ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության (IYDU) պատվիրակությանը:
Ողջունելով երիտասարդներին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 2017թ-ի հոկտեմբերին լուրջ ձեռքբերում է արձանագրվել, երբ Բրյուսելում կայացած նիստում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության լիիրավ անդամ:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը եւ աշխարհում գործող գաղափարակից միավորումներին հայ երիտասարդական կառույցների անդամակցությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն անդամակցում է նաեւ Եվրոպայի ժողովրդավարական կազմակերպությանը, նրա կառույց հանդիսացող Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին, բազմաթիվ այլ կառույցների:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարման մոդելներին՝ ընդգծելով, որ 27 տարի առաջ` անկախության հռչակման պահին եւս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր: «Մենք ունեցել ենք պետական կառավարման բոլոր մոդելները: Դա խոսում է այն մասին, որ փորձում ենք գտնել լավագույն ձեւը, ինչը թույլ կտա ժողովրդական արժեքները ներդնելով՝ առաջ ընթանալ, համահունչ լինել զարգացած ու քաղաքակիրթ երկրների հետ»,-ասել է ԱԺ նախագահը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ կարեւորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը:
Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է նաեւ երիտասարդների հարցադրումներին:
Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության պատվիրակության անդամների հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է միջազգային տարբեր ձեւաչափերում եւ հարթակներում նման հանդիպումների կազմակերպումը, քաղաքական տարբեր գործընթացներին մասնակցությունը, փորձի փոխանակումը:
Ի պատասխան երիտասարդների հարցերին՝ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Պատվիրակությունը Հայաստանում է Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության «Ժողովրդավարությունը գործողության մեջ» խորագրով հերթական հավաքին մասնակցելու նպատակով: