Փետրվարի 6-ին Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով է պարգեւատրել Շվեյցարիայի քաղաքացիներ Ժան-Ֆրանսուա Դյուշոզալին եւ Միշել Ժնուին` 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ աջակցության համար: Նշենք, որ նրանք Հայաստան են այցելել Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության հետ:
Արա Բաբլոյանը, շնորհավորելով հայ ժողովրդի շվեյցարացի բարեկամներին, նշել է, որ աղետալի երկրաշարժից երեսուն տարի անց իր երախտագիտությունն է հայտնում մեր ժողովրդին ցուցաբերած օգնության համար եւ հանձնում նրանց ՀՀ Ազգային ժողովի բարձրագույն պարգեւը` Պատվո մեդալը:
Շվեյցարացի հյուրերը շնորհակալություն են հայտնել պարգեւի արժանանալու համար եւ հավաստիացրել, որ Հայաստանն ընդմիշտ իրենց սրտում է, եւ իրենց պարգեւը կիսում են այն բոլոր մարդկանց հետ, ովքեր տարիներ առաջ օգնել են Հայաստանին թոթափել աղետի հետեւանքները: