National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.04.2024
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
1 / 1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Շնորհակալություն,

Պարո'ն նախագահ,

Հարգելի' գործընկերներ,

Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում:

«Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես որակի ցուցիչ բոլոր հարթություններում` ներառյալ կյանքի, շրջակա միջավայրի, անվտանգության եւ, իհարկե, ժողովրդավարության որակը:

Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելու արտոնությունը ժողովրդավարության բարձր որակի, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանքի վկայությունն է: Միեւնույն ժամանակ, այդ արտոնությունը երկնքից իջած բարիք չէ, եւ կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ամենօրյա ջանք գործադրի` պահպանելու մեր հիմնարար արժեքներին համապատասխանող ժողովրդավարության մակարդակը:

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների, հատկապես` այսօր, երբ մենք ականատես ենք լինում ագրեսիայի, պատերազմների խժդժությունների, ճգնաժամերի եւ անկայունության ամենաահասարսուռ դրսեւորումներին, ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Այստեղ` Եվրոպայի խորհրդում, մենք պետք է գործենք այն գիտակցմամբ, որ ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու եւ պահպանելու համար:

Ժողովրդավարական խաղաղությունը նաեւ առանց որեւէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է:

Տիկնա'յք եւ պարոնա'յք, մենք ապրում ենք վիթխարի տեխնոլոգիական առաջխաղացման դարաշրջանում: Թվային դարաշրջանը կտրուկ փոփոխել է մեր կյանքը` բացելով նոր հեռանկարներ եւ հնարավորություններ` միեւնույն ժամանակ բերելով իր հետ նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ խոչընդոտներ:

Մենք չենք կարող եւ չպետք է հակադարձենք տեխնոլոգիական առաջընթացին, բայց մենք ունենք համընդհանուր պարտավորություն` տեխնոլոգիական զարգացումները ծառայեցնել ժողովրդավարության առաջընթացին, եւ, հետեւաբար, մեր առաքելությունն է ապահովել ժողովրդավարական միջազգային իրավական հիմք տեխնոլոգիական զարգացումների` ներառյալ արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների կարգավորման համար:

Հարգելի' գործընկերներ, վերջին 75 տարիների ընթացքում մենք մշակել ենք ժողովրդավարության տարբեր հաջողված մոդելներ` հիմնված մեր հիմնարար արժեքների վրա: Այնուամենայնիվ, մենք չենք կարող ժխտել տարբեր անդամ պետություններում ժողովրդավարությունից նահանջելու խնդիրը: 
 
Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար, եւ մենք չպետք է թերագնահատենք մեր բոլորի վրա վերջինիս ունեցած ազդեցությունը:

Մենք պետք է ակտիվորեն դիմակայենք դրան եւ ժողովրդավարությունից նահանջի նկատմամբ կիրառենք արժեքների, այլ ոչ թե իրական քաղաքականության վրա հիմնված մոտեցում` հավասար վերաբերմունք դրսեւորելով ժողովրդավարությունից նահանջող բոլոր երկրների նկատմամբ:

Տիկնա'յք եւ պարոնա'յք, մեր կազմակերպության նպատակն է նպաստել իրական ժողովրդավարության կառուցմանը, այլ ոչ թե արհեստական, կեղծ, անվանական կամ այլ փոխարինորդների ձեւավորմանը, որտեղ ժողովրդավարությունն օգտագործվում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները եւ նրանց իրավախախտումները քողարկելու համար:

Ուստի, մեր առաքելությունը ժողովրդավարությունից նահանջելու վաղ կանխարգելման իրական մեխանիզմների մշակումն է ու ամբողջ Եվրոպայում իրական ժողովրդավարության կայացմանը նպաստելը:

Շնորհակալություն»: