ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերով բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը, որը, նրա գնահատմամբ, նպաստում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է քաղաքական գործընթացներում եւ կուսակցական աշխատանքում կանանց ներգրավվածության ու նրանց դերակատարության մեծացման, գենդերային հավասարության խնդիրներին, ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի կառույցներում ընդգրկված կանանց աշխատանքը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ընտրական գործընթացներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախաձեռնած եւ իրականացվող «Կանանց մասնակցությունը եւ դերը կուսակցություններում» ծրագիրը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր նկատառումներն ու առաջարկները:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին տարբեր ծրագրերի, մասնավորապես գենդերային հավասարությանն ու քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանն առնչվող առաջարկների իրականացման հարցում մշտապես աջակցելու համար, եւ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: