«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:
Խոսելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին պատգամավորը նշել է, որ կրթության մակարդակի բարձրացումը շատ կարեւոր է մեր երկրի ապագայի համար: Նա հավելել է, որ նպատակ կա կառուցելու ժամանակակից պայմաններին համահունչ եւ տեխնիկայով հագեցած ուսումնական համալիր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտությանը, անվտանգային խնդիրներին:
«Մեզ համար կարմիր գիծ է ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի մասին:
«Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, ուժեղացնենք մեր բանակը, դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը»,- ասել է պատգամավորը:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին: