National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.05.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.05.2019
Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ
1 / 1

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել, որ վերջին շրջանում եւ հատկապես վերջին օրերին ՀՀ հանրային երկխոսության մեջ գտնվող ամենամեծ հետաքրքրություն առաջացնող թեմաներից մեկը, թերեւս, հենց անցումային արդարադատությունն է: Եւ նորից ասեմ՝ այսպիսի ներկայանալի մասնակցությունը դրա վառ ապացույցն է:

Մենք անցած ամիսներին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ եւ, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերին պատասխաններ տալ՝ միասնական, ներառական, ավելի լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան հարցեր, կան որոշումներ, որոնք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի, գուցե նաեւ հետագայում այլ լսումների, քննարկումների ճանապարհով:

Ես հնչեցնեմ այդ հարցերից մի քանիսն ընդամենը՝ ի՞նչ է, ի վերջո, անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է անհրաժեշտություն ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, այդ գործիքներից որո՞նք է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափով, ինչպիսի՞ն է ի վերջո վերջնանպատակն անցումային արդարադատության, ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով:

Սկզբի համար թերեւս պետք է հասկանանք, թե ինչու՞ գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը իրականացնելու արդար, անկախ արդարադատություն եւ ինչու՞ պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար թերեւս փաստ է, գաղտնիք չէ, որ դատական համակարգը տարիներ շարունակ ունի կուտակված լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել այս վերջին մեկ տարվա ընթացքում, այլ պատուհաս են դարձել մեր գլխին եւ իբրեւ մի հսկա ժայռ՝ կանգնած են Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Համաձայնեք՝ հնարավոր չէ կառուցել լիարժեք ժողովրդավարություն, երբ անկախ դատարանները չեն կարող ապահովել Հայաստանի Սահմանադրությունից եւ օրենքներից բխող անկախ արդարադատություն, ապահովել մարդու իրավունքները, չեն կարող կայացնել անկողմնակալ որոշումներ: Եւ անցման այս փուլում, երբ Հայաստանն անցնում է պսեւդոժողովրդավարությունից, իսկ որոշ փորձագետների գնահատմամբ՝ ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարություն, երբ ժողովուրդն, ի վերջո, ձեւավորել է օրենսդիր իշխանություն եւ օրենսդիր իշխանության միջոցով՝ գործադիր իշխանություն, դատական իշխանությունը շարունակում է ապրել, պայմանական ասած, հին Հայաստանի կանոններով, որտեղ Սահմանադրությունը եւ օրենքները մի բան են, խաղի կանոնները, որոնցով առաջնորդվում է դատական իշխանությունը, այլ բան է: Թերեւս, ավելորդ չէ մեկ անգամ եւս ձեւակերպել, որ դրանք խաղի կանոններ են, որտեղ էական դերակատարում ունեն զանազան կոռուպցիոն սխեմաները, ազգակցական կապերը, ինչու չէ՝ կաշառքը: Սա վստահաբար պնդում չէ բոլոր դատավորների, բոլոր ատյանների մասին, բայց միայն այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությունը չունի վստահություն դատական համակարգի նկատմամբ, իսկ դա ակնհայտ է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այստեղ լրջագույն, արագ եւ գիտակցված տարբեր որոշումներ կայացնելու ժամանակն է:

Ժամանակի մասով: Ուզում եմ ասել, որ կիսում եմ միջազգային փորձագետների հնչեցրած գնահատականներն այն մասին, որ, եթե պիտի կիրառվի անցումային արդարադատություն, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Չէր կարելի դա անել շուտ, հապճեպ եւ չի կարելի նաեւ հապաղել, չի կարելի ուշացնել:

Ի՞նչ նպատակ ունի անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձեւավորումն է: Այսօր ակնհայտ է, այս օրերին շատ խոսվեց այդ մասին, որ իշխանության մյուս թեւերը որեւէ կերպ չեն ազդում դատական համակարգի որոշումների վրա, բայց միեւնույն ժամանակ դատական համակարգը կարծես թե շարունակում է ազդեցություններ կրել այլ շրջանակներից, այլ օղակներից, եւ սա, իսկապես, մեծագույն խնդիր է: Հետեւաբար, անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձեւավորումն է ըստ էության: Մյուս կողմից, անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրելու եղած խնդիրները, այլ տալ լուծում եւ հանգեցնել հանրային համերաշխության: Սա եւս չափազանց կարեւոր է գիտակցել:

Գործիքների մասով: Թույլ տվեք ալեգորիկ համեմատություն անել: Եթե անցումային արդարադատությունը մի ծով է, որի ափին մենք կանգնած ենք, ապա չափազանց կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ չափով ենք մենք մտնում այդ ծովը: Որովհետեւ, եթե մենք մտնում ենք ոչ բավարար չափով, ապա ալեգորիայից իրականություն վերադառնալով՝ պետք է ասենք, որ չեն բավարարվի հասարակության ակնկալիքները եւ չենք հասնի վերջնանպատակին: Եթե մենք խորանում ենք այդ ծովում ավելին, քան անհրաժեշտ է, ապա մենք կարող ենք հանգել ոչ ինստիտուցիոնալ լուծումների, ինչը չի կարելի որեւէ կերպ թույլ տալ: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է եւ, ինչպես ասում են, ունքը սարքելու փոխարեն աչքը հանել եւ բացել մի պանդորայի արկղ, որը չգիտես ուր կհասցնի Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար չափը եւ գործիքակազմը հստակ գիտակցելը եւս չափազանց կարեւոր է:

Միջազգային փորձը: Բազմաթիվ երկրներ են կիրառել անցումային արդարադատությունը, որոշ դեպքերում այդ փորձը հաջողված է, որոշ դեպքերում՝ ոչ: Հաջողվածի եւ ձախողվածի մեջ որոշ բաղադրիչներ հաջողված են, որոշ բաղադրիչներ՝ ոչ:

Համերաշխության մասին: Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող:

Տնտեսական հանցագործությունների մասով: Մենք պետք է կարողանանք հասկանալ. հարցեր են հնչում, հարցեր են բարձրացվում զանազան շրջանակներից՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել, օրինակ, հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը, հանրությանը եւ շարունակեն ապրել իրենց խաղաղ, ամենօրյա կյանքով:

Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի մասով: Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի:

Դատական համակարգի մասով: Ամենաէականը, մենք պետք է հասկանանք՝ ի վերջո դատական համակարգը ներկայացնու՞մ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնու՞մ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ: Եթե ոչ, ապա արագ պետք է ձեւավորել:

Եւ վերջում, ուզում եմ մի կարճ բան ասել. ի՞նչ չէ անցումային արդարադատությունը: Սա չափազանց կարեւոր է: Անցումային արդարադատությունն, այսպես ասած, եռյակ դատարանների ձեւավորումը չէ, արտակարգ դատարանների ձեւավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել եւ վճիռներ կայացնել: Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա թերեւս ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք:

Նորից շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվելու համար: Ես հարցերի միայն մի մասը հնչեցրի, կլինեն զեկույցներ, փորձագետների կարծիքներ, ապա կլսենք բոլոր այն մարդկանց ելույթները, ովքեր, կարծում եմ, ասելիք ունեն այս մասով եւ գուցե վերջում ունենանք կոնկրետ եզրահանգումներ: Շնորհակալ եմ:


24.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջազգային բժշկական նորարարությունների եւ համագործակցության ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 25-30-ը ներառյալ Նաննիգ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ Լուսինե Բ...

24.05.2019
«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին հրավիրվել են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ: Նպատակն է շահագրգիռ քննարկման արդյունքում ձեւավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես են...

24.05.2019
Դրական եզրակացություն՝ հարկային բարեփոխումներին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 24-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայա...

24.05.2019
Քննարկվել են տեղեկատվության անվտանգության ապահովմանը, զինվորական ծառայությանը վերաբերող օրինագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 24-ին քննարկել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու...

24.05.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

24.05.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

24.05.2019
«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ կից հղումներով՝ 1 այստեղ 2 այստեղ: ...

24.05.2019
ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS