National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.04.2024
Առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
1 / 11

Պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ որոշմամբ այն կքննարկվի հատուկ ընթացակարգով. նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Հեղինակն առաջարկում է օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ պարբերությամբ՝ «2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է օգոստոսի 3-ին»:

«Ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցանքն է: Սա ոչ ճիշտ եւ ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք է եւ ուղիղ հետեւանք` 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության: Հայերի եւ եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, եւ մեր ճակատագրերը միշտ խաչվել են: Մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել եւ հայտնվել ենք նույն իրավիճակներում: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման  գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը եւ առաջնահերթությանը, 2014 թվականին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը: 2015 թվականին եզդիների ցեղասպանությունն Իրաքում դատապարտեցին ՀՀ ԱԺ խմբակցությունները, իսկ 2018 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովը»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքն է, երբ որեւէ պետություն իր համապատասխան օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը որպես հիշատակի օր:

Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ 21-րդ դարում` 2014 թվականին, աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, որը դեռեւս շարունակվում է. ավելի քան 2600 կանայք եւ աղջիկներ գտնվում են իսլամիստների ձեռքում, եւ անհայտ է նրանց ճակատագիրը, հարյուր հազարավոր եզդիներ էլ դեռեւս գտնվում են ճամբարներում: «Այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում, մեր աչքի առաջ, անընդունելի է»,- շեշտել է նա:

Հարակից զեկույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հաշվի առնելով հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հավատամքը ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում՝ առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին»,- ասել է նա:

Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ ցեղասպանության, ինչպես նաեւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նրա խոսքով Հայաստանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների եւ մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին:

«Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձեւը»,- տեղեկացրել է փոխնախարարը եւ հավելել, որ Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, ընդունել ԱԺ հայտարարություն 2018 թվականին:

Ելույթներում պատգամավորները, անդրադառնալով 2014 թվականի օգոստոսի 3-ին Սինջարի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, ընդգծել են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը: Նշվել է, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչել եւ ընդունել է 2014 թվականին Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը՝ դատապարտելով ժողովուրդների նկատմամբ իրականացված ոճրագործությունները: 2015 թվականին Երեւանում բացվել է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձան:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ համերաշխության եւ ապրումակցման մասին է այսօրվա   քննարկումը: «Մենք սիրո եւ հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում ոչ ոք իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել եւս՝ չցեղասպանվի: Մենք դատապարտման մեր խոսքն ենք ասում: ՀՀ-ն միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր: Եվ մենք շարունակելու ենք այդպիսին լինել, որովհետեւ մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհի ժողովուրդները երբեք չարժանանան հայ, եզդի, ասորի, հույն ժողովուրդների ճակատագրերին»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Եզրափակիչ ելույթում Ռուստամ Բաքոյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այն կկանխի իրականացվող ցեղասպանությունները: Ազգությամբ եզդի պատգամավորը նշել է, որ եզդիների մասնակցությունը պետականաշինության գործում այսօր էլ շարունակվում է:

Քվեարկությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել եւ ընդունել է նաեւ երկրորդ ընթերցմամբ:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:  


16.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 16-ին գումարել է արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կա...

16.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

16.04.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, ԼՀ Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am