National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.04.2019
Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 22-ին շարունակել է ապրիլի 16-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստերում քննարկված օրինագծերը:

ՀՀ ԱԺ որոշմամբ՝ որոշ օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանն այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ  քննարկել է  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, հանվել են որոշ դրույթներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ Կառավարությունն ընդունել է պատգամավորների առաջարկները եւ նախագծերից հանել բոլոր խնդրահարույց դրույթները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առնչվում է մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Ակնկալվում է, որ փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլեւ կբարձրացնեն հարակից ոլորտների օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության եւ պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ եւ արդյունավետ կազմակերպելու համար:

Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկ է եղել  հստակեցնել «թրաֆիքինգ» երեւույթի չափանիշները,  խստացնել տարատեսակ թրաֆիքինգի համար սահմանված պատժամիջոցները:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության  եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Անի Սամսոնյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի  տեղեկացմամբ՝  «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պարզեցնել վարչարարությունը եւ  գործող օրենքով նախատեսված երկու թույլտվությունների համար նախատեսել մեկը: Միաժամանակ, թույլտվության տրամադրման կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի  առավելագույն չափերի սահմանման լիազորությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաջորդիվ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների` մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը, որն ստորագրվել է 2018 մայիսի 17-ին՝ Աստանայում:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը նշել է, որ  փաստաթղթով նախատեսվում են պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալու առավելագույնս հաշվի առնել  ԵԱՏՄ ընդհանուր եւ յուրաքանչյուր անդամ պետության առանձին, ինչպես նաեւ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունն ազգային եւ վերազգային մակարդակներում: Համաձայնագիրն արտոնյալ չէ եւ մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում: Նախատեսվում է, որ այն թույլ կտա դյուրացնել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողների մուտքը դեպի չինական շուկա:

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Կարեւորելով նախագիծը՝ պատգամավորն այն համարել է մեկնարկային, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման համար:

Հաջորդիվ  պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը,  որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նպատակն է կողմերի  միջեւ  դյուրացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա  քաղաքացիներին մուտք գործել եւ մնալ կողմերի պետությունների տարածքում  արձակուրդի կամ զբոսաշրջության  նպատակով: Յուրաքանչյուր կողմ իր ազգային օրենսդրության համաձայն կարող է մյուս կողմի քաղաքացիներին տրամադրել բազմակի մուտքի աշխատանքային եւ արձակուրդային ժամանակավոր արտոնագիր, որով նրանք կարող են 12 ամիս մնալ այդ պետությունում, որից 6 ամիսը՝ աշխատելու իրավունքով: Այս իրավունքից կարող են օգտվել Հայաստանի եւ Արգենտինայի 18-30 տարեկան քաղաքացիները՝ դիմելով համապատասխան երկրի  հյուպատոսություն կամ դեսպանություն:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս երկու պետությունների երիտասարդներին, որոնք արձակուրդի կամ զբոսաշրջության նպատակով այցելում են միմյանց երկրներ, կատարել կարճաժամկետ վարձատրվող աշխատանք՝ մասնակիորեն հոգալով իրենց այցի ծախսերը եւ ձեռք բերելով միջազգային աշխատանքային փորձ: Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար օրենսդիրները քննարկել են «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Նախագծով աջակցություն տրամադրվելու է նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին եւ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճվառածներին: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ նախագծով վերահաստատվում է պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների երաշխավոր: Հիմնական զեկուցողի համոզմամբ՝ մարտիմեկյան իրադարձությունների առանձահատկությունն այն է, որ ՀՀ քաղաքացիներից խլվել է քաղաքական կամարտահայտման եւ քաղաքական ազատությունների իրավունքը, կասեցվել է Հայաստանի ժողովրդավարական զարգացումը մահաբեր ուժի գործադրմամբ: Լենա Նազարյանը նշել է, որ նախագծով քայլ է արվում հանրային համերաշխության հաստատման ուղղությամբ: Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների կողմից եղել է խիստ տարբերակված մոտեցում. ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այդ մասին խորհրդարանին տեղեկացրել է հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը: Նա ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում կառավարությունը համապատասխան ընթացակարգեր կսահմանի եւ երեք տարվա կտրվածքով շահառուները կարող են դիմել ու ստանալ աջակցություն:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իրազեկել է, որ գործադիրը դրական եզրակացություն է ներկայացրել: Նա մանրամասներ է հաղորդել տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալու մեխանիզմների, աջակցության ձեւի ու կարգի սահմանման առնչությամբ, հիշեցրել, որ սա ոչ թե վնասի հատուցման, այլ աջակցության մասին օրենքի նախագիծ է:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է կատարվել աջակցության տրամադրման ձեւին, չափին ու ժամկետներին, իրական ու հասցեական փոխհատուցմանը, տուժածների իրավահաջորդների շրջանակի հստակեցմանը եւ այլ հարցերի:

«Այս օրենքն այն բանի մասին է, որ Հայաստանի Հանրապետությունում այլեւս որեւէ մեկն իրեն թույլ չի տալու Ազատության հրապարակն անվանել Թատերական հրապարակ, օլիգարխների սափրագլուխներն այլեւս ժողովրդի վրա ձեռք չեն բարձրացնելու, զինվորականը, ոստիկանը ձեռք չի բարձրացնելու ՀՀ ժողովրդի վրա, Հայաստանում արտոնյալներ եւ անձեռնմխելիներ չկան եւ, ի վերջո, որեւէ մեկն իրեն այլեւս չի կարող թույլ տալ ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե դուք մարտի մեկից դասեր չե՞ք քաղել»,- իր ելույթում ընդգծել է օրինագծի համահեղինակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձել է տուժողի իրավահաջորդի կարգավիճակին եւ կարծիք հայտնել, որ այս նախագիծն անցումային արդարադատության շրջանակում ընդունվող օրենքների շարքից է:

Գայանե Աբրահամյանի բնութագրմամբ՝ մարտի մեկի իրադարձությունները նորանկախ Հայաստանի մեծագույն ողբերգությունն ու խարանն են: Նրա գնահատմամբ՝ աջակցության այս ինստիտուտը կարեւոր է որպես նախադեպ, սա անուղղակի քաղաքական հանձնառություն է պետության կողմից քաղաքացիների առողջությանը պատճառած վնասի հատուցման հարցում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Մանե Թանդիլյանը: Կարեւորելով նախաձեռնությունը՝ պատգամավորը նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու եւ բարձրացված հարցերը նպատակ ունեն օրենքն առավել որոշակիացնելու  եւ կենսագործելի դարձնելու:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում խորհրդանշական է համարել հենց այս օրը նախագիծը քննարկելը, քանի որ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը սպառնում էր ՀՀ քաղաքացիներին՝ ասելով` «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»:

Արարատ Միրզոյանը, վերհիշելով մարտիմեկյան դեպքերն ու դրանց առնչվող առանձին դրվագներ, ընդգծել է, որ այն հարվածը, որ 2008 թ. այդ օրը հասցվեց ՀՀ քաղաքացիներին եւ ՀՀ պետականությանը, հաղթահարելու համար պահանջվեց տասը տարի:

«Ես ուզում եմ, որ մենք՝ որպես օրենսդիրներ, միաձայն արձանագրենք, որ նման բան Հայաստանի Հանրապետությունում այլեւս երբեք միանշանակ չի լինելու»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

Եզրափակիչ ելույթներում Սիսակ Գաբրիելյանը եւ Լենա Նազարյանը անդրադարձել են պատգամավորների հնչած որոշ մտահոգությունների:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ըստ զեկուցողի՝ կառույցի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում, ինչպես նաեւ հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու հիմքով հանձնաժողով ներկայացված տեղեկությունների հիման վրա 2018 թվականին հարուցվել է 11 վարչական վարույթ: Ոչ սեփական հեռուստածրագրերի վերահեռարձակման թույլտվություն տրամադրելու շրջանակում հանձնաժողովն ուսումնասիրել է ավելի քան 390 պայմանագիր եւ հեռարձակման իրավունքը հավաստող այլ փաստաթղթեր: Արդյունքում տրամադրվել է 1520 ոչ սեփական հեռուստածրագրերի վերահեռարձակման թույլտվություն:

Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ կառույցը 2018 թվականի հունիսի 23-ին հայտարարել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին այն համարվել է չկայացած՝ սահմանված ժամկետում դիմումներ չներկայացվելու հիմքով: Բանախոսի խոսքով՝ ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է մեղմացնել մասնավոր մուլիտիպլեքսորի առջեւ դրված պայմանները: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության նոր հայեցակարգի մշակումն ու ընդունումը, օրենքում այդ գործունեությանն առնչվող նոր, ներդրողների համար գրավիչ պայմանների ամրագրումը:

Տիգրան Հակոբյանն անհրաժեշտ է համարել Կառավարության եւ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ քայլեր իրականացնել՝ վերականգնելու մարզային հեռուստաընկերությունների՝ եթեր դուրս գալու հնարավորությունը:

Հիմնական զեկուցողը խոսել է նաեւ այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են կառույցի բնականոն գործունեությունը:  Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարել փոփոխել ոլորտային օրենսդրությունը:

Տիգրան Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտի խնդիրներին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ հեռուստատեսությամբ հանդես գալու հնարավորությանը, գովազդի շուկայում պահանջարկի նվազմանը, հեղափոխությունից հետո մարզային հեռուստաընկերությունների ազատականացմանը, դրանց ֆինանսական աջակցության անհրաժեշտությանը,  հեռուստաեթերում մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը, որակյալ եւ մասնավորապես կրթական ծրագրերի ավելացմանը:

Նիստի ընթացքում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ հաստատել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը՝ 95 կողմ եւ 26 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանը ՀՌՀ տարեկան գործունեության մասին հաղորդումը կշարունակի քննարկել ապրիլի 23-ի նիստում:
 


22.04.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Կայուն պարենային համակարգ եւ սնուցման կառավարում՝ հանուն առողջ սննդակարգի» տարածաշրջանային գիտաժողովին, ինչպես նաեւ սնուցման կարողությունների տարածաշրջանային զարգացման եւ գործընկերության հարթակի 2-րդ ժողովին մասնակցելու համար 2019 թ. ապրիլի 23-27-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն)...

22.04.2019
Քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցմանը, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 22-ին հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակության հետ: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մ...

22.04.2019
«Ցեղասպանությունը ոտնձգություն է ոչ թե հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ». Վլադիմիր Վարդանյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել են Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության անդամների հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վլ...

22.04.2019
Միջոցառման հրավեր
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում նախատեսվում է Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված կեչու տնկիներով հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնում: Ծառատունկին, որը կկայանա ապրիլի 23-ին` ժամը 12:00-ին, կմասնակցեն պատգամավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS