Կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ եւ լրացումներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:
Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի ներկայացմամբ պահանջատիրոջ համաձայնության դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, նախատեսվում է հնարավորություն՝ բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա: Հիմնական զեկուցողը նշել է, որ նշված կարգավորումը, չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարեւորությունը, լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտպանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար:
Նախագծով առաջարկվում է նաեւ, որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի եկամուտների հանրագումարը պետք է պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: «Առաջարկվող կարգավորումը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական երաշխիքների ապահովման բնագավառում»,- մանրամասնել է Լեւոն Բալյանը:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ նախագիծը բխում է 2021-2026 թվականների ԴԱՀԿ-ի բարեփոխումների ռազմավարությունից եւ առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: