Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամ պատգամավորներն այցելեցին հանրապետական զորահավաքակայան` ծանոթանալու զորակոչի ընթացքին:
Այցին մասնակցում էին նաեւ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ազգային ժողովի պատգամավորները հանդիպեցին զորահավաքակայանի սպայական եւ բժշկական անձնակազմին, զրուցեցին զորակոչիկների եւ նրանց
ծնողների հետ` տեղեկանալու, թե չկա՞ն արդյոք զորակոչին առնչվող բողոքներ եւ այն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված առաջարկներ:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում պարոն Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ գարնանային զորակոչն անցնում է նախատեսված ընթացքով, զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ զրույցներից համոզվեց, որ նրանք գիտակցում են հայրենիքին ծառայելու, երկրի սահմաններն անառիկ պահելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը:
Վերջում նա հավելեց, որ հանձնաժողովը մտադիր է ակտիվ համագործակցել պաշտպանական գերատեսչության տարբեր օղակների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, անհրաժեշտության դեպքում ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններով հանդես գալ` զինված ուժերի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: