ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Հիմնական զեկուցողն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացին եւ դրա նախապատմությանը: «Այո՛, բանակցություններ պետք է լինեն, այո՛, սահմանազատում պետք է լինի, որը պետք է լինի սահմանազատման հիմքը, ոչ թե վերջնական թուղթը: Ըստ մեզ՝ սահմանազատման հիմքը պետք է լինեն 1993 թվականի փաստացի գործող սահմանները»,- ասել է զեկուցողը:
Հաջորդիվ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կողմից ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությանը: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով, այո, վարչապետին իրավունք է տրվում կազմել խորհրդակցական մարմիններ: Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը: Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով: Տարածքը դա այն տեղն է, այն հողն է, որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ որի վրա Հայաստանն ունի տիտղոս: Հետեւաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,- ասել է Արթուր Խաչատրյանը:
Նա նշել է, որ խմբակցությունն առաջարկում է ընդունել իրենց ներկայացրած ԱԺ հայտարարությունը, որտեղ հստակ նշվում է, թե ինչի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը:
«Սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ: Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում: Սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ: Սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով եւ հետո անցնեն սահմանագծման: Ինչպես նշեցի, սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը, եւ նաեւ ճանապարհների ապաշրջափակում, հաղորդակցության ուղիների նկատմամբ ամբողջական, միաժամանակյա ապաշրջափակում՝ ինքնիշխանության պահպանմամբ»,- ասել է Արթուր Խաչատրյանը:
Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ քննարկվող նախագիծն օրեր առաջ՝ ապրիլի 9-ին, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ քննարկվել է փակ ձեւաչափով եւ այն կարող էր քվեարկվել առանց քննարկման: Հարակից զեկուցողը նշել է, որ այսօր հնարավորություն է ընձեռվել հայտարարության տեքստը քննարկել նաեւ հրապարակային: «Հայտարարության նախագծով ընդդիմությունն ընդունում է, որ սահմանազատման իրավաքաղաքական հիմքը պետք է լինի կամ կարող է լինել ԱՊՀ անդամակցությունը: Սա լավ է: Սակայն բուն սահմանազատմանը վերաբերող պարբերության մեջ կա հետեւյալ նախադասությունը. «Երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման իրավաքաղաքական առաջնային հիմք համարվող ԱՊՀ անդամակցությունը հաշվի առնելով՝ որպես երկու երկրների սահմանազատման ելակետ պետք է դիտարկել Ադրբեջանական Հանրապետության՝ ԱՊՀ պաշտոնական անդամակցման պահին՝ 24 սեպտեմբերի 1993 թվականին, փաստացի գործող (գոյություն ունեցող սահմանները), (հաստատված շփման գիծը)»: Ահա այս նախադասության պատճառով ես առաջարկում եմ, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տա հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստ կրկին տանելու առաջարկին»,- պարզաբանել է Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ունի պետական սահման: «Այս նախադասությունն առաջարկում է հրաժարվել այդ սահմանից եւ որպես ելման կետ ընդունել 1993 թ. շփման գիծը, կամ այսպես կոչված, փաստացի գործող սահմանը, ինչն ադրբեջանական խոսույթ է: Սա բացարձակապես անընդունելի է, եւ Հայաստանի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ռիսկեր է պարունակում»,- ասել է նա:
Պատգամավորի խոսքով եթե Հայաստանն սկսի պաշտպանել 1993 թվականի շփման գիծը, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայաստանի այն տարածքներից, որոնք 1993 թվականից մինչ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո:
Քննարկման ընթացքում իրենց իրարամերժ տեսակետներն են հայտնել ընդդիմադիր եւ իշխող խմբակցությունների պատգամավորները:
Մասնավորապես հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել է, որ ներկայացված հայտարարության նախագիծն ընդհանրապես չի նպաստում Հայաստանի կառավարության հռչակած խաղաղության գործընթացին, այն հակոտնյա է Հայաստանի Հանրապետության պետական շահերին:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԺ հայտարարության նախագծին: