Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը
հանդիպեց Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջիեւի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է այցելել Հայաստանում Բուլղարիայի մշակույթի տարվա առիթով: Հանդիպմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ողջունելով հյուրերին` Արտակ Դավթյանը բարձր գնահատեց հայ-բուլղարական դարավոր հարաբերությունները եւ նշեց, որ բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում նախատեսված բազմաբովանդակ միջոցառումները առավել կսերտացնեն երկու ժողովուրդներին եւ կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանը:
Իր խոսքում Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջիեւը տեղեկացրեց, որ հաջորդ տարի Բուլղարիայում նախատեսվում է անցկացնել հայկական մշակույթի տարի եւ այդ նպատակով արդեն մշակվում են բազմապիսի ծրագրեր: Պարոն Տոկաջիեւը բարձր գնահատելով երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, հույս հայտնեց, որ մշակութային փոխշփումներն առավել կխորացնեն կապերը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պարոն Տոկաջիեւին առաջարկեց աջակցել, որպեսզի Հայաստան վերադարձվեն 1937-44 թվականներին Պլովդիվում Գարեգին Նժդեհի եւ հայ համայնքի կողմից հրատարակված «Ռազմիկ» պարբերականի 187 օրինակները, որոնցում լուսաբանվել է տեղի հայ համայնքի գործունեությունը : Պարոն Տոկաջիեւը խոստացավ անել հնարավորը եւ կարգավորել պատմական արժեք ունեցող պարբերականի վերադարձը Հայաստան: