ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:
Հովհաննես Իգիթյանը կարեւորել է օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը, ինչը կնպաստի ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը, այնպես էլ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է փոխադարձ շփումները, կոնկրետ ծրագրերի իրականացումը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-հնդկական փոխգործակցության զարգացմանը մի շարք ոլորտներում, մասնավորապես կարեւոր է համարվել համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության, մշակույթի, ոսկերչության եւ դեղագործության բնագավառներում:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ տնտեսական կապերի ակտիվացումը: Հովհաննես Իգիթյանը նշել է, որ Հայաստանը բաց եւ խոր կապեր ունենալով ԵԱՏՄ անդամ երկրների, ինպես նաեւ ԵՄ պետությունների շուկաների հետ՝ կարող է դրական դերակատարություն ունենալ այդ երկրների եւ Հնդկաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է, որ Հայաստանի անկախությունից հետո, երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացել են քաղաքական, մշակութային եւ հատկապես տնտեսական ուղղություններով: Սակայն, ըստ դեսպանի, այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ եւս առկա է: Սանգվան Յոգեշվարին տեղեկացրել է, որ այս տարի Հնդկաստանը տոնում է Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը եւ այս առիթով միջոցառումներ են կազմակերպվելու նաեւ Հայաստանում:
Անդրադարձ է կատարվել աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին, ընդգծվել է տարածաշրջանում առկա լարվածությունը, կարեւորվել դրա բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը: «Հայաստանը, ապրելով բարդ տարածաշրջանում, ավելի լավ է հասկանում խաղաղության կարեւորությունը»,- նշել է Հովհաննես Իգիթյանը: