

24.05.2019
ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS