National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
28.02.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
28.02.2018
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 20

Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Խորհրդարանի նախագահն այդ կապակցությամբ մասնավորապես ասել է. «Հարգելի պատգամավորներ, 30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետեւանքով դաժանաբար սպանվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ եւ ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից:

30 տարի առաջ հայերի հանդեպ ադրբեջանական իշխանությունների կողմից ծրագրված եւ իրականացված ոճրագործությունը, ցավոք, մինչ այժմ միջազգային հարթակներում չի արժանացել համարժեք քաղաքական եւ իրավական գնահատականի:

Դատապարտման բացակայությունն էլ ավելի խրախուսեց Ադրբեջանին՝ այնուհետ իրականացնելու էթնիկ զտումներ եւ ջարդեր Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում եւ Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում»:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերով : Հիմնական զեկուցող, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկացրել է, որ նախագիծը կարգավորում է Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ձեւավորման, պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման եւ տարածման, համատարած հաշվառումների անցկացման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը  ներկայացրել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ այնուամենայնիվ փաթեթում կան լրջագույն խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լրամշակել: Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ, նկատի ունենալով նախագծի հետ կապված մտահոգությունները, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պայմանականորեն է կողմ քվեարկել փաթեթին՝ հուսալով, որ հեղինակի կողմից կառաջարկվեն ընդունելի լուծումներ:

«Իրականության հետ աղերս չունեն Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները»,-իր ելույթում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա գնահատմամբ՝ կառույցի նկատմամբ չկա հանրային վստահություն:

Խոսրով Հարությունյանն անդրադարձել է կառույցի անկախության հարցին եւ նշել, որ նախագծում որեւէ դրույթ չկա այդ մարմնի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Պատգամավորը ներկայացրել է իր մտահոգությունները՝ առաջարկելով վերամշակել փաթեթը:

Եզրափակիչ ելույթներ են ունեցել հարակից եւ հիմնական զեկուցողներ Միքայել Մելքումյանը եւ Ստեփան Մնացականյանը: Վերջինս անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին, տվել պարզաբանումներ: Նա օրենսդիրներին տեղեկացրել է վիճակագրական տվյալների նկատմամբ հանրության անվստահության պատճառների, վիճակագրության ոլորտում օգտագործվող մեթոդաբանության մասին:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի ամրագրել ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակները, ինչպես նաեւ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար պարտավորություն սահմանել իրենց պաշտոնական կայքում, մամուլում կամ էլեկտրոնային այլ եղանակով հրապարակել արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ տեղեկատվություն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի, Վահե Էնֆիաջյանի, Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունների հեղինակած «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը , որը ներկայացրել է Արմեն Աշոտյանը: Հայտարարության տեքստը՝ հղումով:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հայտարարության վերաբերյալ ներկայացրել է Արտակ Զեյնալյանը: Նա ընդգծել է, որ ԱԺ հայտարարությունը չափազանց փաստարկված է, ներկայացված փաստերը հենված են ընդարձակ եւ հարուստ գրականության, անհերքելի ապացույցների եւ դատական ակտերի վրա: Հայտարարության քննադատությունն ուղղված է բացառապես Ադրբեջանի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության դեմ եւ նպատակ ունի նպաստելու, վերացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, նշել է բանախոսը:

Ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության հարցին, կարեւորել միջազգային տարբեր հարթակներում ճիշտ եւ համադրված աշխատանքի իրականցումը: Մարգարիտ Եսայանը կարեւորել է հայտարարության կապակցությամբ խորհրդարանական լսումների անցկացումն ու հայտարարության ընդունումը ՀՀ օրենսդիր մարմնի կողմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում կարեւորել է ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումը, անդրադարձել ադրբեջանական կեղծ քարոզչության հարցին: «Сумгаит. Говорят свидетели азербайджанцы» գրքում ադրբեջանցիներն են փաստում, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը կազմակերպել Սումգայիթում հայերի ջարդը: «Այս գործընթացով սկիզբ է դրվում Սումգայիթի Նյուրնբերգին, եւ այն ունենալու է այնպիսի հստակ ավարտ, ինչպիսին եղել է Նյուրնբերգյան դատավարությունը հիտլերյան Գերմանիայի համար»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարեւորել է ԱԺ հայտարարության ընդունումը եւ նշել, որ սումգայիթյան իրադարձությունների իրական գնահատականը դեռեւս տրված չէ, ինչն Ադրբեջանին թույլ է տալիս անընդհատ ամեն ինչ ներկայացնել ծուռ հայելիների մեջ՝ գլխիվայր շուռ տալով իրականությունը: «Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ Սումգայիթում կատարվածն ամենափաստագրված հատվածն է իրենց կատարած ոճրագործություններից: Այդ ժամանակներում գործած դատարաններն են փաստել, որ հայերի դեմ Սումգայիթում կատարվել են ցեղասպանական գործողություններ»,-փաստել է Արմեն Ռուստամյանը:

Խորհրդարանը 72 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջին պաշտոնում հնգամյա ժամկետով 96 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնում հնգամյա ժամկետով ընտրվել է Գեւորգ Դանիելյանը՝ 90 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, երրորդ պաշտոնում 82 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ հնգամյա ժամկետով ընտրվել է Լիպարիտ Մելիքջանյանը, չորրորդ պաշտոնում՝ 86 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ եռամյա ժամկետով՝ Հայկ Հովհաննիսյանը, հինգերորդ պաշտոնում առաջադրված Սերգեյ Մեղրյանն ընտրվել է 87 կողմ, 10 դեմ ձայներով՝ պաշտոնավարման եռամյա ժամկետով:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահության անունից շնորհավորել է Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամներին:

Այնուհետեւ տեղի է ունեցել երդման արարողություն:

Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներն ընթերցել են երդման տեքստը, որում ասված է. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը»:

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները շնորհակալություն են հայտնել իրենց թեկնածություններն առաջադրելու եւ վստահության համար:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենքների ընդունմամբ կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կիրարկումը: Այդ որոշմամբ վիճարկվել էր ավագանու նիստի իրավազորությանը վերաբերող դրույթը, որով նիստն իրավազոր է, եթե ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Կառավարության առաջարկով ավագանու նիստն իրավազոր կլինի, եթե նիստին ներկա լինի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ առաջարկը երրորդ` ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ապրանքներ ներկրելիս սահմանի վրա ԱԱՀ-ի հետաձգմանն է վերաբերում: Նա ընդգծել է, որ առաջին ընթերցման ընթացակարգում նախագիծն արժանացել է խորհրդարանի դրական արձագանքին: Անդրադառնալով այն տեսակետին, որ նախագիծը հակասում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ այդ փաստաթուղթը չպետք է բեռ դարձնել մեր երկրի համար: Նա առաջարկել է լուծումներ գտնել եւ ընդունել նախագիծը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարակից զեկույցում նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը լայնորեն քննարկվել է: Նա վկայակոչել է ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթի նորմերը, որով երրորդ երկրներից ներկրելու դեպքում ԱԱՀ գանձվում է անմիջապես սահմանի վրա. անդամ պետություններն իրենց ազգային օրենսդրությամբ կարող են տրամադրել արտոնություններ, ոչ թե սահմանել նոր ռեժիմ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նման նախագիծն ընդունելը կնշանակի, որ Հայաստանը հետեւողական չէ միջազգային պարտավորությունների կատարման գործում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի գնահատմամբ՝ օրինագիծը հակասում է վերազգային օրենսդրությանը:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրության քվեարկության արդյունքները՝ ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: 63 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ Գեւորգ Կոստանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ:

Գեւորգ Կոստանյանը երախտագիտություն է հայտնել գործընկերներին վստահության համար:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, իսկ Նախագահի սպասարկմանը վերաբերող կարգավորումները տեղափոխել այս օրենքի շրջանակ: Նախատեսվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Պաշտոնաթող պաշտոնատար անձը կզրկվի թոշակից միայն այն դեպքում, եթե զբաղեցնի հանրային ծառայության այլ պաշտոն: Նախատեսվել են նաեւ Հանրապետության նախագահի աշխատակազմի, վարչապետի եւ վարչապետի աշխատակազմի, ԱԺ նախագահի սպասարկմանը վերաբերող դրույթներ: Ազգային ժողովի համար նախատեսվել է պահուստյին ֆոնդ, որը կտնօրինի ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ նախագիծը սոցիալական պետական համակարգում սերնդափոխության ապահովման նպատակ ունի:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կարգավորում են նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման եւ գործողության դադարեցման, ինչպես նաեւ իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) եւ օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները:

Հարցի քննարկումը կշարունակվի մարտի 1-ին:

Օրվա վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


28.02.2018
Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին
2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետու...

28.02.2018
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ
Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների ծրագրավորած ու կազմակերպած Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918 թվականին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում ...

28.02.2018
«Անհերքելի է Նորատ Տեր-Գրիգորյանցի ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը համազգային...

28.02.2018
Ազգային ժողով էին այցելել Պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանում, հետեւել խորհրդարանի նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպ...

28.02.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի կենսագրությունը
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին, Երեւանում: Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո 1994 թվականին ընդունվել եւ 1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականին ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանում: Ավարտել է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS