Հունիսի 4-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը:
ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրեց հանձնաժողովի` ՀՀ Նախագահի աշխատակազմին ուղարկված գրության պատասխանը: Նշենք, որ հանձնաժողովը խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք ՀՀ նախագահի նստավայրում մարտյան իրադարձությունների ժամանակ գործել է որեւէ շտաբ, ինչին ի պատասխան ստացվել է ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի գրությունը, որում ասվում է. «Ձեր հարցման առնչությամբ հայտնում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում շտաբ չի ստեղծվել, հետեւաբար շտաբի իրավասության, գործունեության պլանների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ՀՀ նախագահի աշխատակազմում առկա չէ: Միաժամանակ, հաշվի առնելով արտակարգ դրություն հաստատելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրի հինգերորդ կետի պահանջները, ըստ որի` նշված հրամանագրի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության կողմից, տեղեկացնում եմ, որ ձեր գրությունն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ` հարցմանն ի պատասխան անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու միջնորդությամբ»:
Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունից եւս ստացվել է պարզաբանող գրություն, որում նշվում է. «Ի պատասխան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված 2009 թվականի մայիսի 8-ի Ձեր գրության` Ձեզ են ուղարկվում 2008 թվականի մարտի 2-ի ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից համատեղ հաստատված ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության կողմից հրատապ կարգով իրականացվող միջոցառումների պլանի եւ ՀՀ ոստիկանության պետի մոտ 2008 թվականի մարտի 2-ին կայացած օպերատիվ խորհրդակցությունների արձանագրությունների պատճենները»: 2008 թվականի մարտի 2-ին կայացած խորհրդակցության արձանագրությամբ հաստատվում է, որ նախատեսվում է ՀՀ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության զինծառայողների ուժերով ուժեղացնելՀՀ պետական պահպանության ենթակա եւ բնակչության կենսապահովման որոշ օբյեկտների պահպանությունը եւ անվտանգությունը: Երկրորդ կետով առաջարկվել է կազմավորել արտակարգ դրության ղեկավարման գլխավոր շտաբ` ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ եւ հետեւյալ կազմով` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ . րիգորյան, Երեւանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրով, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ս.Աֆյան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Երիցյան: Մյուս արձանագրության մեջ նշվում է, որ քննարկվել է ՀՀ նախագահի հրամանագրից բխող պլանը գործողության մեջ դնելու կարգը:
Հանձնաժողովի անդամ, ՆԺԿ ներկայացուցիչ Արամ Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք մարտի 1-ին գործել է որեւէ շտաբ, քանի որ ներկայացված արձանագրությունները փաստում են, որ խորհրդակցությունները տեղի են ունեցել մարտի 2-ին: Այս առնչությամբ ընթացավ քննարկում եւ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն Արամ Կարապետյանին առաջարկեց գրավոր ձեւակերպել իր հարցը, նշելով, որ այն հանձնաժողովի կողմից կուղարկվի համապատասխան մարմիններին:
Առաջարկ եղավ նույն հարցով դիմել նաեւ ՀՀ երկրորդ նախագահին, ինչն ընդունվեց:
Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը իրազեկեց, որ ստացվել է մարտյան դեպքերի առնչությամբ ստեղծված փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի նամակը, որով վերջինս տեղեկացնում է փաստահավաք խմբում իր գործունեության եւ իր աշխատանքի դադարեցման մասին: Ըստ պարոն Նիկոյանի` նշված նամակում տեսակետներից առավել գերակշռող են հարցադրումները:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ Արծվիկ Մինասյանի եւ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը, ինչպես տեղեկացրեց զեկուցող Արծվիկ Մինասյանը, ստեղծվել է` նկատի ունենալով ՀՀ նախագահի 2009 թվականի մայիսի 28-ին համաներում կիրառելու անհրաժեշտության մասին քաղաքական ուժերից եւ հանրային այլ կառույցներից առաջարկություններ ստանալու պատրաստակամությունը: Պարոն Մինասյանի կարծիքով` համաներում հայտարարելու դեպքում հասարակության մեջ էականորեն կթուլանա ձեւավորված լարվածությունը, կնպաստի քաղաքական ուժերի միջեւ առողջ երկխոսություն ծավալելուն:
Որոշման նախագծով, որը բաղկացած է երկու կետից, առաջարկվում է դիմել ՀՀ Նախագահին` ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան` համաներում (ընդհանուր համաներում) հայտարարելու միջնորդությամբ եւ երկրորդ` համաներումը չտարածել 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ մահացած անձանց մահվան հանգամանքներում, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով մեղադրվող անձանց նկատմամբ:
Որոշման նախագծի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում եղան որոշակի առաջարկներ, որոնք, ինչպես հավաստիացրեց պարոն Մինասյանը, մանրամասն կքննարկվեն, եւ անհրաժեշտության դեպքում նախագիծը կվերախմբագրվի: Այդ խմբագրությամբ որոշման նախագծին դեմ արտահայտվեց ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՆԺԿ ներկայացուցիչ Արամ Կարապետյանը. նրա կարծիքով` նախագծում պետք է հստակ ամրագրել, որ համաներումը չպետք է տարածվի սպանության մեղադրանքով դատապարտված անձանց վրա:
Ի պատասխան` Արծվիկ Մինասյանն ասաց, թե հնարավոր է, որ նախագծի երկրորդ կետի ձեւակերպումն անհաջող է. իրենք պատրաստ են համագործակցել եւ գտնել առավել ընդունելի ձեւակերպում:
Հանձնաժողովն ավարտեց նիստի աշխատանքը: