ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ողջունելով դեսպանին ՀՀ ԱԺ-ում` Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել դեռեւս դարեր առաջ սկիզբ առած հայ-հնդկական ջերմ հարաբերությունները եւ նշել, որ դեռ կան անելիքներ, որպեսզի այդ փոխգործակցությունն ուղեկցվի առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի խորացմամբ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները:
Ներկայացնելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա առեւտրաշրջանառության ծավալները՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ փոխադարձ աշխատանքի շնորհիվ կարելի է դրանք ավելացնել: Այս համատեքստում Միքայել Մելքումյանն առաջարկել է կազմակերպել համաժողովներ՝ քննարկելու տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված տարբեր ծրագրեր:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԲՀԿ-ն ջերմ հարաբերություններ ունի Հնդկաստանի «ԲԻ ՋԻ ՓԻ» կուսակցության հետ եւ տեղեկացրել, որ առաջիկայում այդ պահպանողական կուսակցության անդամները կայցելեն Հայաստան: Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է խորացնել միջկուսակցական կապերը:
Յոգեշվար Սանգվանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի անկախացումից հետո քաղաքական հարաբերությունները Հնդկաստանի հետ բարձր մակարդակի են: Դեսպանը կարեւորել է պարբերաբար տեղի ունեցող հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: