ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը:
«Պարո՛ն նախագահ,
Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի եւ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինքնորոշման եւ դրա կիրառման նկատմամբ նման կանխակալ մոտեցումները դարձել են մայրցամաքում անկայունության հիմնական աղբյուրներից մեկը: Միջազգային կարգի ու արդարության հիմք լինելու փոխարեն այն դարձել է աշխարհաքաղաքական տեղաշարժերի բութ գործիք:
Ե՛վ Կոսովոն, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը 1990-ականների սկզբին հավասարապես լեգիտիմ գոյության իրավունք ունեին. նախկինում նրանք ինքնավար միավորներ էին սոցիալիստական հանրապետությունների կազմում:
Ներկայիս իրավիճակի ամբողջ անհեթեթությունը նրանում է, որ ամբողջատիրական Խորհրդային Միության մաս լինելով՝ Լեռնային Ղարաբաղն ուներ ինքնավար կարգավիճակ եւ ինքնակառավարում, մինչդեռ ժողովրդավարության դարաշրջանում եւ առավել լայն եվրոպական շրջանակում այն մնաց չճանաչված, իսկ նրա բնիկ ժողովուրդն էթնիկ զտման ենթարկվեց սեփական հայրենի հողերից:
Մինչդեռ կանխակալ մոտեցումներն ու երկակի ստանդարտները միջազգային հարաբերություններում խորացնում են քաոսն ու անորոշությունը, խթանում ավտորիտար միտումները եւ նվազեցնում ժողովրդավարական չափանիշները:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք՝ հայերս, կարիք կունենանք շատ բաներ վերսկսելու եւ նորովի մեկնարկելու: Առաջին հերթին մենք պետք է եվրոպական նոր եւ ապագա քաղաքական էլիտաներին պատմենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արմատների մասին եւ զուգահեռներ տանենք Կոսովոյի դեպքի հետ:
Կոսովոյի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կարող է Լեռնային Ղարաբաղի հայերին սեփական պատմական հայրենիքում ապագա ունենալու հույս ներշնչել:
Եթե Եվրոպան այսօր ուժեղ կամք դրսեւորի Կոսովոյի անկախության պաշտպանության նոր շրջանակ ընդունելու հարցում, ապա, կարծում եմ, նույն Եվրոպան պետք է հնարավորություններ գտնի՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի պատմական հայրենիք հայերի միասնական վերադարձին: Եվրոպայի խորհուրդը պետք է միանա Եվրոպական խորհրդարանի ջանքերին, որպեսզի օգնի նրանց միջազգային անվտանգության ամուր երաշխիքների ներքո իրենց քաղաքական ապագան հստակեցնելու եւ ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու հարցում: Հուսով եմ, որ Եվրոպայի խորհուրդը, ամրապնդելով Կոսովոյի անկախությունը, կարող է նաեւ վերահաստատել իր հանձնառությունը հիմնարար քաղաքական իրավունքների պաշտպանության ու պահպանման անկանխակալ մոտեցման հարցում:
ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության եւ մարդու իրավունքների հարց է, այլեւ էական է տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հաշտեցման խթանման համար: Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի»,- ասել է Արմեն Գեւորգյանը: