National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.03.2010
Խորհրդարանը ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Մարտի 18-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ու «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ կառավարության ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծերը եւ դրան հարակից օրենքների նախագծերը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց «Ճանապարհային երթեւեկության  անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի  գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ օրինագիծը հանձնաժողովում քննարկվել է եւ պատգամավորների բարձրացրած հարցերին ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տվել է սպառիչ պատասխաններ: Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն է տվել, ելնելով այն հանգամանքից, որ կառավարությունը հաշվի է առել հանձնաժողովի ներկայացրած առաջարկները:

Եզրափակիչ ելույթում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կարեւոր նշանակություն ունեն քաղաքացիների իրավունքների  պաշտպանությունն ապահովելու համար եւ վստահեցրեց, որ օրենսդրական փաթեթը ուժի մեջ մտնելուց հետո ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի մոտ ֆինանսական պարտավորություններ չեն առաջանա: Նա համոզմունք հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն պատգամավորների ներկայացրած առաջարկները եւ կշտկվեն բոլոր հակասություններն ու տեխնիկական վրիպակները:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հարակից զեկույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը` նշեց, որ հանձնաժողովը օրինագծի առնչությամբ պատգամավորների կողմից որեւէ առաջարկություն չի ստացել:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ  Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` օրինագծի նպատակը պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը կանխարգելելն է:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարցի առնչությամբ ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ գործող օրենքով ՀՀ ավիափոխադրողները եւ ՀՀ-ում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում: Քանի որ ժամանակի սղության պատճառով (3 բանկային օր) նշված կազմակերպությունների կողմից պետական տուրքի վճարումների ճիշտ եւ ժամանակին կատարումը կարող է դառնալ ռիսկային, ուստի օրինագծով ՀՀ ավիափոխադրողները եւ օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե պետք է փոխանցեն ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում:

Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Կառավարությունն առաջարկվում է հանել լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի համար նախատեսված պետական տուրքի տեսակը եւ թողնել միայն լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տալու համար նախատեսված պետական տուրքը:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ներկայացրել էր դրական եզրակացություն:

Խորհրդարանը առաջին ընթերցումով քննարկեց կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ օրինագծերի փաթեթի նպատակը գերավճարների եւ գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին համապատասխան տույժեր վճարելու ընթացակարգի ներդրումն է: Գործող օրենսդրությամբ նման ընթացակարգ սահմանված չէ եւ հաճախ պետության կողմից գերավճարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացվում է` առանց հարկ վճարողներին համապատասխան տույժերի վճարման: Ըստ փոխնախարարի` օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի հարկման արդարության սկզբունքի ներդրումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հեղափոխական է դիտարկում գերավճարների վերադարձման ինստիտուտի ներդրումը: Կարեւորելով օրենսդրական փաթեթը` պարոն Այվազյանը կարեւորեց պատասխանատվության մեխանիզմի կիրառումը գերավճարները չվերադարձնելու դեպքում: Նշվեց, որ օրենսդրական փաթեթի նպատակը ավելացված արժեքի հարկի գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը ավել ցույց տալու դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացումն է:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները` արտահայտելով եւ կողմ, եւ դեմ տեսակետներ: Հակոբ Հակոբյանի համոզմամբ` ձեռնարկատիրոջ եւ պետության փախհարաբերություններում պետք է գործի հարկման արդարության սկզբունքը: Վարդան Բոստանջյանը կարծում է, որ օրենսդրական փաթեթը վտանգավոր կետեր ունի եւ չպետք է այն ընդունել: Գերավճար հասկացությունը օրենսդրությունից վերացնելու հարցում պարոն Բոստանջյանի հետ համակարծիք էին նաեւ Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս առաջարկում է սահմանափակել ստուգումից հետո գերավճարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետը` 90 օրը, եւ դարձնել առավելագույնը 15 օր: Արա Նռանյանը գտնում է, որ հարկման դաշտում կա պետական մարմինների չհամաձայնեցված գործընթաց: Նրան հետաքրքրում էր այն հարցը, թե, ի վերջո, ու՞մ գումարն է հետ վերադարձնում պետությունը տնտեսվարող սուբյեկտներին` պետությա՞ն, թե ժողովրդի: Ռաֆիկ Պետրոսյանը առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացնելու պատրաստակամություն հայտնեց: Օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունները ողջունելով` պարոն Պետրոսյանը նշեց, որ դրանք ուղղված են գործարարների իրավունքների պաշտպանությանը: Հակառակ տեսակետը հայտնեց Լարիսա Ալավերդյանը` ընդգծելով, որ կառավարության առաջարկած ստուգման մեխանիզմները նսեմացնում են գործարարների արժանապատվությունը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին եւ առաջարկներին: Նա օրենսդրական նախաձեռնությունը ողջունելի եւ ընդունելի համարեց տնտեսական ժողովրդավարության ու հարկման արդարության սկզբունքի իրականացման տեսանկյունից:

Ամփոփիչ ելույթ ունեցավ եւ քննարկումների ընթացքում հնչեցված առաջարկներին անդրադարձավ նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 43-րդ հոդվածով 50 տոկոս տուգանք է նախատեսված պակաս հաշվարկված կամ ավել հաշվանցված ԱԱՀ-ի գումարների նկատմամբ` անկախ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներ առաջանալու հանգամանքից: Խնդիրը, ըստ փոխնախարարի, կայանում է նրանում, որ նշված տուգանքը կիրառվում է հարկային ստուգումների ժամանակ, մինչդեռ գերավճարների գումարների ճշտության նպատակով իրականացվում են ուսումնասիրություններ, որի ընթացքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում 50 տոկոս տուգանք կարող է կիրառվել: Կառավարությունն առաջարկում է օրենքով հնարավորություն նախատեսել գերավճարների գումարը ավել ցույց տալու դեպքում օրենքով նախատեսված տուգանքը նաեւ ուսումնասիրության ժամանակ կիրառել` առանց ուսումնասիրությունը ստուգմամբ փոխարինելու: Պարոն Կարայանը առաջարկեց պատգամավորներին ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա տեղեկացրեց, որ 2009 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածը եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությունը եւ դրան առնչվող «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությունը, որոնցով սահմանվում են նոր պահանջներ օրենքների նախագծերի քննարկման եւ ներկայացման գործընթացների վերաբերյալ: Ըստ պարոն Սաֆարյանի` առաջադրված պահանջները թեեւ միտված են օրինաստեղծ բնագավառում աշխատանքների թափանցիկության եւ արդյունավետության բարելավմանը, այնուամենայնիվ, հաշվի չեն առնվել բյուջետային գործընթացի առանձնահատկությունները: Ներկայացված նախագծերով առաջարկվում է վերոնշյալ հակասությունների հարթեցման տարբերակ, ըստ որի կառավարության բյուջետային ուղերձը հանդիսանում է «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման յուրահատուկ փաստաթուղթ, որը փոխարինում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները: Տեղեկացվեց, որ պետական բյուջեին վերաբերող օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների փուլը սկսվում է պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում, պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով առաջին անգամ (մինչեւ Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների սկիզբը) ներկայացնելիս «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ ամփոփաթերթ չի ներկայացվում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը:

Ելնելով հարցի կարեւորությունից` արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ կառավարությունը, 2009 թ. կատարելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ, սահմանեց օրենքների նախագծերի քննարկման գործընթացի նոր պահանջներ օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման գործընթաց իրականացնելու, մինչ օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը այդ նախագծի վերաբերյալ 15 օրվանից ոչ պակաս տեւողությամբ հանրային քննարկում կազմակերպելու եւ դրա արդյունքներով ընդունված դիտողությունների ու առաջարկությունների մասին Ազգային ժողովին տեղեկատվություն տրամադրելու ու ստացված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ օրենքի նախագիծը ամփոփաթերթով լրացնելու մասին: Սակայն, տիկին Պետրոսյանը նկատեց, որ առ այսօր ոչ ազդեցության գնահատման եզրակացությունն է ստացվել եւ ոչ էլ հանրային քվեարկության վերաբերյալ ամփոփաթերթերը: ԱԺ փոխնախագահը տարակուսում է, եթե չէին իրականացվելու օրենսդրական վերոնշյալ փոփոխությունները, ապա ինչու՞ ընդունվեցին: Նրա դիտարկմամբ` առաջարկվող օրենսդրական փոփոխությունները պետք է լինեն իրատեսական եւ կիրառելի:

Իրենց առաջարկները ելույթների միջոցով ներկայացրին ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Վարդան Բոստանջյանը: Պարոն Մինասյանն առաջարկում է հանրային քննարկումներին միասնական ձեւաչափով մասնակից դարձնել Ազգային ժողովին, կառավարությանը եւ քաղաքացիական հասարակությանը: Վարդան Բոստանջյանը կարեւորեց ազդեցության գնահատման եզրակացության ներկայացումը բյուջեի մասին օրենքի նախագծի ուղերձում:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:
 


18.03.2010
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փորձագետներին
Մարտի 18-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կովկասյան տարածաշրջանով զբաղվող  փորձագետներ Ջոն Ուիլյամսին, Փոլ Ստրոնսկուն եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Բարդ Փուդնիին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին  հայ-թուրքական հարաբերությունների կարգ...

18.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:  Զրուցակիցներն  անդրադարձել են  միջխորհրդարանական կառույցներում համագո...

18.03.2010
Հերթական բաց դասի մասնակիցները հանրապետության մարզերի երիտասարդներն էին
Մարտի 18-ին խորհրդարանում անցկացված հերթական բաց դասի մասնակիցները «Երեւանը` 5 օրում» քաղաքացիական հասարակության ծրագրի մասնակից 40 երիտասարդներն էին` հանրապետության տարբեր մարզերից: Բաց դասն անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խոսելով ԱԺ Բաց դռների քաղաքականաության եւ այդ շրջանակում յուրաքանչյո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am