ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը փետրվարի 16-ին հանդիպել են «Բաց խորհրդարան» նախաձեռնության մասնակիցների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվել է «Բաց խորհրդարան» նախաձեռնության հայեցակարգը, որը մշակվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից (ՄԱԶԾ)՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի աշխատակազմերի համատեղ ջանքերով: Նախաձեռնության նպատակը խորհրդարանների գործունեությունը հասարակության համար առավել մատչելի ու հասանելի դարձնելն է:
Արփինե Հովհաննիսյանը, նշելով, որ Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը միացած առաջին երկրներից է, կարեւորել է այդ ծրագրի գաղափարների իրագործումը նաեւ խորհրդարանական մակարդակում: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ Ազգային ժողովի առավել բաց ու թափանցիկ լինելու հանգամանքը՝ մշակվել է հայեցակարգ, որի հիմնասյուներն են տեղեկատվության մատչելիությունը, խորհրդարանական գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հաշվետվողականությունը, նորարարական տեխնոլոգիաները:
Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելու լավագույն հարթակ է:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Ազգային ժողովում եւ աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք պայմանավորված են խորհրդարանական կառավարման ձեւին անցմամբ օրենսդիր մարմնի ստանձնած նոր դերով: Նա վստահեցրել է, որ ՀՀ ԱԺ ղեկավարությունը հաստատակամ է «Բաց խորհրդարան» գաղափարի իրականացման հարցում: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ միջազգային մի շարք գործընկերների հետ արդյունավետորեն իրականացնում է խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր:
Արա Սաղաթելյանը նշել է, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման եւ թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ: Նա ներկայացրել է նաեւ աշխատակազմի նյութատեխնիկական բազայի համալրման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք միտված են խորհրդարանական աշխատանքի հանրայնացման ապահովմանը, անդրադարձել Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ուղղված քայլերին: Վերոնշյալ բարեփոխումների իրականացման հարցում Արա Սաղաթելյանը կարեւորել է միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը:
«Բաց խորհրդարան» նախաձեռնության մասնակիցները ներկայացրել են մի շարք երկրներում ծրագրի իրականացման փուլերը եւ արդյունքները:
Մասնակիցներն առաջիկայում հանդիպելու եւ քննարկումները շարունակելու պատրաստակամություն են հայտնել: