ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽԽՎ փոխնախագահ Իոնաս Չեկուոլիսի հետ։ Խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր պարտավորությունների կատարման ուղղությամբ եւ 2005-ին սահմանադրական բարեփոխումներով կավարտի պարտավորությունների կատարումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ԵԽԽՎ հովանու ներքո տարածաշրջանային խնդիրներին նվիրված քննարկումների կազմակերպման հարցը, եվրոինտեգրման խորացման խնդիրները, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման խնդիրները։ Պարոն Չեկուոլիսը ԵԽԽՎ-ՀՀ Աժ հարաբերությունները որակեց օրինակելի՝ պարտավորությունների կատարման առումով, նշվեց, որ բոլոր ֆորմատներով համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը, Հայաստանի օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին համարվեց կարեւոր խնդիր, որի լուծմանը Մերձբալթյան երկրները պատրաստ են օգնել։
ՀՀ Աժ նախագահը հանդիպեց նաեւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներ։ Կարեվորվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը.պարոն Կոնոպլյովը նշեց, որ նորընտիր խորհրդարանում արդեն դեկտեմբերի կեսից կձեւավորվի հանձնաժողովը եվ խորհրդարանի փոխնախագահի մակարդակով կնշանակվի համանախագահը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին փետրվարին Մինսկում ստորագրված համագործակցության պայմանագրի կատարումը, համագործակցությունը միջազգային կառույցներում։
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՌԴ Դժ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական հարաբերությունների խորացման խնդիրներ, կարեվորվեց միջխորհրդարանական համագործակցությունը։