ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 27-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսի, Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերի պատասխանատու Լաուրա Սիմոնյանի եւ կուսակցությունների հետ ծրագրի ղեկավար Վարդան Փարթամյանի հետ:
Կողմերը քննարկել են փոխադարձ համագործակցության ճանապարհային քարտեզը:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ NDI-ն այս տարիների ընթացքում կարեւոր առաքելություն է իրականացրել մեր երկրում, սակայն նոր Հայաստանում միջազգային կառույցների հետ աշխատանքի մեխանիզմները որոշակի փոփոխություն պիտի կրեն՝ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Քննարկվել է քաղաքական կուսակցություններին, խորհրդարանական խմբակցություններին, կին պատգամավորներին աջակցության ծրագրերի իրականացման հարցը, որը հնարավորություն կտա զարգացնելու թե՛ կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը, թե՛ կուսակցություն-խմբակցություն կապը եւ թե՛ պատգամավորների, մասնավորապես կին պատգամավորների օրենսդրական հմտությունները:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր ուղղություններով կազմել համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ: